«Մենք բավական լուրջ վերափոխում ենք անում և սահմանադրականացնում ենք ամբողջ դատական համակարգը». Արմեն Մազմանյան

«Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանն անդրադառնալով բարեփոխումների հայեցակարգում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն  դատարան ստեղծելու հարցը ներառելուն՝  ասաց, թե խոսքը միավորման մասին է և այս դատարանների, ըստ էության, գործառույթների որևէ վերացում չի ենթադրում: Մազմանյանի խոսքով՝ իրենք ցանկանում են ստեղծվող նոր կառույցում 100%-ով պահպանել թե՛ ՍԴ-ի, թե՛ վճռաբեկ դատարանների գործառույթները:

«Եվ միավորել դրանք միասին, մեր կարծիքով՝ սա նաև նույնիսկ այդ երկու խումբ գործառույթներին ավելի, էսպես ասենք, արդյունավետ մեխանիզմներ կընձեռի»,- ասաց Արմեն Մազմանյանը:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի խոսքով՝  իրականացրած 2-րդ առանցքային բարեփոխումը սահմանադրական արդարադատության ապակենտրոնացումն է:

«Մեր առաջարկությամբ այս ֆունկցիան կբաշխվի ամբողջ դատական համակարգով: Իսկ ավելի կոնկրետ ասած՝ յուրաքանչյուր դատարան իր վարույթում քննվող գործի շրջանակներում հնարավորություն կունենա օրենքը սահմանադրական/հակասահմանադրական ճանաչելու, Սահմանադրությանը հակասող ճանաչելու:  Անմիջապես ասեմ, որ այստեղ մենք նաև այս իրավական մեխանիզմն ենք նախատեսել, եթե, ասենք, առաջին ատյանի կամ վերաքննիչ ատյանի դատարանում այսպիսի բան տեղի ունենա, օրենքը ճանաչվի հակասահմանադրական, ապա մենք նախատեսում ենք, որ այդ համապատասխան որոշումն ուժի մեջ չի մտնի և օրենքի ուժով կուղղվի բարձր դատարան: Սա ընթացակարգային առումով բավական նման է նրան, թե ինչ մենք ունենք այսօր մեր օրենսդրությամբ: Յուրաքանչյուր դատարան կարող է գործը կասեցնել և հարցադրում ուղարկել ՍԴ: Այնուամենայնիվ  մենք գտնում ենք, որ զուտ խորքային առումով, ինստիտուցիոնալ առումով մենք բավական լուրջ վերափոխում ենք անում և սահմանադրականացնում ենք ամբողջ դատական համակարգը»,- ասաց Արմեն Մազմանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս