Թուրքիան մոտենում է Արցախյան կարգավորման գործընթացին․ Ռուսաստանը նոր աշխատանք կսկսի Ադրբեջանի հետ, ի՞նչ պետք է անի Հայաստանը
Տավուշյան սրացումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտնվել է ադրբեջանաթուրքական հերթական «գրոհի» տակ: Արցախյան հիմնահարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հեղինակազրկելու, թուլացնելու, ինչպես նաև կարգավորման գործընթացը Թուրքիա-Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելու գործին այս անգամ կցված են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի իշխանությունները՝ համապատասխան գործողություններով, ինչպես նաև՝ որոշ փորձագիտական շրջանակներ։
Օգոստոսի 26-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքելով այդ միտումներին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հստակեցրեց, որ ձևաչափը փոխելուն միտված փորձերն անընդունելի են և աննպատակահարմար։
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանն է անդրադարձել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը շարունակում է և շարունակելու է աջակցել այդ միջնորդական ձևաչափին։
«Բոլոր փորձերը՝ կասկածի տակ դնել համանախագահների աշխատանքը, որը, բացի այլ հանգամանքներից, զսպող գործոն է էսկալացիայի տեսանկյունից, ինչպես նաև ճնշումներ գործադրել առկա ձևաչափի նկատմամբ, անընդունելի են»,- նշել է Մնացականյանը՝ միևնույն ժամանակ արդյունավետ և անհրաժեշտ որակելով Մոսկվայի ջանքերը։
Ինչպես հայտնի է, տավուշյան սրացումից հետո Մոսկվան է ակտիվորեն աշխատում Մնացականյան-Բայրամով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, և որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբեր ամսին։ Սակայն մինչ Մոսկվա մեկնելն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը նշել էր, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշակի երաշխիքների առկայության դեպքում Ադրբեջանը կվերադառնա բանակցային սեղան, սրան զուգահեռ՝ Հայաստանը շեշտակիորեն ավելացրել է իր հռետորաբանությունում 2016 թվականի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգին հղումները։ Չնայած նման հակասություններին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՈ-ում հայտարարել է, որ իր տպավորությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն լարվածության նվազման շահագրգռություն, և դա արել է Մնացականյանի և Բայրամովի հետ իր վերջին շփումներից հետո։ Հարկ է նկատել, որ այս սրացումից հետո բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում Թուրքիան՝ Թուրքիայի իշխանությունները ոչ միայն ակտիվ կապ են պահպանում Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանությունների հետ տվյալ թեմայի առնչությամբ, այլև անում են աննախադեպ հայտարարություններ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Թուրքիայի իշխանություններն այլևս չեն խորշում պաշտոնապես իրենց որակել Արցախյան հիմնահարցի կողմ, ինչն ըստ էության ոտնձգություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի նկատմամբ։
Atlantic Council-ում գրված հոդվածում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զսպման գոյություն ունեցող միջազգային միջնորդական մեխանիզմը, կարծես, հարմար չէ օգտագործման համար, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդ է 1992 թվականից, սակայն խմբի մանդատը նրա ուշադրությունը սահմանափակում է Լեռնային Ղարաբաղով և նրան կից 7 շրջաններով, այլ ոչ թե Հայաստանի տարածքով։ Իսկ Անկարան և Մոսկվան, նրա խոսքով, կարող են լրացնել դիվանագիտական վակուումը և իրենց դաշնակիցներին համոզել վերադառնալ բանակցային սեղանի մոտ։
«Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի հետ շատ ուղղություններով կոշտ տարաձայնություններին, Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցներն իմաստուն կվարվեն, եթե խրախուսեն այսպիսի ձևաչափը։ Այլընտրանքը կարող է լինել զգացմունքների փոխադարձ էսկալացիան, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական լարվածությունը։ Չնայած ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կարողանա դիմանալ լայնածավալ պատերազմին, նույնիսկ ավելի սահմանափակ ռազմական հակամարտությունը կարող է ոչնչացնել ռազմավարական ակտիվները, որոնցից կախված են ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն։ Միակ շահառուները կլինեն Ռուսաստանը, Իրանը և, հհնարավոր է, Չինաստանն ու նրա «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը»,- գրել է Մեթյու Բրայզան՝ փորձելով անուղղակիորեն մեծացնել կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարությունը։
Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ Մինսկի խումբը տապալելու փորձեր եղել են մշտապես, քանի որ դա այնպիսի ձևաչափ է, որը չեզոքացնում է միակողմանի քայլերը և միակողմանի լուծումները հակամարտության որևէ կողմի օգտին կամ քայլերը միջնորդներից մեկի կողմից։
Սա, նրա որակմամբ, անվտանգ ձևաչափ է թե՛ միջնորդների, թե՛ կողմերի համար։
«Այս ձևաչափի շրջանակում ԱՄՆ-ը ու Ռուսաստանն իրենց հարաբերությունների ամենաբարդ փուլերում են համատեղ աշխատել, Ռուսաստանի ակտիվությունը երբեմն չի կաշկանդել նաև Արևմուտքին, չնայած մրցակցություն ևս եղել է։ ԵԱՀԿ Մինսկի խումբը կատարում է իր միջնորդական առաքելությունը, երբեմն ուշացնում է որոշ քայլեր, երբեմն ուշադրությունը ևս այնքան բարձր մակարդակի վրա չէ, դրանից բողոքում են բոլոր երկրներում և այն բոլոր փորձագետները, որոնք հետևում են հակամարտության ընթացքին։ Սակայն սա միակ անվտանգ ձևաչափն է, որի երբեմն պասիվ կեցվածքը փոխհատուցում է ռուսական դիվանագիտությունն իր ակտիվությամբ, որը խնդիր չեն դիտարկում մյուս միջնորդ երկրները»,- ասաց Մաքֆարլեյնը։
Նրա խոսքով, Թուրքիայի ազդեցությունը հակամարտության ընթացքի վրա կա և ավելի մեծ մասնակցության դեպքում այն շատ ավելին ու անվերահսկելի է լինելու Արևմուտքի համար։
«Ադրբեջանը ներկայումս կարող է չենթարկվել Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ կոչերին՝ վերադառնալ բանակցային սեղան, ու այդ սցենարի դեպքում կա Թուրքիան, որը կարող է միանալ գործընթացին և համոզել Ադրբեջանին, սակայն այդ աշխատանքը դրանով չի սահմանափակվի, կարծում եմ, և դրան դեմ են բոլոր միջնորդ երկրները, թեև կա լուրջ աշխատանք այդ ուղղությամբ։ Թուրքիայի հարաբերություններն այսօր վատթարանում են արևմտյան բոլոր երկրների ու կենտրոնների, ինչպես նաև Ռուսաստանի հետ, և նման հաշվարկների իրագործում թույլ տալը կլինի միամտություն, պետք է փորձել չեզոքացնել այդ ջանքերը, և դա կարող է անել ինքը՝ Մինսկի խումբը, ականջալուր լինելով այն քննադատություններին, որոնք հնչում են։ Ըստ էության այդ առիթները տրվում են նաև միջնորդների կողմից, նրանք պետք է ակտիվ և նախաձեռնողական լինեն»,- ասաց Մաքֆարլեյնը։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը նման սցենար թույլ չի տա, քանի որ դա չի բխում իր և տարածաշրջանի անվտանգության շահերից։
Նրա գնահատմամբ՝ ներկայումս Թուրքիան անկանխատեսելի գործընկեր է դառնում Ռուսաստանի համար նաև այն ոլորտներում, որտեղ եղել է ավանդական լավ համագործակցություն։
«Ռուսաստանը հաշվի է առնում թուրքական քաղաքականության բոլոր նոր միտումները։ Ռուսաստանը նկատում է նաև Թուրքիայի անդրկովկասյան հավակնությունները, սակայն, կարծում եմ՝ դրանք ժամանակավոր բնույթ կկրեն և հեշտորեն ետ կմղվեն։ Ռուսաստանն այս գոտում ևս չի ցանկանում երկխոսության մեջ մտնել Թուրքիայի հետ, թեև Թուրքիան նախաձեռնողական է դարձել, և Ռուսաստանը չի կարող հրաժարվել քննարկումներից, սակայն քննարկելն այլ հարց է, մասնակցելը կարգավորման գործընթացին՝ մեկ այլ։ Ըստ իս, Ռուսաստանը կսկսի այլ որակով աշխատել Ադրբեջանի հետ չեզոքացնելու համար այդ վտանգները, կարծում եմ՝ որոշակի աշխատանք արդեն սկսվել է, Հայաստանն էլ իր հերթին՝ պետք է աշխատի բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի հետ խնդրահարույց հարաբերություններ ունեցող երկրների ու Ռուսաստանի հետ ինտենսիվորեն»,- ասաց նա։