Բաժիններ՝

«Առաջին կիսամյակում կորցրել ենք ավելի քան 460.000 ներգնա զբոսաշրջիկ». Մեխակ Ապրեսյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով զբոսաշրջության վրա կորոնավիրուսի բացասական հետևանքներին՝ մի քանի ուշագրավ թվեր ներկայացրեց:

«Եթե վերցնենք դեռ առաջին կիսամյակի տվյալները, իսկ առաջին կիսամյակի հրապարակված վիճակագրական տվյալներով՝ ՀՀ ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 311 հազար: Դա, եթե նկատենք, առաջին եռամսյակի տվյալն է, ինչը նշանակում է, որ երկրորդ եռամսյակը մենք ամբողջությամբ կորցրել ենք, իհարկե, հայտնի պատճառներով: Երկրորդ եռամսյակին ընդհանրապես որևէ այցելություն չի եղել, և արտագնա զբոսաշրջությունը նույնպես 0 է եղել:

Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ առաջին կիսամյակի հետ, երբ ՀՀ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր մի փոքր ավելի, քան 770 հազարը, ապա ստացվում է, որ առաջին կիսամյակում կորցրել ենք, այսինքն՝ ՀՀ չեն եկել, նվազագույն հաշվարկներով՝ ավելի քան 460 հազար ներգնա զբոսաշրջիկ»,- ասաց Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ սրանք այն հաշվարկով են ներկայացվում՝ եթե չլիներ կորոնավիրուսը. ըստ նրա՝ նույնիսկ աճի էին սպասում՝ առնվազն 10 տոկոսի չափով:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշեց նաև, թե որքան համախառն եկամուտ կգեներացվեր սպասվող այցելություններից. «Նվազագույն հաշվարկներով՝ դա կկազմի ավելի քան 350 միլիոն դոլարին համարժեք»:

Նկատենք՝ բանախոսն այս թվերը ներկայացրեց՝ նկատի ունենալով 2013 թվականի հետազոտությունները. «Դեռ նույնիսկ 2013 թ. տվյալներով միջինում մեկ զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում ծախսում էր 700-800 դոլար: 2013 թվականից բավականին ժամանակ է անցել. մեր հայկական զբոսաշրջային արդյունքը բազմազանեցվել է, ավելի հետաքրքիր ծառայություններ կան: Այնպես որ, այս թիվն անպայման աճած կլինի»:

Մեխակ Ապրեսյանի ենթադրությամբ՝ այդ թիվը կարող է հասնել 1000 դոլարի, իսկ մինչ նա այդ նկատեց, որ հաջորդ տարի նոր հետազոտություններ են սպասվում, և թվերն ավելի կհստակեցվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս