«Գլուխ ենք գովում՝ էս արինք, էն արինք․․․ իրականում հլը էնքան պետք ա կառուցենք». Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքներում մարզպետարանի վերահսկողական նվազման մեխանիզմներին, ասաց, թե այնքան էլ լավատես չէ, որ մարզպետարանի կամ պետական մարմնի վերահսկողական մեխանիզմը կարող է արդյունավետ լինել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ շատ արդյունավետ կարող է լինել, եթե քաղաքացիները վերահսկեն գործընթացները:
«Այսինքն, եթե քաղաքացին ինքը չի էդ վերահսկողությունը իր պարտականությունը համարում, դե հա, կարելի ա լարվել, մի տարի, երկու տարի, երեք տարի վերահսկողություն սահմանել առավել խիստ, բայց եթե ընդհանուր խորքային, բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում քաղաքացի-իշխանություն հարաբերությունների, էդ ընդամենը ժամանակավոր մի բան կլնի, հետո ամեն ինչ կվերադառնա, դարձ ի շրջանս յուր տեղի կունենա:
Եվ էսօր, ես, իմիջիայլոց, սուբվենցիոն ծրագրերի հետ կապված, երբ որ շրջում ենք, տարբեր տեղեր այցելում ենք, դա է մեր հիմնական ուղերձը, որովհետև քաղաքացին պետք ա, իմիջիայլոց, էդ բանը ապակենտրոնացման առումով էլ մենք բովանդակային խնդիր էլ ունենք: Օրինակ, երբ որ տեսնում ենք, թե սրա համար օբյեկտիվ նախադրյալ էլ կա, ասենք, ենթադրենք, զգում ես, որ քաղաքացին ինչ-որ ուզում ա շատ վարչապետին բան ասի, շատ կարևոր բան ունի ասելու, և պարզվում ա, որ ինքը ուզում ա, որ իրա դարպասի դեմի ասֆալտը, հատվածը՝ 3 քառակուսի մետրանոց, բարեկարգվի: Եվ, իհարկե, ո՞վ պիտի լուծի էդ հարցը, ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ՝ վարչապետը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, թե ի սկզբանե իրենց քաղաքական ուղերձը եղել է այն, որ քաղաքացին կապ տեսնի իր գործողության և իրականության միջև, ինչի համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրենց շատ քննադատում են և կքննադատեն:
«Հակառակը տոտալիտար մտածելակերպն ա, որովհետև մարդը պետք ա տեսնի իրա գործողությունը, ինքը ինչ ամեն օր, էսօր առավոտ վեր կացավ, ինքը ինչ արեց, դրա արտահայտությունը, ես չգիտեմ՝ հիմա բանաձևերը չկան, երևի գիտությունը էնքան կզարգանա կամ տեխնոլոգիաները, որ էդ էլ բան կանեն, բայց մեր էսօրվա գործողությունները, մեզնից յուրաքանչյուրի, ինքը որոշ ժամանակ հետո իրականության մեջ որևէ ձևով արտահայտվում ա: Եվ սա ամենաշատը վերաբերում ա, ամենաարագ արտահայտվում ա համայնքներում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, և այլն, և այլն, և այլն:
Բա որ համատարած ավերակ ա էսօր մեր երկրում, եկեք խոստովանենք, էս էսքան գլուխ ենք գովում, վայ, սուբվենցիա արինք, էս արինք, էն արինք, բայց իրականում ինչքան անում ենք, էնքան… ճանապարհները բան ենք անում, գլուխ ենք գովում, որ նախկին, հիմա մի մարզում էնքան ճանապարհ ենք նորոգում, ինչքան նախկինում ամբողջ հանրապետությունում էր տեղի ունենում մի տարվա ընթացքում, բայց իրականում հլը էնքան պետք ա կառուցենք: Եվ համայնքներում էլ էս ավերակ վիճակը ինչի՞ հետ ա կապված, կապված ա մի պարզ բանի հետ՝ ընտրության և ընտրություն կատարելու որակի ու չափանիշերի հետ: Այսինքն՝ ամեն մարդ էսօրվա իրա բակի, փողոցի վիճակի հետ պետք ա կապը տեսնի նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, որովհետև դա եղել ա իր քաղաքական ներդրումը, և դրա արդյունքը ստացվել ա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինչքան մեծացնենք քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտը, այնքան ուժեղ պետություն կունենանք:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում