Բաժիններ՝

Կիբեռիմունիտետը պետք է ներկառուցված լինի կազմակերպությունների մեջ՝ մարդու իմունային համակարգի նման. Արմեն Կարապետյան

Նոր կորոնավիրուսի համավարակն արագացրեց բիզնեսի տրանսֆորմացիան դեպի թվային, առցանց միջավայր, և այդ գործընթացում կշահեն այն կազմակերպությունները, որոնք առավելագույնս կապահովեն իրենց կիբեռանվտանգությունը։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Կիբեռանվտանգության ապահովման տեսանկյունից նա կարևորեց կազմակերպություններում կիբեռիմունիտետի ներդրումը, որի անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել է «Կասպերսկի» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։ «Կիբեռիմունիտետի հիմնական իմաստն այն է, որ միջավայրը, որտեղ բիզնեսը կամ անհատն աշխատում է, ի սկզբանե լռելյայն պաշտպանված լինեն, և անվտանգության բաղադրիչը պետք է ներկառուցված լինի մարդու իմունային համակարգի նման»,- պարզաբանեց Արմեն Կարապետյանը՝ հավելելով, որ ցանկացած համակարգ, որքան էլ այն կատարյալ լինի, կարող է կրել մարդկային գործոնի, սխալի ազդեցությունը։ Այդ պատճառով ընկերությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում կազմակերպությունների անձնակազմի ուսուցմանը։

Նշելով, որ կիբեռհանցագործների քանակը, գործիքակազմը և նրանց գրոհների քանակն ու հաճախականություն անընդհատ մեծանում է՝ նա նկատեց, որ «Կասպերսկի»-ին հաջողվում է միշտ մեկ քայլ առաջ լինել կիբեռհանցագործներից՝ կազմակերպություններին առաջարկելով գլոբալ թվային անվտանգության հետ կապված արդյունավետ լուծումներ։ Եվ եթե սկզբնական շրջանում, տարիներ առաջ «Կասպերսկի»-ն դիրքավորվում էր որպես հակավիրուսային ընկերություն, ապա այժմ դա կիբեռանվտանգության խոշոր ընկերություն է, որի լուծումների հակավիրուսային հատվածը ընդամենը մի մաս է կազմում անվտանգության այլ լուծումների շարքում։  «Մենք մեր սեփական տեխնոլոգիաների արդյունավետությունը զգացինք հատկապես այն ժամանակ, երբ թիրախային կիբեռգրոհ կազմակերպվեց «Կասպերսկի» ընկերության դեմ, և մենք հաջողությամբ հետ մղեցինք այն։ Ընդ որում, նման գրոհ կազմակերպելու համար անհրաժեշտ էին հսկայական ռեսուրսներ»,- ընդգծեց Արմեն Կարապետյանը՝ նկատելով, որ ընկերության հաջողության գրավականը մարդկային ռեսուրսների բարձր որակն է, նորահայտ վիրուսների հայտնաբերման արագությունը, ինչպես նաև թաքնված թիրախային գրոհների հայտնաբերման ունակությունները։ Դա են վկայում նաև միջազգային անկախ փորձագիտական վարկանիշները, որտեղ «Կասպերսկի»-ն միշտ ամենաբարձր տեղերն է զբաղեցնում։

Ինչ վերաբերում է «Կասպերսկի»-ի նոր լուծումներին, Արմեն Կարապետյանի խոսքով, դրանց կարելի է ծանոթանալ ընկերության կայքում, և կազմակերպությունները կարող են դիմել «Կասպերսկի»-ին՝ նոր լուծումներին ծանոթացման, փորձարկման և ներդրման հարցերով։ Ընկերությունը պատրաստ է հավուր պատշաճի ներկայացնել լուծումները դիմած կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության մասնագետներին և իրականացնել դրանց ներդրման անվճար պիլոտային ծրագրեր։

Անդրադառնալով հարցին, թե որոնք են սարքեր վիրուսների ներթափանցման հիմնական ուղիները, փորձագետը պարազաբանեց, որ այդ ուղիներն են համացանցը և տարբեր կրիչները։ Ընդ որում, համացանցում ամպային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը վարակվելու ռիսկայնությունը չի փոքրացնում, քանի որ այդ տեխնոլոգիաները նույնպես խոցելի են։ «Ժամանակակից միտումն այն է, որ առօրյայում օգտագործվող ժամանակակից բոլոր իրերն ունեն հասանելիություն համացանցին. սկսվել է ինտերնետային իրերի դարաշրջանը, և որքան սարքերը խելացի են, այնքան խոցելի են դառնում, և եթե դրանց ֆիզիկական անվտանգության հարցի լուծումը հեշտանում է, այնքան թվային անվտանգության հարցը ավելի արդիական և հրամայական է դառնում»,- պարզաբանեց Արմեն Կարապետյանը՝ հավելելով, որ թվային աշխարհը պակաս վտանգավոր չէ, քան ֆիզիկական աշխարհը։ Եվ այդ աշխարհների տարբերությունը գնալով փոքրանում է, գնալով դրանք դառնում են մեկ միասնական աշխարհ։ Ցանցահենների գործունեությունը կարող է պարունակել արդեն իրական աշխարհի լուրջ վտանգներ, քանի որ երբ տարբեր կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների (օրինակ՝ էներգետիկայի, տրանսպորտի) վրա թիրախային գրոհներ են լինում, դրանք կարող են լինել խոշորածավալ վթարների առիթ։

Զանգվածային կիբեռգրոհների դեպքում ցանցահենները վարակված սարքերը կարող են օգտագործել այլ օբեկտների վրա DDoS գրոհների կազմակերպման համար, ինչպես նաև հափշտակել, օգտագործել մարդկանց և կազմակերպությունների սարքերում եղած տեղեկատվությունը, կամ՝ փորձել գումար շորթել ծածկագրող վիրուսների ծածկագրած ֆայլերին հասանելիությունը վերադարձնելու համար։

Սարքերը վնասաբեր ծրագրերով վարակվելուց զերծ պահելու համար Արմեն Կարապետյանը տնային օգտատերերին և կազմակերպություններին խորհուրդ տվեց պահպանել համացանցի օգտագործման հիգիենան, մասնավորապես, չմտնել կասկածելի կայքեր, սարքերում և սերվերներում տեղադրել հուսալի լիցենզիոն, ցանկալի է՝ հուսալի վճարովի հակավիրուս,  միացնել դրա թարմացման գործառույթը, օգտագործել լիցենզիոն օպերացիոն համակարգ, լիցենզիոն և պարբերաբար թարմացվող ծրագրեր, քանի որ թարմացումներով տեղադրվում են նաև անվտանգության բաղադրիչները։ Բացի այդ, անհրաժեշտ է որևէ կրիչի վրա պարբերաբար պատճենել կարևոր տեղեկատվությունը, ֆայլերը։ «Վտանգների մեծ մասը գալիս է էլեկտրոնային նամակների միջոցով. եթե անծանոթ տեղից նամակ է ստացվում, ցանկալի է ընդհանրապես չբացել այն, և չբացել նամակին կից եկող հղումները և ֆայլերը։ Բացի այդ, եթե կա նման նամակին կից ֆայլերը կարդալու անհրաժեշտություն, այն չարժե բացել հենց նամակի մեջ, այլ ներբեռնել համակարգիչ և ներբեռնելուց անմիջապես հետո անպայմանորեն ստուգել հակավիրուսով»,- պարզաբանեց փորձագետը՝ շեշտելով, որ այս բոլոր կանոնները պահպանելու դեպքում կիբեռվտանգներն զգալիորեն պակասում են։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս