«Հնարավոր չէ զարգացնել համակարգերը՝ անընդհատ նորմատիվ առումով ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարելով». Անահիտ Մանասյան  

«Ըստ էության ես դեմ եմ քվեարկել ոչ թե այս կամ այն մոդելին, այլ դեմ եմ քվեարկել այն հայեցակարգային հիմնադրույթներին, որոնք մենք, որպես այդպիսին, փորձ ենք կատարելու կամ փորձ ենք կատարում ՀՀ-ում իրականացնել»,- «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը:

Անահիտ Մանասյանի խոսքով՝ իր  համար ընդունելի են սահմանադրական արդարադատության բոլոր մոդելները, ու նա բոլոր մոդելներն արդյունավետ է համարում:

«Ինձ մոտ հարց է առաջանում այն մասին, թե, եթե մինչ այս պահը մենք չենք  կարողացել յուրացնել և պատշաճ ձևով իրացնել այն բոլոր լուծումները, որոնք սահմանադրական արդարադատության այն մոդելն է տալիս, որը ՀՀ-ում է կիրառված, ո՞րն է երաշխիքը, որ մենք կարողանալու ենք դա իրացնել սահմանադրական արդարադատության որևէ այլ մոդելի շրջանակներում: Ավելին ասեմ, արդարադատության մոդելները բոլորն էլ ունեն՝ ինչպես առավելություններ, այնպես էլ՝ թերություններ: Եվ սովորաբար առավելություններն ի հայտ են գալիս ավելի տեսական մակարդակում, որովհետև շատ գեղեցիկ բառերով մենք շատ հիանալի ձևով կարող ենք տեսական ցանկացած կոնցեպտ էլ հիմնավորել, բայց թերությունները սովորաբար ի հայտ են գալիս այդ մոդելների կիրառման ընթացքում»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Անդրադառնալով հայեցակարգի շրջանակներում հաճախ մեջբերվող էստոնական հաջողված օրինակին, Մանասյանը նշեց, թե Էստոնիայում շատ մասնագետներ այն համարում են չհաջողված:

«Այո, շատ գեղեցիկ և մարդկանց ականջներին հաճո է թվում այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատությունը կարող է ապակենտրոնացվել, և տարբեր դատարաններ կարող են իրենց գործերի քննության ընթացքում լուծել սահմանադրականության հետ կապված հարցեր, բայց այստեղ մի քանի հանգամանքներ կուզենայի արձանագրել:

Ըստ էության սահմանադրական արդարադատության այն մոդելը, որն այս պահին Հայաստանում է կիրառվում, և սա ես ինքս նշել եմ հանձնաժողովի բազմաթիվ նիստերում, և պարոն Մազմանյանն էլ ըստ էության դրան այստեղ անդրադարձ կատարեց, հնարավորություն տալիս է և նաև պարտադիր է համարում, որպեսզի բոլոր դատարաններն իրենց գործերի քննության ընթացքում սահմանադրական նորմերը մեկնաբանեն և անմիջականորեն կիրառեն։  Եվ հիմնական առանձնահատկությունն այստեղ կայանում է նրանում, որ պարզապես վերջնական պաշտոնական մեկնաբանություն տվող սուբյեկտը հենց Սահմանադրական դատարանն է: Այս պայմաններում ես փորձում եմ հասկանալ այն կոնցեպտուալ տարբերությունը, որը գոյություն ունի այս երկու լուծումների շրջանակներում և ըստ էության այդ տարբերությունը չեմ կարողանում ինձ համար տեսանելի համարել»,- ասաց Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հայեցակարգում ներառված այն փոփոխությանը, որով ցանկանում են ընդհանուր իրավասության բոլոր ատյաններին իրենց վարույթում քննվող գործերով օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն տալ:

Երկրորդ հարցը, որին քննարկման ժամանակ անդրադարձավ սահմանադրագետը, վեր հանված խնդիրների ու սահմանադրական արդարադատության մոդելների կապն է:

«Այն բոլոր խնդիրները, որոնք ախտորոշված են, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի  որոշումների կատարման ոչ այնքան պատշաճ մակարդակը, Սահմանադրության նորմերի կիրառման հետ կապված խնդիրները, և այլն, սրանք, ըստ էության, նախ մի մասը որևէ ուղղակի կապի մեջ չի գտնվում մոդելների փոփոխության հետ, որովհետև արդեն, ինչպես նշեցի, սահմանադրական արդարադատության բոլոր մոդելների շրջանակներում էլ կան լուծումներ»,- ասաց Մանասյանը:

Ըստ նրա՝ օրինակ, Գերմանիան ունի Դաշնային Սահմանադրական դատարան, իսկ  ԱՄՆ-ը ունի Գերագույն դատարան,  երկուսն էլ հաջողված մոդելներ են: Սրան զուգահեռ՝ կան նաև նույն մոդելների չհաջողված օրինակները:

«Անընդհատ հարց է բարձրաձայնվում այն մասին, որ դատարանները չեն կիրառում Սահմանադրությունը: Նախ՝ ինձ հետաքրքիր է, թե որտեղի՞ց այս պաշտոնական վիճակագրությունը կամ հետազոտությունը, որովհետև ես որևէ տեղ չեմ հանդիպել նման հետազոտության, վիճակագրության: Հակառակ պնդումը կարող եմ անել, որ այսօր կան բազմաթիվ դատարաններ և բազմաթիվ դատավորներ, ովքեր իրենց գործերի լուծումը տալիս են հենց սահմանադրական տարբեր նորմերի մեկնաբանության և կիրառման արդյունքում, հետևաբար՝ այս միանշանակ պնդումը չեմ համարում այնքան էլ պատշաճ և որպես ճիշտ ախտորոշված խնդիր՝ նշված հայեցակարգային հիմնադրույթները ներկայացնելու տեսանկյունից:

Այլ հարց է, որ, այո, կարծում եմ, որ այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, միանշանակ է, որ մի մասն իրոք գոյություն ունի, և դրանց մի մասին իրոք պետք է տալ լուծումներ, որովհետև այս ամբողջ համակարգերն ունեն կատարելագործման անհրաժեշտություն: Միևնույն ժամանակ, ամենակարևոր միտքն այն է, որ հնարավոր չէ զարգացնել համակարգերը՝ անընդհատ նորմատիվ առումով ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարելով, և դա է հուշում նաև զարգացած իրավական համակարգ ունեցող երկրների փորձը, որովհետև ընտրություն կատարում ես կոնկրետ մոդելին  և փորձում ես նորարարական մեթոդներով անընդհատ դրա զարգացումն ապահովել: Հակառակ պարագայում մենք իրականում հակված ենք լինելու անհաջողության, իսկ դա ցույց է տալիս աշխարհի բոլոր զարգացած երկրների և նաև ոչ այնքան զարգացած իրավական համակարգ ունեցող երկրների փորձը»,- խոսքն ավարտելով՝ ասաց Անահիտ Մանասյանը:

Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի այն 7 անդամների շարքում է, ովքեր դեմ են քվեարկել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանը միավորելով՝ Գերագույն դատարան ստեղծելու և բոլոր դատական ատյաններին իրենց վարույթում գտնվող գործերի շրջանակներում օրենքների սահմանադրականության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությամբ օժտելու հարցերը բարեփոխումների հայեցակարգում ընդգրկելուն:

Տեսանյութեր

Լրահոս