Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցները ԿԳՄՍՆ-ի կողմից դեռ աշխատանքի ոչ մի առաջարկ չեն ստացել
Կառավարությունն իր օգոստոսի 27-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի («Դոնոր») կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների կառավարիչ հանդիսացող Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» նամակ-համաձայնագրի (Դրամաշնորհ թիվ TF0B2692) ստորագրման առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. ««ԵՄ-ն հանուն նորարարության. գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2020 թվականին՝ դրամաշնորհային ծրագրի անհրաժեշտ իրավական փաստաթղթերի վավերացումից հետո:
Ծրագիրը միտված է լինելու նոր ստեղծվելիք «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի (ԿԶՆԱԿ) կարողությունների հզորացմանը՝ ձևավորելով և ներդնելով դասավանդման որակի վրա ազդող, ինչպես նաև Տավուշի մարզում ԳՏՃՄ առարկաների կրթական միջավայրի բարելավմանը՝ մարզի հիմնական և միջնակարգ դպրոցներին համապատասխան լաբորատոր սարքավորումներով և գույքով, համակարգչային տեխնիկայով ապահովելու միջոցով:
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ը, որը ստեղծվելու է Կրթության ազգային ինստիտուտի հենքի վրա, պետք է իրականացնի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման գործառույթները:
ԿԱԻ նախկին աշխատակիցներից Նունե Ամիրյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման համար ևս ժամանակ է պահանջվելու, քանի որ ճիշտ է՝ որոշում կա, բայց այն դեռ պետք է Պետռեգիստրում գրանցվի, հոգաբարձուների խորհրդի նիստ լինի, նախագահ, տնօրեն ընտրվի, ամեն պաշտոնի նկարագիրը լինի, ապա նոր մրցույթ հայտարարվի:
«Բոլոր շրջաններում մասնաճյուղեր ունեինք, մոտ 400 աշխատակից էր, փաստորեն, հիմա մասնաճյուղեր չեն բացվելու: Միայն Երևանում է լինելու, չնայած մեզ նախկինում ասել են, որ մտածում են՝ մասնաճյուղեր կամ գոնե փոքր կենտրոններ ունենալ մարզպետարանների կրթության վարչությունում, բայց նման բան ես չտեսա հիմնավորումում: Հիմա ԿԱԻ-ն ոչ թե վերապատրաստում է անելու, այլ կազմակերպելու է վերապատրաստումներ: Տարբեր, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ կարող են մասնակցել և շահել մրցույթը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նունե Ամիրյանը:
Ինչ վերաբերում է Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցներին, ապա նրանց աշխատանքի անցնելու վերաբերյալ դեռևս ոչինչ չեն ասել:
«Նախկին աշխատակիցներից ոմանք աշխատանք գտել են, ոմանք՝ ոչ: Բայց ԿԳՄՍՆ-ի կողմից ոչ մի առաջարկ չի եղել: Ասել էին, որ բոլորի հետ հավասար պայմաններում կգնանք մրցույթի մասնակցելու»,- նշեց մեր զրուցակիցը:
Խոսելով ԿԱԻ կարևորության մասին՝ Նունե Ամիրրյանը նկատեց. «Եթե կենտրոնը լիներ՝ Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչների վերաբերյալ գոնե մասնագիտական քննարկում, նախնական ինչ-որ փուլ կլիներ, որը միշտ է եղել: Տարբեր տեսակի փորձաքննություն միշտ այդ հիմնարկն է արել, ինչպես նաև քննարկումների կազմակերպումը: Մասնագիտական քննարկումների կազմակերպում կլիներ, ոչ թե հանրային ասուլիսների ձևով ու այսքան մեծ աղմուկով կկատարվեր ամեն ինչ»:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ն 2019թ. փետրվարի 14-ին իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել, որ ԿԱԻ ՓԲԸ-ն լուծարվելու է, ստեղծվելու է կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: Նախկին աշխատակիցների և նախարարության վերջին հանդիպումը կայացել է 2020թ. օգոստոսի առաջին տասնօրյակում: