Բայդենը որոշել է, թե դեմոկրատներից ով է լինելու փոխնախագահի թեկնածուն
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի ապագա թեկնածու Ջո Բայդենը սենատոր Քամալա Հարիսին ընտրել է փոխնախագահի թեկնածու: Այդ մասին հաղորդում են ամերիկյան հեռուստաալիքները: Այսպիսով, Բայդենը կատարել է խոստումը. թեկնածուի ընտրությունը կանգ է առել իգական սեռի ներկայացուցչի վրա: Օգոստոսին ավելի ուշ երկուսի թեկնածությունները, ինչպես սպասվում է, հաստատելու են կուսակցական համագումարում: Քամալա Հարիսը 55 տարեկան է:
Նրա հայրը սերված է Ջամայկայից, մայրը՝ Հնդկաստանից: Նա սենատոր է Կալիֆոռնիայի նահանգից: Հարրիսը մասնակցել է Դեմոկրատական կուսակցության փրայմերիզներին, բայց մեկնարկի հաջողությունից հետո արագորեն կորցրել է ժողովրդականությունը եւ դուրս եկել նախագահական մրցարշավից: Փոխնախագահի պաշտոնի համար Հարիսի թեկնածությունը, ամերիկացի փորձագետների կարծիքով, տրամաբանական է եւ ռիսկային չէ: Փրայմերիզների ընթացքում նա փորձել է հաշվեկշիռ գտնել կուսակցության չափավոր դեմոկրատների եւ ծայրահեղ ձախերի դիրքորոշումների միջեւ:
Ընդ որում, ինչպես նշել են արեւմտյան ԶԼՄ-ները, արդյունքում Հարիսը չի բավարարել ո՛չ մեկին, ո՛չ մյուսին եւ դուրս է եկել ընտրություններից: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու դեպքում նա վրդովմունք չի առաջացնի ո՛չ չափավոր դեմոկրատների, ո՛չ էլ ավելի արմատական ձախերի գաղափարների կողմնակիցների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: