«Մեր ընկերությունը պետական կառավարման մարմին չէ, և չի ներկայացնում պետական որևէ կառույցի, քաղաքական որևէ թևի դիրքորոշում». Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն
Համացանցում ակտիվ քննարկվում է Արցախի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ «Պուտինի քննադատին հավանաբար թունավորել են» գրառումը։ Ըստ տարբեր տեսակետների, նման բովանդակությամբ լուրը, որը հրապարակվել է Արցախի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջում, կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստան-Ռուսաստան-Արցախ հարաբերությունների վրա։ Շատեր օգտատերեր հարց էին բարձրացնում՝ արդյոք այդ լուրը հրապարակելուց առաջ բոլոր հետևանքներն ու ռիսկերը հաշվարկե՞լ են, թե՞ ոչ։
168.am-ը Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք գրառման հետ կապված որևէ ռիսկ չեն տեսնում՝ արդյո՞ք բոլոր հետևանքները հաշվարկվել են այն հրապարակելուց առաջ։
«Այդ նյութը ոչ թե հեռարձակվել է Արցախի Հանրային ռադիոյի եթերում, այլ տեղադրվել է լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում:
Տեղեկացնենք նաև, որ տեխնիկական վերազինման նպատակով ռադիոն ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը, և աշխատանքները կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից»,- նշեց Ա. Մինասյանը:
Իսկ ինչ վերաբերում է օգտատերերից ոմանց քննադատությանը, նա ընդգծեց. «Արցախի Հանրային ռադիոյում ամենայն լրջությամբ են վերաբերվում հնչող ցանկացած քննադատության՝ հատկապես պլանավորված մեծ փոփոխությունների նախաշեմին: Տեղեկացնեմ նաև, որ ֆեյսբուքյան էջը գործում է անընդհատ լրամշակման ռեժիմում, և վերջին թարմացումից հետո խնդրի առարկա հրապարակման բովանդակությունն ըստ իրավիճակի զգալիորեն լրացվել է: Ուզում եմ ավելացնել, որ մեր ընկերությունը, բյուջետային ֆինանսավորում ունենալով հանդերձ, այնուամենայնիվ, պետական կառավարման մարմին չէ և չի ներկայացնում պետական որևէ կառույցի, քաղաքական որևէ թևի դիրքորոշում, և մեր լրահոսը զերծ է քաղաքական կոնյունկտուրայից»։