Ֆրիլանսը կվերահսկվի՞ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով
Թեև «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, ՀՀ նախագահն էլ այն չի ստորագրել, բայց խոսակցություններն ու մտավախություններն այս օրենքի շուրջ դեռ պահպանվում են։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2020թ. հունվարի 22-ին ընդունեց «ՀՀ քրեական դատավարության մասին» և «Բանկային գատնիքի մասին» օրենքի լրացումները, որոնք նախատեսում են բանկային տեղեկատվության բացահայտում և ստացում առանց սուբյեկտային սահմանափակման։ Մասնավորապես, եթե նախկինում բանկային գաղտնիքը կարելի էր բացահայտել միայն կասկածյալի կամ մեղադրյալի մասին, ապա հիմա քրեական հետապնդում իրականացնող մարմիններին թույլ են տալիս ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլև նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց բանկային տվյալները։
Օրենքի փոփոխությունների այս փաթեթը հնարավորություն է տալու ցանկացած անձի վերաբերյալ ստանալ գաղտնիք կազմող տեղեկատվություն: Չնայած նրան, որ օրենքով սահմանվելու են որոշակի երաշխիքներ, այնուամենայնիվ, հաշվի առնելով իրավապահ մարմինների նկատմամբ անվստահության մթնոլորտը և դատական համակարգի նկատմամբ իրականացվող ճնշումները, այս օրենքը կարող է վերածվել քաղաքական կամայականության գործիքի: Արդարադատության նախարարությունը հղում է անում օտարերկրյա փորձին, սակայն պետք է արձանագրել, որ նմանատիպ օրենսդրություն որդեգրած պետություններում առկա է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության պատշաճ մակարդակ:
Իսկ այսօր` հայաստանյան իրականության մեջ, մենք ոչ միայն ականատեսն ենք դատարանների վրա իրականացվող ակնհայտ ճնշումների, այլև արդեն կա նախադեպ, երբ Ազգային ժողովի նախագահն է ՀՀ նախագահի փոխարեն ստորագրում այս կամ այն որոշման ընդունումը, և չկա որևէ երաշխիք, որ այս օրենքի փոփոխության ընդունման համար էլ կգտնվեն այն վավերացնելու տարբերակներ, իսկ եթե չգտնվեն, ապա կստեղծվեն։
Դիցուք, եթե Սահմանադրական դատարանի որոշումը անտեսվի և, շրջանցելով Հանրապետության նախագահի ինստիտուտը, փոփոխությունները, այնուամենայնիվ, ուժի մեջ մտնեն, դրա արդյունքում առաջնայինն առավել շատ տուժելու են ֆրիլանս /հեռահար/ ոլորտի աշխատակիցները և Հայաստանում այլ երկրներից ներդրումներ անողները։ Երկրորդ խմբի մասին խոսելը, հաշվի առնելով երկու տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալը, իսկ ավելի ճիշտ՝ ծավալի բացակայությունը, այս պահին այդքան էլ ակտուալ չէ։ Մինչդեռ այլ երկրների հետ հեռահար աշխատող մեր քաղաքացիների թիվը ոչ միայն չի նվազել, այլև շարունակում է աճել:
Գաղտնիք չէ, որ հայ մասնագետները հեռահար աշխատանքի միջազգային շուկայում բավական մրցունակ են, իսկ աշխատանքի առյուծի բաժինը հիմնականում ընկել է թվային տեխնոլոգիաներին, ծրագրավորմանը և աուդիովիզուալ արտադրությանը, որոնք այս պահին աշխարհում ամենաբարձր վարձատրվողներից են։ Հեռահար տարբերակով աշխատելու դիմաց ստացած աշխատավարձը, որպես կանոն, փոխանցվում է աշխատակցի բանկային քարտին, այսինքն` տվյալ մարդու եկամուտներ հայտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում։ Կհիշեք, որ մի շրջան անընդհատ խոսք էր գնում ֆրիլանսը հարկային դաշտ բերելու մասին, էլ չենք ասում, որ վերջերս էլ կառավարությունը խոսում է համատարած հայտարարագրման մասին, որի թիրախում ֆրիլանս ոլորտի ծրագրավորողները նույնպես կհայտնվեն։
Եթե հասարակության շրջանակում օրենքի այս փոփոխությունների ընդունման արդյունքում ավելորդ աչք չծակելու համար առավել արդյունավետ լուծումը անկանխիկ գործարքների քանակի նվազեցումն է, ապա ֆրիլանս աշխատողների դեպքում այդ տարբերակի կիրառումը գրեթե անհնար է։ Ի՞նչն է խանգարելու կառավարությանը բանկային գաղտնիքի բացահայտման այս նոր գործիքակազմով թիրախավորել հենց ֆրիլանսի շուկան, որտեղ մարդիկ, ամիսներով ու տարիներով աշխատելով, եկամուտ են ստանում, բայց հայկական աշխատաշուկայում շարունակում են մնալ չգրանցված, ինչը երկուստեք շահավետ է և՛ ֆրիլանս աշխատողին, և՛ նրա գործատուին։
Փաստացի ստացվում է, որ այս խմբի մարդիկ հայաստանյան հարկային դաշտի տեսադաշտից դուրս են մնացել, քանի որ ֆրիլանսը Հայաստանում չի հարկվում, ինչը պարտադիր և կուտակային վճարների համատեքստում նույնպես խնդրահարույց է։ Այո՛, օրենքով չի հարկվում, բայց բանկային գաղտնիքի բացահայտման այս փաթեթի գործարկման պարագայում, երբ լուրջ մտավախություն կա, որ այն կարող է վերածվել քաղաքական կամայականության գործիքի, արդյո՞ք կան երաշխիքներ, որ աշխատանքի դիմաց այլ երկրից բանկային քարտին փոխանցված գումարը չի ներկայացվի այլ լույսի ներքո և չի ենթարկվի պատասխանատվության։