Փաշինյանական կետից կամ «ՈւԱԶ»-ային դիվանագիտություն

Գուցե ադրբեջանցիներն իրենց մոլորված «ՈւԱԶ»-ի հետևից էին եկել, իսկ մենք վերցրել ու սկսել ենք կրակել․․․ Տավուշյան էսկալացիայի լարված օրերից քիչ ժամանակ է անցել, ու թեև սահմանին հարաբերական անդորր է տիրում, բայց միևնույն է՝ մարդկանց ականջներում անասելի տհաճությամբ շարունակում է արձագանքել առաջին հայացքից գուցե միամիտ թվացող, բայց իրականում դավաճանական ու անհայրենասեր այս հարցադրումը։ Մեր հասարակությանը պառակտելը վերջին ժամանակահատվածում շատ դյուրին է դարձել, բայց կա մի բան, ինչի շուրջ համախմբումը եղել է միշտ՝ այն, որ թշնամին նենգ է ու ստոր, և սահմանին խաղաղություն սադրողը հենց այդ թշնամին է։ Բայց արի ու տես, որ դրա հետ համակարծիք չէ մեր երկրում մեկ քաղաքացի, այն էլ հպարտ քաղաքացի և ոչ շարքային, ավելին՝ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հպարտ քաղաքացի։ Հետաքրքիր բան է կյանքը՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանն աջ ու ձախ բոլորին մեղադրում էր անհայրենասեր լինելու, զինվորի կյանքը չգնահատելու մեջ, ընդ որում, մեղադրում էր այն մարդկանց, ովքեր բանակաշինության հիմքում էին կանգնած, նրանց, ում շնորհիվ գոյություն ունի Արցախի Հանրապետությունը, իսկ ինքը, երկրի ղեկին լինելով, Կառավարության նիստին նման հարց է տալիս՝ կասկածի տակ առնելով մեր բանակի ազնվությունն ու թշնամուն որպես զոհ ներկայացնում։

Գուցե նման դիրքորոշմամբ էլ Փաշինյանը հանդես է գալիս բանակցային սեղանի շուրջ՝ փակ դռների ետևում կամ վերելակում գլխիկոր խաղաղություն մուրալով և, գուցե, ներողություն խնդրելով, որ մեր գեներալիտետը, պարբերաբար չենթարկվելով իր հրամանին, շարունակում է ծառայել նախկիններին ու խախտում է սահմանային անդորրը։ Կասկածի տակ դնել քո իսկ կողմից կառավարվող երկրի Զինված ուժերի գործողությունները․ սա չտեսնված երևույթ է մեր երկրի պատմության համար, Ղարաբաղյան կոնֆլիկտի պատմության մեջ, ինչն անհետևանք չի անցնի և մեկ օր առանցքային դերակատարում ու լեզվի փաթաթան կդառնա բանակցային գործընթացում։ Ի՞նչն է խանգարելու «կիրթ» Ալիևին մեկ օր կանգնել միջազգային հանրության առջև ու ասել, որ հենց հայկական կողմն է սադրել Տավուշում ռազմական գործողությունները, և դրա վառ ապացույցն է վարչապետ Փաշինյանի արձագանքը։ Առանց այն էլ փակուղի մտած բանակցային գործընթացին միայն դա էր պակասում։

Իսկ իրականում տավուշյան էսկալացիան արդյունքն էր այս երկու տարիների ընթացքում բանակցային սեղանին հայկական կողմի մոտ առկա ուժեղ խաղաքարտերը զրոյացնելու և բանակցությունները մեկ այլ, կասկածելի վեկտորով տանելու՝ փաշինյանական կետից սկսելու, որն արժեցավ մարդկային կյանքեր, մարմնական վնասվածքներ ու ռմբակոծված բնակավայրեր։

Այո՛, 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո փոխվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը, որի արդյունքում բանակցային գործընթացից դուրս մղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, մինչդեռ դրանց շուրջ առավել կենտրոնացված ու թիրախային աշխատանք վարելու դեպքում գուցե արդեն ներդրված լինեին սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները՝ նախահարձակ կողմին հստակորեն տարբերակելու համար, ինչի արդյունքում Ադրբեջանը զրկվելու էր ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով բանակցային գործընթացի վրա ազդելու բոլոր հնարավորություններից, մեխանիզմներ, որոնք նախկին իշխանությունների և դիվանագիտական թիմի 2016թ․ Ապրիլյան պատերազմի ռազմաճակատում ունեցած հաղթանակի կապիտալիզացման անգերազանցելի ձեռքբերումներն էին։ Թերևս, հենց դա էր պատճառը, որ Ադրբեջանի նախագահը բառի բուն իմաստով բողոքում էր, որ իրեն պարտադրում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Սեփական կետից բանակցություններ սկսելու արդյունքում ունեցանք Դուշանբեի պայմանավորվածություններ, երկու կողմերի միջև ուղիղ կապի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման հեղհեղուկ գաղափարներ, որոնք իրենց անարդյունավետությունը լիարժեքորեն ապացուցեցին հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։ Ու միայն այդ ժամանակ ներկայիս իշխանությունները հիշեցին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները բանակցային օրակարգից դուրս մղելով՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվել ադրբեջանական սադրանքների համար։ Հիշեցին, բայց դրանում սեփական մեղավորությունը չընդունեցին՝ փոխարենը սլաքներն ուղղելով դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, թե իրենք են, որ բանակցային օրակարգից դուրս են մղել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և, որ նախկինում էլ դրանք ոչ միշտ են տեղ գտել համանախագահների հայտարարություններում։

Իսկ իրականում այդ մեղադրանքներն ու պատճառաբանությունները ճշմարտացիության հետ աղերս չունեն։ Բավական է ուղղակի դիտարկման առնել ԵԱՀԿ ՄԽ տարածած բոլոր հայտարարությունները, և ամենը պարզ կդառնա։ 2016թ.-ին Ապրիլյան պատերազմից հետո վստահության մեխանիզմների մասին առաջին հիշատակումից մինչև 2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածել են 24 պաշտոնական հայտարարություն և մամուլի հաղորդագրություն, որից 15-ում կամ 63%-ում ուղղակիորեն կամ անուղղակիորեն հիշատակվում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ընդ որում, վերջին հիշատակումը եղել է իշխանափոխությունից ընդամենը 2 ամիս առաջ՝ 2018-ի փետրվարին։

Պատկերը կտրուկ փոխվեց իշխանափոխությունից հետո։ 2018թ. մայիսից մինչև 2020թ. հուլիսը համանախագահների տարածած 26 պաշտոնական հայտարարություններից կամ մամուլի հաղորդագրություններից ոչ մեկում ուղղակիորեն չեն հիշատակվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և միայն 2-ում կամ 8%-ում, այն էլ՝ անուղղակի ձևով է անդրադարձ կատարվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ընդ որում, վերջին անգամ՝ միայն 2019թ․ դեկտեմբերին։ Սա խոսում է այն մասին, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բանակցային օրակարգից ամբողջությամբ դուրս են մղվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այդ թվում՝ գրեթե դուրս են մղվել Կասպրչիկի առաքելության ընդլայնման և վստահության մեխանիզմների ամրապնդման նախաձեռնությունները։

Ներկայիս իշխանությունների անհեռատեսության ու գլուխգովանության արդյունքում մեր սահմանային անվտանգությունն ապահովող համակարգի փոխարեն՝ մեզ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» և վերջինիս «ներկայացուցիչների» հետ հանդիպումների մասին գրառումներն են հրամցնում: Այս ամենում մեղավորը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբն է, այլ հենց Փաշինյանը, այն Փաշինյանը, ում համար ամենակարևորը բանակցություններում սեփական ձեռագիրը թողնելն էր՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքների կհանգեցներ այդ քայլը, մեղավոր է այն Փաշինյանը, ում ամենից շատ անհանգստացնում էր «մոլորված» ՈՒԱԶ-ի համար ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինվորների դիվերսիոն խումբը, քան ռմբակոծությունների տակ հայտնված բնակելի գյուղերը։

ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս