Զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի հետևանքով 215 միլիոն դոլարի չափ գումար երկիր չի մտել. փորձագետ

«Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.7% անկում: Դրան զուգահեռ՝ անկում է ապրել, ամենամեծ երկնիշ անկումն ունեցել ենք շինարարության ոլորտում, որը պարետի կողմից երկու ամիս շարունակ ուղղակի արգելված գործունեության տեսակ էր: Նաև խոշոր անկում է գրանցվել ևս երկնիշ՝ 11,9%-անոց առևտրի շրջանառության ոլորտում: Աճ ունենք արդյունաբերության ոլորտում՝ 1,5% է կազմում, որը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի աճով՝ շուրջ 24,3%»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հրանտ Մարգարյանը:

Փորձագետի փոխանցմամբ՝ մշակող արդյունաբերությունը նվազել է շուրջ 4 %-ով, շուրջ 1,5% աճ կա գյուղատնտեսության ոլորտում:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով մեծապես տուժած զբոսաշրջության ոլորտին՝ փորձագետն ասաց, թե նախորդ տարվա համեմատ՝ կա 59,6 % կրճատում, որը, ըստ փորձագետի, պայմանավորված է այս տարվա 2-րդ եռամսյակում 0 ներգնա զբոսաշրջիկ ունենալու հանգամանքով: Արդյունքում՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ երկիր չի մտել 215 միլիոն դոլարի չափ գումար:

«Կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար մշակված և նախաձեռնված 23 միջոցառումների վերաբերյալ, որոնցից 10-ն է վերաբերում տնտեսական հետևանքները չեզոքացնելուն, ցանկանում եմ նշել, որ ամենամեծ խնդիրը ոչ հասցեականությունն էր»,- շեշտեց փորձագետ Հրանտ Մարգարյանը:

Խոսելով Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսությունում  կանխատեսած, համապատասխանաբար՝ 5,2% և 5%-անոց տնտեսական անկման ցուցանիշի, ինչպես նաև Կենտրոնական բանկի՝ 2020 թվականին 4% անկման ցուցանիշի մասին՝ փորձագետն ասաց.

«Առկա այս ցուցանիշները լավատեսական սպասելիքների հիմքեր չեն տալիս, բայց ամեն ինչ կախված է հենց անմիջապես երկրում տիրող առողջապահական վիճակից, դրա համար էլ հենց բարդ է կոնկրետ կանխատեսումներ անել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս