Ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն ավելի են սրվում, և դա վտանգ է նաև Ղարաբաղյան հակամարտության համար․ վերլուծաբան

Տավուշյան սրացմանը հաջորդած թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ինտենսիվ աշխատել Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի ուղղությամբ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ըստ էության, աննախադեպ հայտարարություն է արել՝ ասելով, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։ Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է՝ որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով, որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի, և բոլորը պետք է հասկանան դա։

Ավելի վաղ Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հանդիպման ժամանակ Լավրովն ակնարկել էր կարգավորման ձևաչափը փոխելուն ուղղված փորձերի անթույլատրելիության մասին, ակնարկելով Թուրքիայի ապակառուցողական ջանքերի մասին։ Թերևս, սա ևս առաջին անգամն էր, երբ ռուսական դիվանագիտությունը նման կերպ էր արձագանքում Թուրքիայի դերին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Տավուշյան սրացման օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չխորշեց նշել նաև, որ Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը Թուրքիան է, ինչը Ռուսաստանի համար «ցավոտ» հայտարարություն էր։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ վերջին բախումներից հետո ակնհայտ է դառնում, որ այս թեմայի շուրջ սրվում են նաև ռուս-թուրքական տրամադրությունները, քանի որ Ադրբեջանի դրդմամբ և ակնկալիքով Թուրքիան ավելի համարձակ քայլերի է դիմում՝ բարձրաստիճան հեռախոսազանգեր Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի թեմայով, բազմաթիվ հայտարարություններ, սպառնալիքներ և այլն, Ադրբեջանի կողմից թուրքական խաղաքարտի ակտիվ շահարկում։

«Այս միտումը կարող է զարգանալ երկու ուղղությամբ, որոնցից մեկն ավելի բարդ ու անցանկալի սցենար է, մյուսը՝ ավելի մեղմ»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը։

Ըստ նրա՝ այդ առճակատումը կարող է սրվել, ինչը չի կարող բարենպաստ ազդեցություն ունենալ կոնֆլիկտի գոտում տիրող իրավիճակի վրա, կարող են լինել բազմաձևաչափ ճնշումներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ու Ռուսաստանի հետ ոչ այնքան համաձայնեցված և Ռուսաստանի համար ոչ ընդունելի քայլեր։

Երկրորդը, նրա խոսքով, այն է, որ այս փուլը կավարտվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ակտիվությամբ։

«Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի՝ հակամարտության կողմ լինելու հանգամանքին, ապա այստեղ էլ կա մի քանի հարթություն, Թուրքիան անուղղակիորեն մասնակցել է հակամարտությանը՝ ռազմական և քաղաքական, դիվանագիտական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին, իսկ իրականությունն այն է, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ երկիր է, բայց համանախագահ երկիր չէ և չի կարող լինել, ու այստեղ գործին պետք է կցվի նաև Հայաստանի դիվանագիտությունը՝ ցույց տալու համար հակամարտության շուրջ առկա ապակառուցողական մոտեցումները, որոնք է՛լ ավելի են սրում առկա առանց այն էլ սրված տրամադրությունները։

Ի տարբերություն Թուրքիայի և այն հանգամանքի, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը շարունակում է պահպանել լուրջ հավասարակշռություն կողմերի միջև՝ հատկապես Ադրբեջանի վերջին հայտարարությունների ֆոնին։

Զուգահեռաբար իրականացնում է իր դաշնակցային պարտավորությունները, որոնցից նեղվում է ադրբեջանական կողմը։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ չափազանց բարդ է, և ամեն զարգացման հնարավորություն կա, քանի որ էլ ավելի են սրվում ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, և դա վտանգ է նաև Ղարաբաղյան հակամարտության համար, Թուրքիան փոխում է իր քաղաքականությունը տարածաշրջանում, ինչպես նաև ՌԴ-ի հետ հարաբերություններում, փորձելով ազատվել ավանդական գազային կախվածությունից, փորձելով կառուցել ավելի անկախ էներգետիկ համակարգ, ինչը թելադրող գործոն կդառնա երկկողմ հարաբերություններում՝ իր բոլոր հետևանքներով, և դա արտահայտվում է նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ առկա իրավիճակում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս