Կորոնավիրուսով վարակված Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի հիվանդանոցներից մեկում՝ հետազոտություն անցնելու համար: Այդ մասին սեպտեմբերի 4-ին հաղորդել է Rainews24 իտալական հեռուստաալիքը:
«Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը գտնվում է San Raffaele հոսպիտալում՝ մի շարք ախտանշաններ հայտնաբերելուց հետո որպես նախազգուշական միջոցառում, սակայն նրա վիճակը անհանգստություն չի առաջացնում, նշում է հեռուստաալիքը:
Սեպտեմբերի 3-ին Բեռլուսկոնին, հեռախոսով դիմելով իր կուսակցության նախընտրական ցույցի մասնակիցներին, հայտնել է, թե ինքն այլեւս ջերմություն եւ ցավեր չունի:
Սեպտեմբերի 2-ին Բեռլուսկոնիի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարել էր նրա անձնական բժիշկը եւ San Raffaele-ի պրոֆեսոր Ալբերտո Ձանգրիլոն: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ քաղաքական գործիչի մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ ձեւով: COVID-19-ի թեստը, որը չորեքշաբթի օրը երեկոյան արվել էր San Raffaele հոսպիտալում, նույնպես դրական արդյունք էր տվել:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Բեռլուսկոնիի երկրորդ ամուսնությունից երկու զավակների՝ Լուիջիի եւ Բարբարայի մոտ օրերս նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակում: Նրանք գտնվում են Սարդինիայի առանձնատանը՝ մեկուսացման մեջ: Իտալական քաղաքականության նահապետն ինքը մտադիր է հիվանդության ժամանակաշրջանն անցկացնել Միլանի մերձակայքում գտնվող Արկորի իր նստավայրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: