«Կառավարությունն իր քիթը չպետք է խոթի բիզնեսի մեջ, իսկ սա բիզնես է և պետք է մնա գյուղացիներին». Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտի մասին
Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր տնտեսական ոլորտի վերլուծաբանների, մեկնաբանների հետ, որտեղ անդրադարձել էր տնտեսության ոլորտի մի շարք խնդիրների։
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ ժամանակին գյուղատնտեսական որոշ ճյուղերի զարգացման համար, բացի պետական ներդրումներից, ուղղակի պրոտեկցիա էին իրականացնում: Անուղղակի ձևով ուղղակի պրոտեկցիա.
«Օրինակ, 1997-1998 թվականներին հավի ձուն 90 տոկոսով ներմուծվում էր: Ինչ ենք մենք արել. հանդիպել եմ մարդկանց հետ, որոնք նախկինում այդ փորձն ունեցել են, ասել եմ՝ ինչքա՞ն ժամանակ է պետք, եթե ձեզ ամբողջությամբ այդ հնարավորությունը տանք: Ասել են՝ 2 տարում շուկան ամբողջությամբ կփակենք: Մենք սահմանափակումներ էինք իրականացնում Թուրքիայից: Երկու տարում զրոյի հասցրեցինք ձվի ներմուծումը, հետո սկսեցինք արտահանել Վրաստան: Նաև կերի վրայից ենք հարկերը հանել, իրենց վարկային միջոցներ ենք տվել: Այն ժամանակ դեռ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէինք, և այդ գործիքների, սահմանափակումների կիրառումը հնարավոր էր: Չկա պետություն, որտեղ պետությունը կանգնած չլինի գյուղացու կողքին»,- նշել էր Ռ. Քոչարյանը։
Խոսելով պարտադիր սպանդանոցային մորթի մասին, նա ասել էր, որ պետությունը պետք է սուբսիդավորի որոշակի ծախսեր:
«Պետությունը պետք է իր վրա վերցնի այդ գործառույթը, կազմակերպի, աշխատեցնի, երկու տարի հետո մասնավորեցնի: Եթե դու մի բան արգելում ես, պարտադրում ես, որ մարդիկ քո ուզածն անեն, դու պետք է ծախսի առյուծի բաժինը քո վրա վերցնես: Ես այս հարցում ուրիշ ձևով կանեի։ Բոլոր մեծ գյուղերում ուղղակի պետական ծրագրով փոքր սպանդանոցներ կսարքեի: Գյուղի կամ միգուցե մոտակա մի քանի գյուղի համար դա դառնում է համայնքային սեփականություն, կամ ջրօգտագործողների միության պես մի բան, և գյուղացիք իրար հետ շատ լավ պայմանավորվում են: Եթե պետությունը դա չի անում, ո՞վ պետք է անի»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:
168.am-ի հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին՝ նշեց, որ
ժամանակին իրենց միավորումը Ռ. Քոչարյանի հետ առհասարակ որևէ շփում չի ունեցել, ճիշտ է՝ նա ֆերմերների հետ տարին երկու անգամ հանդիպել է, սակայն իրենք այդ հանդիպումներին չեն մասնակցել։
«Այդուհանդերձ, ես չեմ կարող չասել, որ Քոչարյանի ժամանակ մեկ շատ լավ բան կատարվեց՝ սուբսիդավորվեց հացազգիների արտադրության խթանումը, գումարը ստացավ ոչ թե բանկը, այլ ուղիղ գյուղացին։ Մեկ-երկու տարում ցորենի ցանքատարածությունները շեշտակի ավելացան։ Ի դեպ, մենք այս առաջարկությունն այդ ժամանակ ուղարկել էինք նախագահի աշխատակազմ։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը խթանեց այդ առաջարկությունը, և դրա արդյունքում ունեցանք հացազգիների ցանքատարածքների և բերքատվության ավելացում։ Այդ ժամանակ գյուղացին նաև օգտվում էր պետությունից պարարտանյութ ստանալու հնարավորությունից»,- ասաց Հրաչ Բերբերյանը։
Նա նաև հավելեց, որ ՀՀ երկրորդ նախագահի հետ հանդիպած տնտեսական լրագրողները գյուղատնտեսության վերաբերյալ ամենակարևոր շեշտադրումը չարեցին, որ այսօր գյուղատնտեսությունը շատ լուրջ ռեֆորմների կարիք ունի՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով։
Այս առումով, ըստ Հ. Բերբերյանի, այն, ինչ արել է Հրանտ Բագրատյանն իր վարչապետ աշխատած տարիներին, դրանից հետ որևէ օրենսդրական բարեփոխում տեղի չի ունեցել։
«Իհարկե, հնարավոր է և կարելի է ավելի բարելավել գյուղացու վիճակը, բայց ինչևիցե, որևէ մեկը դրան ուշադրություն չի դարձնում։ Եթե նայում ենք երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, ապա կարող եմ ասել, որ Քոչարյանի ժամանակ գյուղացու վիճակն ավելի բարվոք էր, քան այսօր է։ Այսօր մեր Կառավարությունը գյուղացու անվան տակ խթանում է բանկերին, որը մեր կողմից անընդունելի է։ Միայն գյուղացու ու քաղաքացիների հարկերի հաշվին չաղանում են։ Գյուղացու անվան տակ Կառավարությունը ֆինանսավորում է գինու, պահածոների գործարանները, հետևաբար, եթե մենք ուզում ենք գյուղացուն օգնել, պետք է օգնենք գյուղմթերք արտադրողին»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Ինչ վերաբերում է սպանդանոցային մորթի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, Հրաչ Բերբերյանը նկատեց՝ սպանդանոցների հարցը եկել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունից, և այն գաղափարը, որն այսօր առաջ է քաշում Ռ. Քոչարյանը՝ իրատեսական է և կարող է ավելի արդյունավետ լինել։
«Շատ են բարդացնում, պետք չէ այդպես անել, մարզպետներին հանձնարարել, նախարարներին ասել, ամեն գյուղում գյուղապետը կարող է կազմակերպել ու գյուղացիների հետ միասին կառուցել այդ սպանդանոցը։ Մենք երբ խոսում ենք գյուղացիների հետ, ասում են, որ սպանդանոցները մեկ-երկու օր կաշխատեն, երրորդ օրը կփակվեն, պետք է սպանդանոցը գյուղում կառուցվի, որ արդյունավետ լինի։ Ուսումնասիրությունները սխալ են կատարել, և զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, թե ովքեր են ղեկավարում ոլորտը։
Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները կրթություն են ստացել արտասահմանյան փողոցներում, զարմանում եմ, որ հարց են քննարկում։ Այդ հարցը Կառավարության խնդիրը չէ, Կառավարությունն իր քիթը չպետք է խոթի բիզնեսի մեջ, իսկ սա բիզնես է և պետք է մնա գյուղացիներին։ Կառավարությունից միայն հասնում է լավ օրենքների մշակում։ Պետք չէր, էլի, Լոնդոնի փողոցներում ման գալ, հետո գալ Կառավարությունում նստել»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։