Բաժիններ՝

«Որևէ բռնկման օջախ չունենք՝ շատ լավ վիճակում ենք, փառք Աստծո». Վարդենիսի համայնքապետ

Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը վստահեցնում է՝ կորոնավիրուսի հետ կապված՝ համայնքում իրավիճակը վերահսկելի է։

«Վիրուսի հետ կապված իրավունք չունեմ որևէ ինֆորմացիա տալ։ Բայց ասեմ, որ Վարդենիսում կորոնավիրուսի բռնկում չկա, ամեն ինչը վերահսկելի է։ Կարող եք պոլիկլինիկայից էլ իմանալ, որ այս պահին բռնկում չկա։ Ասենք, կարող է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի դեպք ունեցել ենք, ինչպես ՀՀ բոլոր քաղաքներում կամ համայնքներում։ Այս պահին մեզ մոտ աշխատանքային նորմալ օր է, հանգիստ աշխատում ենք և դրա հետ կապված որևէ մտահոգություն էլ չունենք»,- 168.am հետ զրույցում ասաց Արամ Մելքոնյանը։

Այլ հարցերի հետ կապված Արամ Մելքոնյանը հորդորեց կապ հաստատել լրատվության բաժնի հետ. «Սա շատ լուրջ հարց է, որին կարող են պատասխանել պոլիկլինիկայից, մարզպետարանում կա լրատվության բաժին, որովհետև այս երեք օրվա ընթացքում մեկ դեպք է հաստատվել, ես էլ տեղյակ չէի, նոր եմ տեղեկացել»,- շեշտեց նա։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ քաղաքում մշտապես շրջում են, հանգստյան օրերին դուրս են գալիս և դիմակներ  բաժանում քաղաքացիներին և հորդորում հետևել պարետի ցուցումին։

«Մենք էլ բոլորին կոչ ենք անում կրել դիմակներ, հենց հիմա ես մենակ նստած եմ, դիմակը դեմքիս է։ Պարետի հրահանգներին հետևելը բերում է այն արդյունքին, որն այսօր մենք ունենք, իսկապես մեր քաղաքում շատ լավ վիճակ է։ Գուցե կա մեկ-երկու դեպք, որոնց մասին ես կարող է չիմանամ էլ, դա կարող է լինել, չեմ բացառում։ Որևէ բռնկման օջախ չունենք, շատ լավ վիճակում ենք, փառք Աստծո, եթե այսպես գնա՝ շատ գոհ կլինենք»,- եզրափակեց Արամ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Վարդենիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել, որով քաղաքացիներին կոչ էին անում պահպանել անվտանգության կանոնները՝ համայնքում կորոնավիրուսի COVID-19 համավարակի նոր տարածումից խուսափելու համար: Համավարակի տարածման հիմնական պատճառը հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս