Լիբանանի նախագահը բացառել է Բեյրութի պայթյունի միջազգային հետաքննությունը
Լիբանանի նախագահ Միշել Աունը հանդես է գալիս Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության միջազգային հանձնաժողով ստեղծելու դեմ, բայց թույլ է տալիս դրանում արտասահմանցի հետաքննիչների մասնակցությունը:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ այդ միջադեպի պատճառով չի պատրաստվում վաղաժամկետ թողնել պաշտոնը:
«Մեր Սահմանադրությունը պահանջում է, որ մեր դատական համակարգն ինքը հետաքննի ներքին խնդիրները: Դա չի բացառում ֆրանսիացի, ամերիկացի եւ այլ երկրների հետաքննիչների ներկայությունը, որոնք արդեն օգնում են մեր ոստիկանությանը»,-ասել է նա Corriere della Sera իտալական թերթին տված հարցազրույցում:
Խոսելով պայթյունի պատճառների մասին՝ Աունը կրկնել է այն թեզիսը, որ այժմ տեղի ունեցածի վարկածներից ոչ մեկը չի բացառվում, թեեւ առավել հավանականը դժբախտ պատահարն է:
«Բազմաթիվ լիբանանցի վկաներ պնդում են, որ պայթյունից ոչ շատ առաջ ինքնաթիռներ են տեսել: Նրանց անհրաժեշտ է լսել, նույնիսկ եթե նրանք, հնարավոր է, մեծ վստահություն չեն ներշնչում»,-ընդգծել է Աունը:
Բացի այդ, Աունը կտրականապես հերքել է այն վարկածը, որ պայթյունը տեղի է ունեցել «Հըզբոլլահ» շարժմանը պատկանող զենքի պահեստում, ինչն իր հերթին կհանգեցներ ամոնիումի նիտրատի ավելի խոշոր պայթյունի:
Նախագահը նաեւ բացառել է իր վաղաժամկետ պաշտոնաթողության հնարավորությունը, հավելելով, որ Լիբանանում նոր ընտրությունները կարող են տեղի ունենալ տարվա «կամ վեց ամսվա» ընթացքում: Ավերիչ պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում:
Պայթուցիկ ալիքը ոչնչացրել եւ վնասել է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները, ավելի քան 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի: Զոհվել է 171 մարդ, տուժել է շուրջ 6 հազար հոգի, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Լիբանանի ՆԳ նախարարության տվյալներով, ողբերգության պատճառը դարձել է եռակցման աշխատանքների ժամանակ 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումը, որը 2014 թվականին բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: