«Վերջնական լուծում չկա, թե Լևոն Հայրապետյանի արցախյան ունեցվածքն ինչպիսի իրավահաջորդ է ունենալու, ովքեր են լինելու սեփականատերերը, որ բանակցենք և կարողանանք այդ ռեսուրսներն օգտագործել». Արայիկ Հարությունյան
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած ասուլիսին 168.am-ը հիշեցրել է, որ 2017-ին, երբ դեռ Արցախի վարչապետն էր, հայտարարել էր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում սև խավիարի արտադրություն հիմնելու տնտեսական ծրագրի մասին, ըստ որի՝ տարեկան 15-20 տոննա սև խավիար էր նախատեսվում ստանալ:
Հայտարարվել էր, որ խավիարի արտադրությունն առավելագույն ծավալների կհասնի 6-7 տարվա ընթացքում, իսկ խավիարն ամբողջությամբ կարտահանվի։
Ի դեպ, 2015-ի հուլիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գործող սև խավիարի արտադրամասում տեղադրվել էր առաջին ձկնկիթը:
Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Արցախի ղեկավարը, չհիշատակելով ներդրողի անունը, ասաց. «Անունը չտամ, շվեյցարացի մեր ներդրողներից մեկն էր, ծրագիրը շարունակվում է, այն բաղկացած է 2 մասից. մի մասն իրականացվում է Մատաղիսում, մյուս մասը՝ ՀՀ-ում: Արտադրությունը կա, ծավալները, չեմ կարող ասել, թե ինչ թվերի են հասել: Բայց հետաքրքիր մի դիտարկում ասեմ. եթե տարիներ առաջ սև խավիարի արտահանումը եղել է պետության կողմից վերահսկվող, չէին թույլատրում, և, առհասարակ, աշխարհում համարվում էր շատ դեֆիցիտ ապրանք, այսօր շատ մեծ ավելցուկ կա: Արհեստական արտադրությունը մեծացել է, որը որակական առումով չի զիջում բնական արտադրությանը: Նախկինում սև խավիար հնարավոր էր ստանալ այն ձկներից, որոնք լինում են միայն Կասպից ծովում, Վոլգայում, այսինքն՝ ՌԴ, Իրան, Ադրբեջան, բայց այսօր Չինաստանը, Իսրայելն այնքան սև խավիար է արտադրում, որ ավելցուկ է աշխարհում: Մրցակցության հարցն ընկերության տիրույթում է լինելու՝ կարողանալո՞ւ են ավելի էժան և ավելի որակյալ արտադրանք տալ, այսօր արտադրելու համար որևէ խնդիր չկա ոչ միայն՝ այդ ընկերության, այլև՝ մյուսների: Հենց վաղն էլ արտադրության ծավալը կարող ենք մեծացնել մինչև 100 տոննա, ինքը՝ որպես արտադրություն, շատ ավելի հեշտ է, քան մենք պատկերացրել ենք: Բայց իրացման խնդիր կա»:
Մեր հաջորդ հարցադրմանը, թե Վանք գյուղն այսօր ինչո՞վ է ապրում, ի՞նչ խնդիրներ կան, քանի որ բարերար Լևոն Հայրապետյանի մահից հետո Վանք գյուղում սոցիալ-տնտեսական, աշխատանքային զբաղվածության հետ կապված խնդիրները սրվել են, Արցախի ղեկավարը նշեց, որ, ցավոք, գյուղի բնակիչների մեծ մասը գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, մի տեղամասում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում:
«Լևոն Հայրապետյանի կողմից ստեղծված փայտամշակման ֆաբրիկայում աշխատանքներ չեն իրականացվում արդեն մոտ 15 տարի, ժամանակ առ ժամաբակ դրանք փոքր ծավալներով էին կատարվում: Բայց ավելի շատ Լևոն Հայրապետյանի բարեգործական ծրագրերի շրջանակում էր ժողովուրդը զբաղված լինում, գումարներ էին տրամադրվում և աշխատանքներ էին կատարվում: Նրա մահից հետո այսօր, կարծեմ, վերջնական փուլում է գտնվում ժառանգության խնդիրը, բայց դեռ վերջնական լուծում չկա, թե արցախյան ունեցվածքն ինչպիսի իրավահաջորդ է ունենալու, ովքեր են լինելու սեփականատերերը, որոնց հետ բանակցենք, որպեսզի կարողանանք այդ ռեսուրսներն օգտագործենք՝ հյուրանոցներ, վերամշակման աշխատանքը»,- նշեց Արայիկ Հարությունյանը: