«Մարդկանց լցրել են շիշը, մնացել է պլոմբեն ու ասեն՝ մեռեք». ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացի

Կառավարության դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Նրանք տարբեր պատճառներով են եկել Հայաստան, սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մնացել են այստեղ, իսկ ընտանիքի մյուս մասը Ռուսաստանում է:

Նրանք պահանջում էին, որպեսզի կառավարությունից որևէ ներկայացուցիչ իջնի և հանդիպի իրենց հետ և իրենց հարցին տա հստակ պատասխաններ, թե երբ կկարողանան մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

«Փետրվար ամսին եկել եմ անձնագիրս փոխելու և ծնողներիս տեսնելու: Երեխաներիս հետ եկել եմ Երևան, իսկ ամուսինս մնացել է Ռուսաստանում, ընտանիքը մասնատվում է: Շատ անգամ հավաքվել և դիմել ենք ԱԳՆ, պատասխանել են, որ բանակցում են, բայց մեզ ձեռք չի տալիս իրենց պատասխանը, ուզում ենք կոնկրետ պատասխաններ լսել: Մեզ թվում է, որ չեն բանակցում, եթե բանակցեին, ինչ-որ մի պատասխան կասեին»,- ասաց երիտասարդ մի կին:

Ակցիայի մասնակիցներն այսօր էլ ստորագրություններ հավաքեցին, գրանցեցին այն քաղաքացիներին անուններն ու հեռախոսահամարները, որոնք ցանկություն ունեն մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

«Դեսպանատուն էլ ենք գնացել, ասել են՝ դիմեք ձեր կառավարությանը: Կառավարությունից ասում են՝ մենք մեղավոր չենք, գնացեք դիմեք ՌԴ դեպանատուն, այնտեղից էլ ուղարկում են այստեղ, ո՞ւր գնանք: Թող մի պաշտոնյա հիմա գա և ասի, որ բանակցում են, ամսի 3-ին կամ ամսի 8-ին պարզ կլինի կամ պարզ չի լինելու, պարզ չի լինի մինչև հոկտեմբերի 12-ը, գնացեք հանգիստ նստեք: Կոնկրետ ժամկետներ ենք ուզում, որ մեզ ասեն»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Քաղաքացիներից Ջուլիետա Մելքոնյանն էլ ասաց, որ մի քանի անգամ է եկել կառավարության շենքի մոտ՝ հույսով, թե մի հստակ պատասխան կստանա, սակայն ապարդյուն:

«Արդեն 7-րդ, 8-րդ անգամն է՝ գալիս ենք այստեղ ու արհամարհված գնում ենք, կամ էլ մի 2 հոգի դուրս են գալիս, ասում են՝ կլուծենք այս հարցը, նույնիսկ համար են վերցրել մեզանից, ու ոչ մի բան, ոչ մի պատասխան մեզ չեն տալիս, ինչքա՞ն կարելի է մեզ արհամարհել, չի՛ կարելի: Տանս անդամները՝ տղաս, հարսս, այնտեղ են, աղջիկս ու փեսաս էլ եկան բուժման համար ու մնացին, իրենք էլ վարկերի տակ են, ինչի պատճառով տանը վեճ է ընկնում արդեն, շուտով բաժանվելու են իրարից, որովհետև անհնար է: Սահմանամերձ գոտի է, վարկ են վերցրել, բայց աշխատանք չկա, հիմա չգիտեն՝ այդ 4 միլիոն վարկը որտեղից են տալու, ճանապարհներն էլ չի բացվում, որ գոնե փեսաս գնա այնտեղ աշխատի, այնտեղ գործ ունի: Չգիտեմ՝ ի՞նչ է լինելու այս ժողովրդի վիճակը, խնդրում եմ, ցուցակագրեք, էլի մենք մեր գումարով գնանք-հասնենք մեր երեխեքին, ուրիշ ոչ մի պահանջ չունենք: Ասում են՝ կամ ձեր երեխան պետք է ռուսական քաղաքացիություն ունենա, կամ էլ ծնողը, ծնողները մահացած են, ծնողներ չունեմ, տղաս էլ նոր ամուսնացած է, հարսս քաղաքացիություն ունի, բայց չի կարողանում տանի: ՌԴ-ում Հայաստանի դեսպանություն է գնացել, ասել են՝ չէ, հնարավոր չէ, մինչև Հայաստանում կարանտինը չավարտվի, հնարավոր չէ, որ ՀՀ քաղաքացին մուտք գործի Ռուսաստանի Դաշնություն»,- ասաց քաղաքացին:

Կառավարություն եկած երիտասարդ մի կին էլ ասաց, որ 2 փոքրիկ երեխաների հետ եկել է Հայաստան, իսկ ամուսինը Ռուսաստանում է: Արտակարգ դրության պատճառով չեն կարողանում մեկնել ՌԴ, իսկ ամուսինն էլ չի կարող վերադառնալ, քանի որ այնտեղ հիմնական աշխատանք ունի:

«Երեխաներս իրենց հորը կարոտել են: Մեր ընտանիքը բաժանվել է 2 մասի. ես՝ երեխաներիս հետ, ամուսինս՝ մենակ: Ինքն էլ 2 ընտանիք է պահում, 2 տուն, այստեղ՝ վարձով, այնտեղ՝ վարձով, մինչև ե՞րբ»:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ամուսնու և 3 երեխաների հետ են եկել, կրկին արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մնացել են այստեղ: Երիտասարդ կնոջ խոսքով՝ կառավարության աջակցության ծրագրերի համար դիմել է, սակայն չի ստացել:

«Մեծ երեխաս 11 տարեկան է, միջնեկը՝ 5, ամենափոքրս էլ՝ 3 ամսական: Հայաստանի պայմաններում աշխատանք գտնելը շատ դժվար է, քանի որ մենք ամուսնացած ենք, երեխաների հետ ենք, ոչ մեկն աշխատանք չի տալիս՝ դուք չեք համապատասխանում: Հայաստանի քաղաքացի եմ, վարձով ապրող եմ, ունեմ 3 երեխա, բայց կառավարության տրամադրած ոչ մի աջակցությունից չեմ օգտվել: Օնլայն հայտով դիմել եմ, պատասխանել են՝ դուք ծրագրի շահառուն չեք, նույնիսկ զանգել եմ սոցապ, ասել են՝ դուք շահառու չեք: Մեր միակ պահանջն է, որ ճանապարհները բացեն, գնանք մեր ընտանիքներին հասնենք: Ո՞նց է ստացվում, որ Ռուսաստանը կարողանում է բանակցել և բացել սահմանները որոշ երկրների հետ, իսկ Հայաստանի հետ չի կարողանում բացել, վիրո՞ւսն է պատճառը, հես ա, ամսի 12-ից այս արտակարգ իրավիճակն էլ դուրս կգա, ի՞նչ պատճառաբանություններ պետք է բռնեն»,- ասաց քաղաքացին:

Ակցիայի մասնակիցները տարածքում նկատեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է սահմանները բացելու հարցը: Սինանյանն էլ պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, և, որ քաղաքացիները պետք է դիմեն պարետատուն և ԱԳՆ:

«Բանակցությունները վարում է պարետատունը, պարետի հետ պետք է այդ հարցը քննարկվի, ԱԳՆ-ի հետ: Մենք բանակցություններ չենք վարում, մենք սփյուռքով ենք զբաղվում, Հայաստան-Սփյուռք կապերով»,- ասաց Սինանյանը:

Լրագրողին դիտարկմանը՝ սա քայլ է, որ չթողնենք մեր քաղաքացիներն արտագաղթեն, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց.

«Բայց ո՞վ ասաց, որ մենք չենք թույլատրում: Դիմեք ԱԳՆ-ին և պարետին, որպեսզի պարզեք, թե ինչ է տեղի ունենում: Համոզված եմ, որ ինչ-որ բան արվում է, չեմ կասկածում դրանում»:

Ակցիայի մասնակիցներից էլ մի կին ասաց, որ նոր անձնագիր ստանալու համար էր վերադարձել Հայաստան, հիմա չի կարողանում վերադառնալ Ռուսաստան, որտեղ մեծ բիզնեսներ ունի, և որոնց չաշխատելու պատճառով՝ մարտ ամսից չի կարողանում փակել իր վարկերը:

«Ամեն ամիս 1 միլիոն վարկ եմ մուծել, բայց հիմա չեմ կարողանում, ո՞նց անեմ, իմ տունն էլ ձեռքիցս կառնեն, մեքենաներս էլ, ի՞նչ անեմ, ասեք, ճար ունե՞ք, մի բան ասեք՝ անեմ: Ես Հայաստանի քաղաքացի եմ, դեսպանատունն ինձ ի՞նչ պատասխան պետք է տա: Ոչ մի բան էլ չունեմ ասելու, մարդկանց լցրել են շիշը, փակել են, մնացել է, որ պլոմբը տան ու ասեն՝ մեռեք, վսյո, դա է մեր հանրապետությունը»,- դժգոհեց քաղաքացին:

Տեսանյութեր

Լրահոս