Բաժիններ՝

ՌԴ-ում մի շարք դպրոցներից հայոց լեզվի դասաժամերը հանվել են. այս հարցն անհապաղ լուծում է պահանջում

Սփյուռքահայ գաղթօջախներում միշտ կա հայապահպանության խնդիրը, իսկ դրա համար ոչ միայն հայեցի դաստիարակությունը, այլ նաև հայերենին տիրապետելն է կարևոր: Սակայն, պարզվում է, որ, օրինակ, Ռուսաստանում չկան ամենօրյա հայկական դպրոցներ, դասագրքերի հարցն էլ օդում կախված է:

Այս և այլ խնդիրների հետ կապված 168.am-ը զրուցել է Կրասնոդարի պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» ստեղծագործական զարգացման կենտրոնի հայրենագիտության ուսուցչուհի Կարինե Կատանյանի հետ, ով 2012 թվականից հեղինակել է Հայոց լեզվի ուսումնական ձեռնարկներ, որոնք հատուկ հրամաններով երաշխավորվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես Սփյուռքի հայկական դպրոցների դասագրքեր:

– Երկար ժամանակ է՝ բնակվում եք ՌԴ-ում, դասավանդում եք հայոց լեզու: Տեղյակ եմ, որ ինքներդ եք ծրագիր կազմում՝ դասավանդելու համար. բարդ չէ՞ և ինչո՞ւ ՀՀ-ում հաստատված ուսումնական ծրագրով չեք առաջնորդվում:

Սփյուռքում դասավանդումը խիստ տարբերվում է Հայաստանի դպրոցների դասավանդումից, որովհետև այստեղ հայերենը ցավալի է, բայց երեխաների համար համարվում է օտար, երկրորդ լեզու: Դա է պատճառը, որ ամբողջովին տարբերվում է նաև դասավանդման մեթոդը, այսինքն, ուսուցանվում է՝ որպես երկրորդ լեզու, բայց այս դեպքում էլ կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Ծրագիրը դեռ բավական չէ՝ սփյուռքում դասավանդելու համար: Կան երեխաներ, որոնք հաճախում են հայերենի դասերի, լավ խոսում են, գրում, կարդում, և նրանց ավելի խորացված պետք է ուսուցանել հայոց լեզուն, հայոց պատմությունը, ծանոթացնել մշակույթին, բայց կան երեխաներ, ովքեր խոսում, տիրապետում են լեզվին, բայց գրել-կարդալ չգիտեն, և նպատակն է՝ զարգացնել գրավոր խոսքը: Սա, իհարկե, այլ մոտեցում է պահանջում:

Լինում են նաև երեխաներ, ովքեր հասկանում են, բայց չեն խոսում կամ ընդհանրապես չեն խոսում: Այսինքն՝ մեկ ընդհանուր ծրագիրը չի կարող բավարարել բոլորի ցանկությունները: Դա է պատճառը, որ, իրոք, խնդիրներ կան, և դրանք պետք է լուծել:

Դասավանդելու համար ծրագրերն անձամբ եմ կազմում, քանի որ աշխատում եմ պետական համակարգում: Նշեմ, որ Կրասնոդարում 3 տարբեր շրջաններում բացվել են հայերենի դասեր, հայ ուսուցիչներն անվճար պարապում են երեխաների հետ, իհարկե, շնորհակալություն Ռուսաստանի Դաշնությանը, որ տալիս է նման հնարավորություն, մենք ստանում ենք նաև պետական աշխատավարձ՝ նրանց առաջ քաշած պայմանները կատարելու համար: Այսինքն, ծրագիրը, ամեն ինչ պետք է արվի իրենց չափանիշերով: 12 տարի է՝ հայերեն եմ դասավանդում, հիմնականում ռուսախոս երեխաներ են դիմում, և իմ կազմած ծրագիրը համապատասխանում է նրանց պահանջներին:

Կրասնոդարում չկա հանրակրթական դպրոց, որտեղ ուսուցանվում է հայոց լեզու, սակայն կա երկու հայկական եկեղեցի, որոնց կից՝ կիրակնօրյա դպրոցներ, որտեղ շատ լավ կազմակերպվում է հայերենի ուսուցումը, հայերի միության «Մաշտոց» դպրոցը, և, իհարկե, լրացուցիչ կրթության այս համակարգը:

Ծրագիրը կազմել ենք Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային ինքնավարության Պաշկովկայի դպրոցի ուսմասվար, բանասիրական գիտությունների թեկնածու Երազիկ Հարությունյանի հետ՝ պետական համակարգի չափորոշիչների համաձայն:

Այն 8 տարվա ծրագիր է, բաժանված է տարիքային 3 խմբի՝ «Փոքր Մհեր» (5-8 տարեկանների համար), «Սասունցի Դավիթ» (8-15 տարեկանների համար) և «Մեծ Մհեր» (15-ից բարձր տարեկանների համար)՝ 3-ական և 2 տարի տևողությամբ:

Այս ծրագիրը նրանով է յուրահատուկ, որ կուրսը կարելի է ամբողջությամբ անցնել, այսինքն՝ մեկը մյուսին լրացնում է:

Վերջերս հեղինակել եք նաև սփյուռքահայության համար միակ այբբենարանը: Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են օգտվել:

– «Սասունցի Դավիթ այբբենարանը» առայժմ միակ այբբենարանն է սփյուռքահայության համար, որը հրատարակվել է հայերենի բոլոր ուղղագրություններով՝ անգլերենի և ռուսերենի (արևելահայերեն ժամանակակից) հիմքի վրա։

Այդ մեծ գործի նախաձեռնությունն իր վրա էր վերցրել Լոնդոնի Գ Թահթաեան Կիրակնօրյա Ազգային վարժարանի տնօրինուհի Ռուզաննա Թաթուլյանը, որի հետ միասին մենք մոտ երկու տարի քրտնաջան աշխատել ենք՝ պահպանելով գրքի ընդհանուր բովանդակությունը և տեսքը։ Դա բավականին դժվար աշխատանք էր, որի մասին նույնիսկ պատկերացում չունեինք որոշումը կայացնելիս։ Սակայն մեր աշխատանքը բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր, և մենք հաճույքով այն հասցրեցինք իր ավարտին։ Այդ ընթացքում մեզ հետ էին Լոնդոնի Հայ Հիմնարկի արևելահայերենի դասախոս, գիտությունների դոկտոր (Doctor of Philosophy PHD) Գագիկ Ստեփան-Սարգիսյանը, Լոնդոնի Գ Թահթաեան Կիրակնօրյա Ազգային վարժարանի արևմտահայերենի ուսուցչուհիներ Լենա Գյուլխանճյանը, Սօսի Երիցյանը։ Էջադրումը և ձևավորումը Տատյանա Վոդյանայայինն է, որը նույնպես սրտացավորեն մոտեցավ այս գործին։
Դասագրքերի տպագրությունն իր վրա է վերցրել «Մարի հրատարակչություն» ՍՊԸ-ն, որպեսզի միանգամից տպագրվի Հայաստանում և ԿԳՄՍՆ-ի միջոցով տարածվի ամբողջ աշխարհում: Հարցի լուծումն ընթացքի մեջ է, պայմանագիրն արդեն կա ԿԳՄՍՆ-ի հետ: Սա, ինչ-որ տեղ, իմ երազանքի կատարումն էր:

– Ռուսաստանը պահանջում է, որ դասագրքերը հրատարակված լինեն ՌԴ-ում, իսկ ՀՀ-ն՝ Հայաստանում: Ո՞րն է սրա լուծումը՝ ըստ Ձեզ:

– ՌԴ-ում ունենք հայաբնակ վայրեր, և տեղի հանրակրթական դպրոցներում ուսուցանվում է հայոց լեզու, դասաժամային առարկա է, սակայն անցած տարի շատ դպրոցներից հանվել է: Պյատիգորսկում կար դպրոց, որտեղից արդեն հանել են դասաժամը: Շատ դպրոցներ, որտեղ սովորում են հայերեն, նման վտանգի առջև են կանգնած: Ի՞նչ է նշանակում՝ հայաբնակ տարածքում հայերենի դասաժամը հանելը, այն, որ, եթե հիմա հանում ենք, 10-ամյակներ հետո այդ տարածքն արդեն հայաբնակ անվանել չի կարելի, որովհետև իրոք լեզուն կորցնելով՝ մենք կորցնում ենք ազգը: Պատճառն այն էր, որ չկային դասագրքեր, որոնք ընդգրկված էին ՌԴ դասագրքերի ցանկում: Այնպիսի ազգեր ունեն դասագրքեր, որ ուղղակի ցավալի է, երբ տեսնում ես՝ չկա հայերենը: Ու դա է պատճառը, որ փակվում է: Մենք չենք կարող մեղադրել ՌԴ-ին՝ դա իր պայմանն է. ասում են՝ խնդրեմ, ստեղծե՛ք դասագրքեր, թող ընդգրկվեն այդ ցուցակում, և պարապեք: Անցած տարի լուծումը գտանք: Կրթության նախարարությանը կից կան մի քանի հրատարակչություններ, որոնցից մեկն էլ Կրասնոդարում է: Տվեցին լուծում, որ, եթե այդ գրքերը տպագրվեն հենց այդ հրատարակչությունում, ապա տնօրենը թույլ կտա այդ դասագրքերով պարապել ու չփակել: Եվ ես անհատույց իմ գրքերի պատրաստի ֆայլերը տվեցի այդ հրատարակչությանը, իրենք տպեցին ու բավականին թանկ գնով վաճառեցին դպրոցներին: Իհարկե, դա բարձր եմ գնահատում, չթողեցինք, որ մի շարք դպրոցներ փակվեին:

Այս հարցն անհապաղ լուծում է պահանջում, գիտեմ, որ անցած տարի երկու երկրների կրթության նախարարությունների միջև ինչ-որ համաձայնություն եղավ, բայց դա թղթի վրա մնաց: Լուծումը գտնելու համար նախարարությունները բարձր մակարդակով պետք է քննարկեն, պայմանագրեր կնքեն, ՌԴ-ն թույլ տա ՀՀ-ում կամ այստեղ հրատարակված գրքերով պարապել:

– Շա՞տ են հայ երեխաների ծնողները, ովքեր ցանկություն են հայտնում, որպեսզի նրանք մասնակցեն հայերենի դասընթացների, թե՞ նախընտրում են միայն ռուսական դպրոցները:

– Այստեղ աշխատում եմ ոչ միայն՝ որպես հայերենի ուսուցիչ, այլ աշխատում եմ նաև ռուս երեխաների հետ, ղեկավարում եմ նախադպրոցական զարգացման ստուդիան: Չգիտեմ՝ ճի՞շտ եմ անում, թե՞ ոչ, բայց եթե մեկ հայ երեխա գրանցվում է ստուդիա գալու համար, ծնողի առջև պայման եմ դնում, որ կընդունեմ, եթե բերեն հայերենի դասերի: Շատերին համոզում եմ, ոմանց այդպես էլ չի ստացվում: Հայերը Ռուսաստան տեղափոխվել են տարբեր ժամանակներում՝  Հայոց ցեղասպանությունից, 1988թ. երկրաժարժից հետո, իսկ վերջին տարիներին եկածների մեծ մասը, չգիտես՝ ինչու, կոտրված ռուսերենով պատասխանելով՝ ասում է, թե բա թող ռուսերեն սովորեն երեխաները: Շատ ցավալի հարց է սա: Սփյուռքի հայերենի ուսուցիչը շատ ավելի պատասխանատու է իր գործի առջև, որովհետև եթե այստեղ դասերը չհետաքրքրեցին երեխաներին, հնարավոր է՝ հետո ամբողջ կյանքում չցանկանան սովորել հայերեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս