Բաժիններ՝

Էմիրաթցի կնոջ օրվա կապակցությամբ քննարկումը միավորեց էմիրաթցի և հայ դիվանագետ ու հաջողակ կանանց

Էմիրաթցի կնոջ օրվա կապակցությամբ տեղի ունեցավ «Women’s Empowerment in the UAE» խորագրով հեռավար քննարկում, որը միավորեց էմիրաթցի և հայ դիվանագետ, քաղաքական գործիչ և հաջողակ կանանց: Քննարկումը կազմակերպել էր Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը քննարկման ընթացքում նշեց, որ հայ կնոջ դերը պատմության ընթացքում փոփոխությունների է ենթարկվել և Հայաստանի առաջին հանրապետության տարիներին հայ կինը ոչ միայն ընտրելու, այլև ընտրվելու հնարավորություն է ունեցել:

«Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը 1918-1920թթ. ունեցել է 4 կին պատգամավոր: Ավելի քան 100 տարի առաջ հայ կինը ոչ միայն ընտրելու, այլև ընտրվելու հնարավորություն է ունեցել: Հավանաբար բոլորդ գիտեք այդ մասին, բայց նշեմ նաև, որ աշխարհում առաջին կին դեսպանը ևս հայ է եղել»,- ասաց Ասատրյանը:

Անդրադառնալով քննարկման մասնակից կին դեսպաններին և քաղաքական գործիչներին, Լիլիթ Ասատրյանը հավելեց, որ պետք չէ գոհանալ հաջողություններով և կանգնել, պետք է միշտ ձգտել նոր մարտահրավերների հաղթահարմանը:

«Պետք է միշտ հարց տաս ինքդ քեզ՝ եթե ոչ ես, ապա՝ ով: Եթե ոչ ես, ապա ով կարող է լուծել այս կամ այն խնդիրը»,- նշեց Լիլիթ Ասատրյանը:

Էմիրաթցի կնոջ օրվա կապակցությամբ տեղի ունեցած «Women’s Empowerment in the UAE» խորագրով հեռավար քննարկմանը մասնակցում էին ԱՄԷ կանանց ընդհանուր միության գլխավոր քարտուղար Ռիմ Աբդալլա Իսա ալ Ֆալասին, Մոնտենեգրոյում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ Նաբիլա ալ Շամսին, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինա Գրիգորյանը, Բելգիայում և Եվրոպական Միությունում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս