Բաժիններ՝

Հարցվածների 49 տոկոսը ասել է՝ նրանք նաև մտածում են Հայաստան գալու մասին. Զարեհ Սինանյան

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը լիբանանյան այցն ամփոփելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը Բեյրութի այն հայրենակիցների ուղղությամբ, որոնք տուժել են պայթյունից, իրականացնում է հայրենադարձության քաղաքականություն, և, որ փորձը ցույց է  տալիս, որ Ադրբեջանի փախստականների  և սիրիահայերի պարագայում իշխանությունների գործողությունները շատ բացեր ունեին, ինչի հետևանքով նրանք հեռացան երրորդ երկրներ, դրան հետևած հարցին, թե ինչ կարգավիճակ կստանան լիբանանահայերը՝ նախքան ՀՀ քաղաքացիություն ստանալը՝ տնտեսական միգրա՞նտ, ապաստան հայցո՞ղ, թե՞ փախստական, Զարեհ Սինանյանն արձագանքեց, որ համամիտ չէ հարցի ձևակերպման հետ:

Ըստ նրա՝ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ անցկացնում է հայրենադարձության քաղաքականություն, ճիշտ չէ, քանի որ ստացվում է, թե Հայաստանը թելադրողի դերում է և  ստեղծում է այն իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են վերադառնալ հայրենիք:

«Իրականում դա այդպես չի, իրականում  մենք դիտորդի դերում ենք եղել մինչև այժմ, այսինքն՝ մենք չենք թելադրել հայրենադարձության ընթացք Լիբանանում:

Լիբանանում ժամանակի ընթացքում մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ, որի արդյունքում այսօր կա այն, ինչ որ կա:

Որո՞նք են այդ հանգամանքները՝ երկարաժամկետ տնտեսական ճգնաժամ: Ճգնաժամ, որը մի փոքր արհեստածին է, այսինքն՝ պարտադրված է Լիբանանի վրա, բայց որի հետևանքները շատ լուրջ են, արդեն մեկ տարուց ավելի տևող լրջագույն բանկային համակարգի կաթվածահար վիճակ:

Դրան ավելացնենք նաև՝ տեղացիների համար բացահայտ է, որ այնտեղ տեղի է ունենում շահերի բախման մի շատ լուրջ գործընթաց՝ Արևմուտք, Արևելք, Իրան, Միացյալ Նահանգներ, սուննի աշխարհ, շիա աշխարհ, Եվրոպա.  կարծես բոլորի շահերն այնտեղ բախվում են, և մարդկանց մոտ  սա, նաև ըստ մեր խոսակցությունների, լուրջ վախ կա. այնտեղ կարող են ունենալ նույնիսկ սիրիական քաղաքացիական պատերազմ հիշեցնող երևույթներ»,- պարզաբանեց Զարեհ Սինանյանը։

Գլխավոր հանձնակատարն առկա  իրավիճակին հավելեց նաև համավարակի պատճառով սահմանափակումների առաջ բերած հավելյալ տնտեսական խնդիրները և որպես վերջին հարված՝ պայթյունը: Նա նաև մի քանի տվյալ հրապարակեց, որոնք կապված են Լիբանանում արդեն անցյալ տարվա հոկտեմբեր ամսին տիրող տրամադրությունների հետ.

«Գյուլբենկյան հիմնադրամը հարցախույզ է անցկացրել Լիբանանում և մի քանի հարյուր մարդու է հարցաքննել, որի արդյունքը հետևյալն է՝ հարցվածների 58 տոկոսն ասել է, որ իրենք մոտ ապագայում լքելու են Լիբանանը, իսկ հարցվածների 49 տոկոսն ասել է՝ նրանք նաև մտածում են Հայաստան գալու մասին:

Մենք՝ որպես պետություն, բնական է, նախ՝ օրինական պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների նկատմամբ, իսկ ասեմ, որ դեսպանատան տվյալներով՝ այսօր մոտ 25 հազար լիբանանահայ ՀՀ քաղաքացի կա, և երկրորդն էլ՝ բարոյական պատասխանատվություն ենք կրում մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ անկախ նրանից՝ քաղաքացի՞ են, թե՞ ոչ: Հետևաբար, եթե լիբանանահայությունը լքելու է Լիբանանը, բնական է, մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք գան Հայաստան.  ահա սա է մեր քաղաքականությունը»:

Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ նախկինում տեղի ունեցած հայրենադարձության վերաբերյալ, Զ. Սինանյանը նկատեց.  «Թե ինչ փորձառություն ունեցան իրաքահայերը, սիրիահայերը, լավ էր պատրաստված պետությունը, թե ոչ. բնական է, որ պետությունը լավ չէր պատրաստված, որի հետևանքով մեր հայրենակիցներից շատերը նախընտրեցին չմնալ Հայաստանում, այլ Հայաստանն օգտագործել որպես տրանզիտային կետ՝ երրորդ պետություններ մեկնելու համար:

ՀՀ կառավարությունը մի փաթեթ  է պատրաստում, որպեսզի կարողանանք նորմալ ձևով, ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, որոնք ուզում են լքել Լիբանանը և գալ Հայաստան, որպեսզի մարդիկ գան-հաստատվեն հայրենիքում,  մնան հայրենիքում, դառնան հասարակության լիիրավ անդամներ, լինեն քաղաքացիներ, հարկեր վճարողներ, հայրենիքի զինվորներ, և միասին կերտենք մեր երազած հայրենիքը»,- ամփոփեց Զարեհ Սինանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս