«ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով՝ գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ». Լիլիթ Մակունց
«Կարծում եմ՝ ինչպես 2015 թվականին էր, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր, ըստ իս, նույն իրավիճակն է ԲՀԿ-ում: Այն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ մեծ հանրահավաք է անցկացնելու:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ 2015 թվականին, այդ համատեքստում արդյունքը բավականին կանխատեսելի է նաև այսօր:
Թե ո՞ր ուժերի ազդեցության տակ է ԲՀԿ-ն, Մակունցը պատասխանեց՝ տարբեր:
«Մեկնաբանությունները կթողնեմ Ձեզ, կարծում եմ՝ այն ժամանակ էլ տարբեր վերլուծություններ են հրապարակվել, թե, օրինակ, ԲՀԿ-ն 2015 թվականին ինչպիսի քաղաքական ուժերի կամ ուժի ազդեցության տակ էր: Խոսքը ՀՀ-ում գործող ուժի մասին է»,- նշեց Լիլիթ Մակունցը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում