Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել է 2 տրլն ֆունտը

Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո: Այդ մասին են վկայում Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (ONS)՝ օգոստսի 21-ին հրապարակված տվյալները:

Դրանով իսկ Բրիտանիայի պետական պարտքն անցյալ ամսին առաջին անգամ գերազանցել է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափը: Վերջին 11 տարում առաջին անգամ բրիտանական տնտեսության ռեցեսիա մտնելուց հետո հարկային մուտքերի անկման եւ գործարարության օժանդակման ու սոցիալական կարիքների համար ծախսերի աճի ֆոնին հուլիսին բյուջեի պակասուրդը կազմել է 26,7 միլիարդ ֆունտ (35 միլիարդ դոլար):

2020 – 2021 ֆինանսական տարվա (սկսվում է ապրիլին) առաջին չորս ամսին փոխառությունների ծավալը հասել է 150,5 միլիարդ ֆունտի (197,7 միլիարդ դոլարի): Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ թագավորությունում ախտահարվել է ավելի քան 322 հազար մարդ, մահացու վախճանների թիվը հասել է 41 403-ի: Զգուշանալով համաճարակի երկրորդ ալիքից՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում արտասահմանից վարակի բերման ռիսկը նվազեցնելու համար:

Օգոստոսի 20-ին հայտարարվել է այն երկրների եւ տարածքների ցանկի նոր ընդլայնման մասին, որոնցից ժամանելուց Միացյալ Թագավորությունում անհրաժեշտ է երկու շաբաթ պահպանել ինքնամեկուսացման ռեժիմ: Այն համալրել են Ավստրիան, Խորվաթիան, ինչպես նաեւ Տրինիդադ եւ Տոբագո կղզի պետությունը: Ըստ որում ցանկից հանվել է Պորտուգալիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս