Անվճար խնձորներ բաժանող բրիտանուհին տուգանվել է
Լոնդոնի բնակչուհի Լիդիա Ֆարելն իր պարտեզից հավաքել է երկու արկղ խնձոր և որոշել է դրանք անվճար բաժանել քաղաքաբնակներն: Բարի գործը նկատել են տեղի իշխանությունները, և կինը տուգանվել է, գրում է The Sun-ը:
33-ամյա բուժքույրը հավաքված մրգերը դրել է փողոցում՝ «Անվճար ուտելի խնձորներ» գրությամբ:
Սակայն Ֆարելը չէր սպասում 150 ֆունտի չափով տուգանքի քաղաքային խորհրդի կողմից: Բրիտանուհին պատժվել է «աղբը նետելու համար»:
«Ես այնքան տխրեցի, որ քաղաքային խորհուրդը տուգանեց ինձ՝ լավ արարք գործելու համար»,- դժգոհել է կինը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
Պատմությունը լայն արձագանք է ստացել: Մարդիկ աջակցել են բուժքրոջը և իրենց վրդովմունքն արտահայտել քաղաքապետարանի գործողություններից: Արդյունքում՝ տուգանքը չեղարկվել է, և պաշտոնյաները ներողություն են խնդրել կնոջից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը