Կառավարությունն աշխատում է օրենքի խախտումներով. Դիլետանտությո՞ւն, թե՞ հանցավոր գործունեության արդյունք
Վաղը կրկին հինգշաբթի է, ինչը ենթադրում է, որ ՀՀ Կառավարության հերթական նիստն է անցկացվելու: Այնպես է ստացվել, որ վերջին ժամանակահատվածում հենց կառավարության նիստերն են, որ իրենց օրակարգի կասկածելիությամբ ու անցկացման բուն ընթացքի տարօրինակությամբ առավել ակնհայտ են դարձնում Կառավարության օրինազանց աշխատանքը։
Կասկածներն ի հայտ եկան այն պահից, երբ կառավարության նիստի օրակարգում չզեկուցվողների շարքում սկսեցին իրար հետևից ներառվել այնպիսի հարցեր, որոնք ենթադրում էին բյուջեի գումարների վերաբաշխում, և այդ միլիոնավոր դրամներն ուղղվում էին ոչ թե համավարակի դեմ տարվող պայքարին, ոչ թե տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը, այլ անհասկանալի նպատակներին ծառայող միջոցառումներին կամ ոչ ժամանակավրեպ գնումների իրականացմանը։
Որպես օրինակ՝ կարող ենք բերել ս.թ. հուլիսի 16-ի նիստը, որի ժամանակ «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածից տրամաբանական պատճառներով չծախսված գումարից 17 մլն 548 հազար դրամն ուղղվեց «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառմանը, որի մասին առկա ինֆորմացիան սահմանափակվում է նրանով, որ տրամադրվող աջակցության շրջանակներում նախատեսվում է ստեղծել հետազոտություններ ու վերլուծություններ իրականացնող մասնագիտական խումբ, որը կբացահայտի Սյունիքի մարզի և Արցախի տեղաբնիկների և փախստականների, քաղաքաբնակների և գյուղաբնակների, լեռնային և ցածրավայրային գոտիների բնակչության, անտառամերձ և սահմանամերձ բնակչության, ձեռներեցների և վարձու աշխատողների, աշխատողների և գործազուրկների, ռազմական գործողություններից տուժած և չտուժած տարածքների բնակչության, ունևորների, միջակների և աղքատների վերջին 30 տարիների կորուստներն ու ձեռքբերումները։
Սակայն պարզ չէ, թե ավելի կոնկրետ ինչ նպատակ են հետապնդում այդ հետազոտությունները, քանի որ այլ մանրամասներ փաթեթում պարզապես չկան։
Պետական բյուջեի վերաբաշխման հերթական կասկածելի դրվագին ականատեսը եղանք օգոստոսի 20-ի կառավարության նիստին, երբ օրակարգում որպես զեկուցվող դրված երկու միջոցառումների բյուջեների մեկ ընդհանուր «Սփյուռքի մարդկային ներուժի վերհանում, դրա քարտեզագրում և տեղեկատվական բազայի ստեղծում» միջոցառման ներքո միավորելու և «Աշխատանք սփյուռքի համայնքներում» և «Համահայկական համաժողովների իրականացում» միջոցառումներից վերաբաշխում իրականացնելու միջոցով վերջինիս գումար հատկացնելու հարցը չզեկուցվեց, իսկ կառավարության նիստից հետո հարցն ընդհանրապես հանվեց օրակարգից, սակայն օրակարգի հաստատման ժամանակ նման խնդիր չէր քննարկվել, մինչդեռ կառավարության նիստի օրակարգում փոփոխությունները պետք է կատարվեն մինչև կառավարության նիստում կառավարության նիստի օրակարգի հաստատումը։ Օրակարգի հաստատումից հետո էլ դրանում ընդգրկված հարցերի վերաբերյալ կառավարությունը նիստում պետք է որոշում ընդունի:
Կառավարության այս վարքագիծն առավել քան տարօրինակ էր, հատկապես, երբ կրկին հասկանալի չէր, թե հատկացվող գումարով ինչ խնդիրներ է նախատեսվում լուծել, հիմնավորումներ չկային հատկացվող գումարի մեծության առնչությամբ, տարակուսելի էր նաև հույժ գաղտնի կետերի առկայությունը նման իրավական ակտում:
Եվ ընդհանրապես, վերջին ամիսների ընթացքում, ՀՀ կառավարության աշխատակազմը մեկը մյուսի հետևից թերանում և խախտում է Կառավարության աշխատանքին վերաբերող իրավական ակտերը։ 2020թ․ հունվարի 16-ի Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու մասին» որոշման նախագիծը (հարց 22)։
Կառավարության նիստում հարցի քննարկման ժամանակ առաջ եկան որոշակի սկզբունքային հարցեր, որոնց պատասխանները նիստի ընթացքում հնարավոր չէր տալ։
Արդյունքում՝ վարչապետ Փաշինյանն առաջարկեց Կառավարության որոշումն ընդունել՝ պայմանով, որ վարչապետը կստորագրի այն նիստում բարձրացված հարցադրումները մանրամասն քննարկելուց հետո:
Մինչդեռ թե՛ սահմանադրական նորմը (153-րդ հոդված), թե՛ օրենքի նորմը («Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» մասին օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի) վարչապետին որևէ հայեցողություն չեն վերապահում Կառավարության կողմից ընդունած որոշման ստորագրումը հետաձգելու կամ այն չստորագրելու հարցում։
Այն, որ Կառավարության նիստի օրակարգը կառավարության նիստի անցկացումից առնվազն 1 օր առաջ պետք է հրապարակված լինի կառավարության պաշտոնական www.e-gov.am կայքէջում, սահմանված է օրենքով՝ «ՀՀ կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 667-Լ որոշման 71-րդ կետի համաձայն։ Իսկ գործնականում այս օրենքի խախտման ամենից աչք ծակող դեպքին ականատես եղանք օգոստոսի 12-ի Կառավարության արտահերթ նիստից առաջ, երբ ընդհուպ մինչև նիստի անցկացման օրվա ժամը 10:50-ը «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը հասանելի չէր e-gov.am կայքէջում, առկա ակտիվ հղումով որևէ փաստաթուղթ տեղադրված չէր եղել, իսկ տեղադրվելուց վայրկյաններ անց՝ այն ուղղակի ջնջվեց։
Ընդ որում, խախտումները վերաբերում են ոչ միայն կառավարության նիստերի անցկացման ընթացակարգերին։
Այսպես՝ ՀՀ կառավարության աշխատակազմի թույլ տրված լրջագույն խախտումների և, ամենակարևորը, այդ խախտումն անամոթաբար կոծկելու քայլի ցցուն օրինակը «Հայաստանի Հանրապետության 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման հրապարակումն էր։
Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2.10 կետի համաձայն՝ Կառավարությունը քննարկում և մինչև ընթացիկ տարվա հուլիսի 10-ը հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Կառավարությունը հրապարակում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացնում` ի գիտություն, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 20-ը։
Սակայն 2020թ. հուլիսի 10-ի դրությամբ Կառավարության պաշտոնական e-gov.am կայքէջում տվյալ որոշումն այդպես էլ հրապարակված չի եղել և առցանց հարթակում տեղադրվել է միայն 2020թ. հուլիսի 26-ից հետո, այն էլ՝ հետին ամսաթվով։
Գուցե կարող է կարծիք ձևավորվել, թե այս բոլոր դրվագները ոչ թե դիտավորություններ են, այլ դիլետանտության արդյունք, սակայն երկու տարին քիչ ժամանակ չէ աշխատակարգային կարգերին գերազանց տիրապետելու և գործնականում կիրառելու համար։
Բացի այդ, երբ ուսումնասիրում ես, թե խախտումներն ինչ որոշումների ընդունմանն են վերաբերել, երևան եկած օրինաչափությունն արդեն իսկ ամեն ինչ ասում է։ Իսկ բոլոր թույլ տրված օրինազանցությունների ու խախտումների համար աշխատակազմը պետք է տրամադրի հիմնավորված պարզաբանումները, այլապես լռելով՝ միայն կհաստատի արդեն իսկ առկա կասկածները։