«Մարդիկ 8 ամիս տանջվել են դաշտերում: Դադարեցնե՞նք, այգիները կտրե՞նք, վերջացնենք, նստենք դատարկ». խաղողագործ 

Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ, Այգեվան ու հարակից գյուղերի խաղողագործներն առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում: Գյուղացիների դժգոհության և ակցիայի հիմնական պատճառը մթերվող խաղողի  գնային քաղաքականությունն է, որի մասին գյուղացիները նոր են տեղեկացել: Հավաքվածների խոսքով՝ եկել է  վերջին օրը, նոր «գին են դնում գյուղացիների դեմը»:

«Խաղողի գինն էջեցրել են 135 դրամ: Անցյալ տարի եղել ա 150-160՝ տեխնիկական կոնյակի սորտ խաղողը: Իսկ տեխնիկական գինու սորտը՝ 230, 220, 240: Էս տարի 160 դրամ ա գինու տեխնիկական սորտը: Էդի Պռոշյանի գինու, կոնյակի գործարանը: «Արարատ»-ից խաբար չունենք, «Նոյ»-ից խաբար չունենք, «Նոյ»-ն էլ որոշ տվյալներով՝ ասում են 130 դրամ»,- ակցիայի ընթացքում ասաց խաղողագործ Կարեն Սիսակյանը:

Խաղողագործի խոսքով՝ իրենց հիմնական մասն ունի երկարաժամկետ պայմանագրեր, բայց դրանցում խաղողի մթերման գինը նշված չէ: Գինն ամեն տարի որոշում են մթերող ընկերությունները:

«Նախանցալ տարի ձայն բարձրացրինք, ասինք, որ գարունը մեզի գին ասեն: Էս տարի գարունը կոնյակի գործարանը ասել ա՝ 155 դրամ, ապրիլին, մինակ Արարատ կոնյակի գործարանը, բայց էսօրվա դրությամբ իմացել ենք, որ 140-ի խոսակցություններ ա էթում: Տոննաժները, մարդկանց պայմանագրերը, առանց որևիցե մի պատասխանի, 15-20 տոննանոց պայմանագրերը, առանց որևիցե մի պատասխանի, Արարատի կոնյակի գործարանը կրճատել ա»,- ասաց Կարեն Սիսակյանը:

Մեկ այլ խաղողագործ էլ նշեց, թե այս տարի առանց որևէ բան ասելու խաղող մթերող ընկերությունը դադարեցրել է իր հետ պայմանագիրը, ու հիմա կանգնել է լուրջ խնդիրների առաջ:

«Անցած տարի 50 տոննա խաղող եմ տվել, էս տարի գարունը բացվավ, զանգեցինք, ասինք՝ «մեր խաղողի պայմանագիրը ո՞նց ա լինում», ասին՝ «սպասեք, նոր ծրագիր պիտի գա»: Լավ, սպասենք մի ամիս, երկու ամիս, ոչ մի ծրագիր չեկավ, լրիվ ցուցակից հանեցին: Պատճառն ի՞նչ ա՝ չենք իմանում: Մեր խնդրանքն էն ա, որ հերվա գնով, 150 դրամով խաղողն ընդունեն, կանյաչնին, ինչ անցած տարի մարդիկ խաղող են հանձնել, էդ չափով խաղողը ընդունեն: Մեր խնդրանքն էդ ա, ուրիշ բան չենք ուզում իրանցից»,- ասաց խողողագործը:

Հավաքվածների խոսքով պետությունը սուբսիդավորել է գործարաններին, որ խաղող մթերեն ու չնվազեցնեն գյուղացիներից գնվող խաղողի արժեքը, բայց գործարանները պետությունից սուբսիդավորվելուն զուգահեռ՝ իջեցրել են մթերման գինը՝ այն դարձնելով 135 դրամ: Այդ դեպքում, ըստ խաղողագործների, գյուղացին ստանալու է կիլոգրամից 15-20 դրամ գումար շահույթ, ինչը, նրանց խոսքով, բացարձակ ձեռնտու չէ ոչ մեկին:

«Էս գործընթացը հարատևելու ա մինչև լուծում տալը: Պարտադիր պետք ա լուծում ստացվի: Մարդիկ 8 ամիս տանջվել են դաշտերում, էսօրվա օրը կառավարությունը գումարը հատկացրել ա, իրենք իջեցնում են գները, վերջիվերջո, ինչ ա ստացվում, էդ հավելավճարը ո՞ւր ա գնում, ի՞նչ իրավունքով: Վերջապես պիտի կարողանա մարդը արժեք ստանալ իր տանջանքի դիմաց: Իսկ հիմա թույլ չեն տալիս: Եթե կառավարական լծակները նման լիազորություններ չունեն, որպեսզի ազդեն, ասենք, գործարանատերերի վրա կամ ընդունող կետերի վրա, մենք չգիտենք էլ՝ ինչ պիտի անենք: Դադարեցնե՞նք, այգիները կտրե՞նք, վերջացնենք, նստե՞նք դատարկ»,- դժգոհեց գյուղացիներից մեկը:

Հավաքվածների հետ հանդիպեց Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը և ասաց, թե գնային քաղաքականությունը որոշում են մթերողները, ու այդ հարցում պետությունը չի կարող ոչինչ անել: Ըստ փոխմարզպետի՝ իր լիազորությունների շրջանակներում պետությունն ինչ ուներ անելու, արել է:

«Էն ծրագրերը, որ պետությունն է իրականացնում, էդ ծրագրերը միտված են, որ կարգավորեն: Ընդունենք, որ պետական ծրագրերը չիրականացվեցին, ես համոզված եմ, որ ձեզնից էդ գնով էլ չէին վերցնի: Համոզված եմ: Այսինքն՝ պետությունն արդեն գործառույթը մշակել ա ու իրականացրել ա, որ ավելի վատ չլիներ»,- ասաց փոխմարզպետը:

Տեսանյութեր

Լրահոս