Համավարակը թանկ նստեց Արսեն Թորոսյանի վրա. ինչի վրա է ծախսվել 19 մլն դոլարը

Արսեն Թորոսյանի անձի շուրջ վերջին օրերին պտտվող խոսակցություններից ու հրապարակումներից հետո առողջապահության նախարարն արձակուրդ գնաց։ Գնա՞ց, թե՞ ուղարկեցին, կարևոր չէ, բայց դա խորացրեց կասկածները կառավարության ներսում առկա հակասությունների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ առողջապահության նախարարը հայտնվել է թիրախում և շուտով լքելու է պաշտոնը։

Իհարկե, դա վաղուց պետք է լիներ, երբ պարզվեց, որ նախարարը ոչ միայն չի տիրապետում համավարակային իրավիճակին, այլև իր հակասական հայտարարություններով նպաստավոր միջավայր է ստեղծում վարակի տարածման համար։ Հիշենք թեկուզ այն, որ կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ, և պետք չէ դրանից այդքան վախենալ։

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց նախարարը ստիպված էր հակառակը համոզել։ Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել էր, ու դա ծանր նստեց շատերի վրա։

Համավարակի հետևանքով Հայաստանում արձանագրված մահերի քանակն անցնում է 1100-ից, ինչը չափազանց մեծ թիվ է մեր երկրի համար։

Կարդացեք նաև

Պարզ է, որ դրա մեղավորը միայն առողջապահության նախարարը չէ, որքան էլ այսօր փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել նրա վրա։

Երբ կառավարությունն արտակարգ դրություն էր հայտարարում, պետք է բարի լիներ պահպանել արտակարգ դրության պահանջները։ Թե չէ ձևական արտակարգ դրությունից այլ բան դժվար էր սպասել։ Զարմանալի չէ, որ մարդիկ այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչի համար էր արտակարգ դրությունը։ Բացի այն, որ դրանով սահմանափակվեցին իշխանությունների գործողություններից դժգոհող քաղաքացիների ազատ կամքի արտահայտման իրավունքները, արտակարգ դրությունն այլ բանի չծառայեց։

Մինչդեռ, եթե վարչապետը՝ իր ամբիցիաները բավարարելու համար, ժամանակին սահմանադրական հանրաքվեի հետ կապված հանրահավաքներ չաներ, իսկ կառավարությունը բարի լիներ պատշաճ պահպանել արտակարգ դրության պահանջները, ապա երկիրն ու ժողովուրդը չէր անցնի այն դժոխքի միջով, որով անցավ ու շարունակում է անցնել։

Այս մասին գուցե իշխանությունները մոռացել են, բայց ժողովուրդը հաստատ հիշում է, և գալու է բոլորից պատասխան պահանջելու ժամանակը։

Այնպես չէ, որ միայն առողջապահության նախարարն է պատասխան տալու այն բազմաթիվ մահերի համար, որոնք ունենք այսօր։ Որքան էլ խնդիրը առողջապահության դաշտում էր, այն բնավ էլ միայն առողջապահական չէր։

Համավարակի դեմ պայքարը բազմաթիվ թելերով կապված էր տարբեր ոլորտների ու կառույցների կողմից իրականացվող աշխատանքների հետ, որոնք այդպես էլ պատշաճ չկատարվեցին՝ տասնյակ-հազարավոր քաղաքացիների դնելով վտանգի տակ։ Չհաշված, որ դրա հետևանքով ոչ պակաս մեծ չափի ֆինանսական միջոցներ ծախսվեցին։

Համավարակի դեմ պայքարում օգոստոսի 1-ի դրությամբ միայն Առողջապահության նախարարությունը ծախսել է ավելի քան 19 մլն դոլար։

Հասկանալի է, որ սա դեռ ամբողջ գումարը չէ։ Ծախսեր կատարվել են նաև օգոստոսի 1-ից հետո և առաջիկայում դեռ կշարունակեն կատարվել։ Ինչքա՞ն, առայժմ դժվար է ասել։ Հայտնի չէ, թե երբ կարող է ավարտվել համաճարակը։ Ու քանի դեռ վարակակիրներ լինելու են, լինելու են նաև ծախսեր։

Իհարկե, առաջիկայում ծախսերն ավելի քիչ կլինեն, որովհետև վարարակիների թիվը վերջին շրջանում համեմատաբար նվազել է։ Ամեն դեպքում, միջինն օրական առնվազն 100-150 նոր դեպքեր ունենում ենք։ Բացի այդ էլ՝ վիրուսից բուժում ստացողների թիվը դեռևս 3,5-4 հազարի է հասնում։ Ու նրանց բուժումը, բնականաբար, փող արժե։ Այսինքն՝ ծախսերը դեռ ավելանալու են, և չենք սահմանափակվելու նշված 19 միլիոնով։

Մինչ այդ տեսնենք, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները։ Ի վերջո, 19 մլն դոլարը փոքր գումար չէ, անկախ նրանից՝ դա արվել է պետական բյուջեի՞, թե՞ այլ աղբյուրներից ներգրավված միջոցների հաշվին։

Համավարակի դեմ պայքարի համար ծախսված գումարների իրացման հետ կապված բազմիցս կասկածներ են հնչել։ Այդպես էլ կարծես հստակություն չկա, թե 1 հիվանդի բուժման ծախսերը որքան են կազմում։ Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված ռեանիմացիոն հիվանդի բուժումը նստում է շուրջ 1 մլն դրամ։ Այս թիվը ժամանակին հնչեցրել է առողջապահության նախարարը։

Գումարը փոքր չէ։ Եվ կարծես հասկանալի է դառնում, թե ինչի համար էին այն խոսակցությունները, որ այլ հիվանդություններից մահացած քաղաքացիների հարազատներին փող են առաջարկում՝ կորոնավիրուսից մահացած ներկայացնելու համար։ Սա, իհարկե, ենթադրություն է, որը կարող է հաստատվել կամ ոչ։

Նշված 19 մլն դոլարից ամենաշատը ծախսվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։ Մարտից մինչև օգոստոսի 1-ը գնվել են շուրջ 5,3 մլն դոլարի սարքավորումներ։ Ի՞նչ սարքավորումներ են եղել դրանք, հայտնի չէ։

Ոչ պակաս փոքր գումար ծախսվել է կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման նպատակով։ Խոսքն ավելի քան 4,6 մլն դոլարի մասին ՝։ Եվս 1,6 միլիոն հատկացվել է բժշկական կենտրոնների վերանորոգմանը։

Հաջորդ մեծ գումարն ուղղվել է դեղորայքի և ԲՆԱ հագեցվածությանը, որը կազմել է ավելի քան 2,9 մլն դոլար։ Պաշտպանիչ միջոցների ձեռքբերման վրա ծախսվել է գրեթե 1,8 միլիոն։

Համավարակի դեմ պայքարում ներառված բուժաշխատողներին, Առողջապահության նախարարության տվյալներով, մինչև օգոստոսի 1-ը վճարվել է ավելի քան 1,5 մլն դոլարի պարգևավճար։

Կատարվել են նաև այլ ծախսեր, բայց դրանք համեմատաբար ավելի քիչ են եղել։ Մասնավորապես՝ ժամանակավոր մեկուսարանների պահպանման համար ծախսվել է գրեթե 800 հազար դոլար, բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին վճարվել է շուրջ 300 հազար դոլար։

Սրանք այն խոշորացված ծախսերն են, որոնք կատարել է Առողջապահության նախարարությունը՝ համավարակի դեմ պայքարի ընթացքում՝ մարտից մինչև օգոստոսի 1-ը։ Թե դրանք որքանո՞վ են արդյունավետ եղել, կարող է պարզվել միայն մանրամասն ուսումնասիրությունից հետո։

Մի բան, ամեն դեպքում, փաստ է, որ անգամ այդքան գումար ծախսելուց հետո ունեցել ենք 1100-ից ավելի մահեր։ Իսկ դա այլ կերպ, քան համավարակի դեմ պայքարի ձախողում, դժվար է անվանել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս