Լավրովը քննադատում է Երևանին և Բաքվին․ ՌԴ ԱԳ նախարարը փորձում է փրկել «Լավրովի պլա՞նը»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեմ է Հայաստանից և Ադրբեջանից հնչող՝ բանակցությունները մաքուր էջից սկսելու առաջարկներին։ Օրերս МГИМО-ի ուսանողների առաջ ունեցած ելույթի ժամանակ Լավրովը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթերում կա հանգուցալուծում, որը կարող է ապահովել արդարացիություն։
«Մեր գիծը հիմնվում է այն փաստաթղթային փաթեթի վրա, որը մշակվել է մոտ 18 տարվա ընթացքում։ Կան, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթերի թարմացված տարբերակները, որոնք հավանության են արժանացել կողմերի կողմից՝ որպես հետագա աշխատանքների համար հիմք։ Այդ փաստաթղթերը պահվում են ԵԱՀԿ քարտուղարությունում։ Հնչում են առաջարկներ այն մասին, որ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից և սկսել նոր մաքուր էջից, կամ էլ ինչ–որ «պլան Բ» գործարկել։ Մենք կարծում ենք, որ դա մեծ սխալ կլինի, և համոզված ենք, որ այս տարիների ընթացքում մշակվածը պետք է մնա՝ որպես հիմք մեր հետագա ջանքերի համար։ Ես մանրակրկիտ կերպով չեմ ներկայացնի, թե այնտեղ ինչ է համաձայնեցված։ Դա աշխատանքի գաղտնիացված մասն է։ Սակայն կարող եմ հավաստիացնել ձեզ, որ այնտեղ կա հանգուցալուծում, որը թույլ կտա ապահովել արդարացիություն և հայկական կողմի, և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների համար»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Ի դեպ, հարկ է հիշեցնել Լավրովի աղմկահարույց հայտարարություններից մեկը, որը հնչեց այս տարվա ապրիլի 21-ին․ նա հայտարարել էր, որ բանակցային սեղանին կարգավորման փուլային տարբերակ ենթադրող փաստաթղթերն են, որոնց հեղինակը Մոսկվան է, և կողմերին համապատասխան առաջարկներ ներկայացրել է դեռևս 2019 թվականին Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ։
«Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որոնք ակտիվորեն քննարկվում են: Այս փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիմքի վրա կարգավորման գործընթացի առաջմղում»,- Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գործող Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել էր Լավրովը:
Նրա խոսքով` հակամարտության կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջափակում»:
Սակայն նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ չի կարող լինել այնպիսի փուլային կարգավորում, որում ՀՀ առաջնահերթությունները, այն է՝ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը, մղվեն երկրորդ պլան։
«Հուլիսյան մարտերից առաջ բազմիցս ենք նշել, որ խաղաղ բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ, իսկ մարտերից հետո առաջնահերթությունը խաղաղ գործընթացի վերականգնման ուղղությամբ ջանքերի գործադրումն է։ Մենք հստակ ընդգծել ենք խաղաղ գործընթացում մեր գերակայությունը, Արցախի համապարփակ անվտանգության ապահովումը և Արցախի կարգավիճակը՝ այն է՝ առանց որևէ սահմանափակման ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով»,- այս մասին այսօր նշեց ՀՀ ԱԳն խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով վերոնշյալ փաստաթղթերի մասին հարցին։
ՀՀ իշխանությունները վերջին 2 տարիների ընթացքում բազմիցս են հայտարարել, որ իրենց խնդիրն է բանակցային գործընթացում հասնել մի այնպիսի լուծման, որը, նրանց խոսքով, մեր ժողովրդի համար ընդունելի կլինի, ավելին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երևան էր բերել նոր թեզ, համաձայն որի՝ կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը այդպես էլ որևէ դրական արձագանքի չարժանացավ հակառակորդի կողմից։ Ուստի չի բացառվում, որ Լավրովի կշտամբանքն ուղղված է ՀՀ իշխանություններին, սակայն ընդհանուր առմամբ վերջին շրջանում ռուսական կողմը կշտամբում է թե հայկական, թե ադրբեջանական կողմերին։
Օգոստոսի 26-ին Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում էլ որոշ մեսիջներ հնչեցին հենց ադրբեջանական կողմի համար այն մասին, որ անհապաղ հարկավոր է վերսկսել բանակցությունները, և բանակցային ձևաչափը փոփոխելու փորձերն անընդունելի են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թուրքական ռևերանսները ռուսական կողմն անարձագանք թողնել չէր կարող։
Զուգահեռաբար՝ ռուսական կողմը լավատեսություն է հայտնել այն մասին, որ կողմերը շահագրգռված են վերսկսել երկխոսությունը տավուշյան մարտերից հետո, հայկական կողմը ևս, ի դեմս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել է, որ հայկական կողմը պատրաստ է հանդիպել, և առաջնահերթությունն այսօր միջավայրը վերականգնելն է։ Իսկ Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում նշել էր, որ Բաքուն հույս ունի տեսնել Ռուսաստանի ակտիվությունը հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ մատնանշելով, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել այն։ ՌԴ ԱԳ նախարարի լավատեսությունը նախարարական շփման վերաբերյալ թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում հայտնի կդառնան Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հստակ ժամկետները, սակայն հայտնի չէ, թե ինչը կլինի բանակցային նոր ռաունդի բովանդակությունը։
Գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ ՌԴ արտգործնախարարի ցանկությունը՝ պահպանել բանակցային պատմության ընթացքում ձեռք բերված ժառանգությունը, բնական է, քանի որ ռուսական դիվանագիտությունը ևս ժամանակ ու այլ մեծ ռեսուրսներ է ծախսել դրա համար, և այդ փաստաթղթերից որոշները կազմվել են Մոսկվայի կողմից, այսինքն՝ դրանք Մոսկվան համարում է լավ փաթեթներ։
«Իրավիճակը բարդ է այնքանով, որ բանակցային ժառանգությունը կորցնել պետք չէ, և սկսել մաքուր էջից, սակայն այն, ինչ եղել է բանակցային սեղանին, չի բավարարել կողմերին, և երրորդ փաստարկը՝ ինչպիսի նոր առաջարկը կարող է բավարարել կողմերին, երբ ամենակարևոր հարցերում նրանք ունեն ամբողջովին տարբեր պատկերացումներ։ Մաքուր էջից սկսել հնարավոր չէ, և դրան դեմ է, փաստորեն, ռուսական միջնորդությունը, ուստի, եթե նոր պլաններ մշակվեն, պետք է նախկինները փոփոխվեն, կամ նոր փաթեթ մշակելիս օգտվեն նախորդից։ Սակայն այստեղ մեկ այլ հանգամանք ևս կա՝ ռուսական միջնորդությունը գուցե ցանկանում է առաջ մղել Լավրովյան պլանը և, տեսնելով կողմերի դիմադրությունը, քննադատում է՝ նշելով, որ կան արդարացի փաթեթներ։ Սակայն, ինչպես տեսնում ենք՝ որոշիչը կողմերի դիրքորոշումն է, այսօր թե՛ դրանք, թե՛ լավրովյան արձագանքները ցույց են տալիս, որ ոչ մի օրակարգ չկա:
Այսօր Հայաստանը խնդիր ունի շարունակել երկխոսել միջավայրի շուրջ, որպեսզի նոր բռնկումներ չլինեն, Ադրբեջանը խնդիր ունի երկխոսություն պարտադրել հայկական կողմին՝ կոնկրետ ադրբեջանամետ փաթեթների շուրջ Թուրքիայի հետ ճնշմամբ, իսկ Ռուսաստանը նպատակ ունի պահպանել միմիայն իր վերահսկողությունը հակամարտության կողմերի նկատմամբ՝ չկորցնելով նաև իր մշակած փաթեթները։ Արևմուտքն էլ, իր հերթին՝ իր առաջնահերթություններն ունի, որոնք այսօր լսելի չեն գալիք ընտրությունների և այլ զարգացումների պատճառով։ Ահա այսքան տարբեր խնդիրներ, որոնք պետք է միավորվեն մեկ գործընթացում և արդյունք տան, ինչը գրեթե անհնար է։ Եվ պատերազմի սպառնալիքը չափազանց մեծ է, դիվանագիտական ջանքերին զուգահեռ՝ պետք է պատրաստ լինել ռազմական սցենարների»,- ասաց վերլուծաբանը։