«Հունիսին շրջանառված նախագիծը ՄԻՊ-ին է ուղարկվել ընդամենը օգոստոսի 26-ին. մեկ օր ունեինք կարծիքի համար». Արման Թաթոյան

Կառավարության այսօրվա նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձավ Արդարադատության նախարար Ռուսամ Բադասյանի ներկայացրած օրենքների նախագծի փաթեթին՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» վերաբերյալ, նշելով, որ փաթեթն իրենց  ուշ են ներկայացրել։

«Սա կարևոր նախագծերի փաթեթ է, կարող եմ ասել՝ նաև սպասված, մարդու իրավունքների բազմաթիվ դրույթներով։ Նախագծերի ամփոփաթերթերից երևում է, որ այն շրջանառվել է դեռևս հունիսին, սակայն մեզ կարծիքի չի ուղարկվել։ Մեզ ուղարկվել է օգոստոսի 25-ին՝ մեկ օր ժամկետով։ Ամեն դեպքում մեկ օրվա ընթացքում 20 էջից ավելի առաջարկներ ենք ներկայացրել։ Այս փաթեթի հետ կապված՝ իրականում կարևոր է, որպեսզի պետությունն ունենա գործիքակազմ՝ պայքարելու համաճարակի դեմ»,- նշեց Արման Թաթոյանը։

Ընդգծելով նախագծի կարևորությունը՝ Արման Թաթոյանը նշեց, որ ուսումնասիրելով այն սահմանափակումները, որոնք նախատեսված են նախագծով, պետական մարմինների լիազորություններն ու հնարավորությունները, կան մտահոգություններ, որոնք վերաբերում են դրանց պրակտիկ կիրառելիությանն ու համաչափությանը։

«Արտակարգ դրության ողջ ընթացքում մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց համար, այլև պետական մարմիններն էլ են կանգնում խնդրի առջև, կարող եմ ասել նաև, որ դառնում են այս կարգավորումների իրավական զոհը, քանի որ նրանց համար լինում են ոչ հստակ կարգավորումներ։ Այստեղ մենք նկատառումներ ունենք՝ կապված մեկուսացման և ինքնամեկուսացման խնդիրներին։ Դրանից զատ, սկզբունքային հարց է, որն այդպես էլ չի երևում, կարանտին-արտակարգ իրավիճակ ռեժիմների հարաբերակցությունը, որովհետև արտակարգ իրավիճակի դեպքում սահմանափակումներ նույնպես կան»,- շեշտեց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս