Անդրադարձել ենք ՀՀ-ում բարեփոխումների օրակարգերին, արտաքին քաղաքական հարցերին. Մակունցը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

«Հաճույքով կպատասխանեի, բայց ուշանում  եմ»,- այսպես պատճառաբանեց լրագրողների հարցերին չպատասխանելն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ավարտից հետո տարածքը լքելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի քան երկու ժամ տևած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում քննարկվող հարցերի օրակարգին թռուցիկ անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Օրակարգ նախապես պլանավորված չկար, ընդհանուր ընթացիկ քննարկումներ էին: Անդրադարձել ենք թե՛ արտաքին քաղաքական հարցերի, անդրադարձել ենք նաև Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների օրակարգերին, և այդ առումով հիմնականում եղել է արժեքային քննարկում»,- ասաց Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ քննարկել են  թե՛ դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր, թե՛ կրթությանն առնչվող բարեփոխումների օրակարգին, թե՛ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին առնչվող արժեքային մոտեցումները:

Մակունցի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ չի եղել կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուին, չեն եղել այդ առնչությամբ հարցեր:

Լրագրողների ուղիղ հարցերին, թե արդյո՞ք անդրադարձ եղել է Ամուլսարի հարցին, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը՝ դիվերսիայի մասին, Մակունցը կարճ արձագանքեց.

«Նիստը, հանդիպումը վարչապետի հետ փակ է եղել, հետևաբար՝ ես մանրամասներին չեմ կարող անդրադառնալ: Ընդհանուր ուղեծրերով ուղղակի նշում եմ, թե ինչ թեմաների է անդրադարձ կատարվել՝ Հայաստանի Հանրապետության դիրքավորումն արտաքին քաղաքականության առումով՝ տարբեր հարցերին առնչվող:

Ես շատ կոնկրետ հարցերի չեմ անդրադառնա, ընդհանուր ուղեծրով ներկայացնում եմ, թե ինչ թեմաների է անդրադարձ կատարվել»:

Լիլիթ Մակունցի խոսքով՝ հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել թե՛ վարչապետը, թե՛  պատգամավորները, հնչել են նաև հարցեր: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ նիստին ներկա է եղել «Իմ քայլը» խմբակցության գրեթե 90%-ը,  հրավիրված է եղել նաև ՔՊ վարչության անդամներից մեկը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս