
Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը հայտնել է Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը

Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը գնահատում է ծանր, սակայն նշում, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործիչը թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբի նյութից։
«Սակայն ճշգրիտ նյութը դեռևս չի հայտնաբերվել: Եվս մեկ լայնածավալ հետազոտություն է նախաձեռնվել», – ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ բժիշկների, հիվանդության ընթացքը մնում է անորոշ և դրա երկարաժամկետ հետևանքները հնարավոր չէ բացառել, հատկապես նյարդային համակարգում: Այժմ Նավալնին, ըստ ախտորոշման, բուժվում է «Անտրոպին» դեղամիջոցով։
Օգոստոսի 20-ին 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը։ Օգոստոսի 22-ին Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը շարունակվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: