Հին Թիֆլիսի երգիչը
Այսպես է անվանել Վաղարշակ Էլիբեկյանին վրացի նշանավոր գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս Լադո Գուդիաշվիլն (փակագծում նշենք, որ Լադո Գուդիաշվիլն վրացիների Մարտիրոս Սարյանն է)։ Ծանոթանալով Էլիբեկյանի գործերին, նա ասել է. «Նկարչի գունագեղ գեղանկար- մանրանկարները թախծոտ վերհուշ են հին, անցնող Թիֆլիսի մասին։ Այդ կտավները ստեղծված են բնիկ թիֆլիսեցու սիրով, որոնք մեր հիշողության մեջ վերականգնում են մանկության ու պատանեկության մեր քաղաքը»։
Վաղարշակ Էլիբեկյանը երևույթ էր հայ գեղանկարչության պատմության մեջ։ Նկարելու ձիրքը նրա մեջ եղել է ի ծնե։ Նա ավարտել է Թիֆլիսի «Հայարտուն» մշակութային կենտրոնի նկարչական ստուդիան` ճանաչված նկարիչ Գիգո Շարբաբչյանի ղեկավարությամբ։ Սակայն ճակատագիրը նրա համար այլ բան էր նախատեսել։ Տակավին 26 տարեկան Վաղարշակ Էլիբեկյանը նշանակվում է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն։ Նա սիրով համաձայնվում է՝ հույս ունենալով, որ թատրոնում կշարունակի նկարչական գործունեությունը։ Բայց տնօրենի աշխատանքը նրանից այնքան ժամանակ է խլում, որ ոչ միայն նկարելու, այլև ընտանիքով զբաղվելու ժամանակ չէր մնում։ Արդյունքում նկարչությունը նրա մեջ «քուն է մտնում»։ Բայց բարեբախտաբար, ոչ այնքան խոր, քանզի թատրոններում (մի քանի տարի անց Էլիբեկյանը նշանակվում է Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն) աշխատելու տարիներին Վաղարշակ Էլիբեկյանը ձևավորել է երկու տասնյակից ավելի ներկայացում և ամեն մի նոր պրեմիերայից հետո թե գործընկերները, թե քննադատները պնդում էին, որ Վաղարշակ Էլիբեկյանի կոչումը, այն էլ ի վերուստ տրված, նկարչությունն է։ Միայն 1974 թվականին, անցնելով կենսաթոշակի, սկսեց զբաղվել նկարչությամբ։ Շատ դժվար է բացատրել ներքին աշխարհի ուշ արթնացումը, երբ նա թատերական ասպարեզում արդեն կերտել էր իր կենսագրությունը։
Ու սկսեց Վաղարշակ Էլիբեկյանը նկարել։ Առիթը անհավատալիորեն պարզունակ էր…պարապությունը։ Նրա կինը՝ Ֆլորա Երվանդովնան, մի շաբաթով մեկնել էր Երևան, որտեղ արդեն ապրում էին նրանց նկարիչ տղաները և դուստրը՝ Լուիզան։ Ողջ կյանքում օրական 20 ժամ աշխատած մարդը պարապությունից տեղը չէր գտնում։ Նա չէր կարողանում ժամանակը հենց այնպես «սպանել»։ Ահա թե ինչու մի օր գնաց նկարչական պիտույքների խանութ, գնեց ներկեր ու վրձիններ, ստվարաթուղթ։ Մի խոսքով, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նկարելու համար։ Եվ մինչև կնոջ վերեդարձը նա արդեն նկարել էր 4-5 կտավ։ Քիչ է ասել՝ նկարել էր։ Նա ուղղակի կտավի վրա վերարտադրել էր իր մանկության քաղաքը, հին Թիֆյնսը՝ իր նեղլիկ փողոցներով, գունագեղ դուքաններով և իհարկե՝ կինտոներով։
Երբ Ֆլորա Երվանդովնան վերադարձավ տուն, Վաղարշակը նրան ցույց տվեց իր «պարապ վախտի խաղալիքները», նախօրոք խնդրելով իր «վայրիվերումների» մասին ոչ ոքի բան չասել։ Կինը խոստացավ։ Բայց երբ տեսավ ամուսնու նկարածները, մոռացավ իր «ազնիվ խոսքը»։ Հենց հաջորդ օրը, երբ ամուսինն ինչ- որ գործով տանից դուրս էր եկել, «ուխտադրուժ» տիկին Ֆլորան հեռաձայնեց Երևան` Հենրիին և պատմեց ամեն ինչ։ Հաջորդ օրն առավոտյան Հենրին արդեն Թբիլիսիում էր և… նա չի կարողանում թաքցնել իր հիացմունքը։ Նկարիչ որդու գնահատականը երևի կանխորոշեց Վաղարշակ Էլիբեկյան նկարչի ապագան։
Բայց հանուն արդարության պետք է ասել, որ նրա գործերի առաջին գնահատողը եղավ Ֆլորա Երվանդովնան։ Այդպիսին նա մնաց ողջ կյանքում։ Այդ բարի կինը հրեշտակ էր ոչ միայն ամուսնու, այլ նաև արդեն որոշակի հաջողությոնների հասած նկարիչ որդիների համար, ովքեր ամենայն լրջությամբ էին ընդունում մոր դիտողությունները։
Եվ այսպես, տևական քնից հետո Վաղարշակ Էլիբեկյանի մեջ արթնացավ նկարիչը, արթնացավ այն ժամանակ, երբ նա թատերական ասպարեզում վաղուց կենտել էր իր մնայուն «կենասագրությունը»։
Ու սկսեց Էլիբեկյանը նկարել, արարել իր մանկությունը։ Հին Թիֆլիսն է նրա գլխավոր թեման։ Չնայած այն հանգամանքին, որ Թիֆլիսը բազմազգ քաղաք էր, Էլիբեկյանի մանկության Թիֆլիսը շատ է հայկական, այո։ Հենց հայկական։ Նա Վրաստանի մայրաքաղաքը նկարում է այնպես, ինչպես տեսել է մանկության ու պատանեկության տարիներին։ Դժվար գործ էր ձեռնարկել նկարիչը։ Չէ որ Թիֆլիսն այսօր ժամանակակից մեծ քաղաք է՝ լայնահուն պողոտաներով, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով, երկնաքերերով։ Եվ նա պետք է «բարձրացներ» այդ քաղաքի վարագույրը և տեսներ հինը՝ իր մանկության քաղաքը։ Նա կարողացել է կատարել իր խնդիրը։
Նրա կտավներով այսօր կարելի է դատել հին Թիֆլիսի մասին, քաղաքի, որը մոտ է շատերի սրտին։ Իսկ դա այնքան էլ հեշտ գործ չէր։ 20-րդ դարում այստեղ ծնվել և որպես նկարիչ կայացել են Երվանդ Քոչարը, Գևորգ Յակուլովը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Գևորգ Գրիգորյանը (Ջոտտոն), Հովսեփ Կարալյանը։ Եվ նրանց կողքին սկսում են հիշատակել նաև Վաղարշակ Էլիբեկյանին, որ նույն հողի ու ջրի ծնունդ է և իրավմամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել թիֆլիսահայ նկարիչների այս անդաստանում։
Վաղարշակ Էլիբեկյանի մուտքը հայ կերպարվեստ շռնդալից էր։ Արդեն երկու տարի անց, 1976 թվականին, նա երկու անհատական ցուցահանդես ունեցավ Երևանում, մեկն էլ՝ Թբիլիսիում։ Հենց այդ ժամանակ էլ Լադո Գուդիաշվիլին Վաղարշակ Էլիբեկյանին կոչել է «Հին Թիֆլիսի եգիչ»։ Վաղարշակ Էլիբեկյանի՝ նկարչություն մուտք գործելու հետ ամբողջացավ էլիբեկյանների նկարչական գերդաստանը։ Այո, հենց այդպես։ Սովորաբար գերդաստանի սկիզբը դնում է ծնողը։ Էլիբեկյանների պարագայում ստացվեց ուղիղ հակառակը, քանզի Վաղարշակի որդիները՝ Հենրին ու Ռոբերտն արդեն իսկ անուն հանած նկարիչներ էին։ Շուտով տարրբեր քաղաքներում՝ Վիլնյուսում, Մոսկվայում, Վիսբադենում, կազմակերպվում են երեք Էլիբեկյանների համատեղ անհատական ցուցահանդեսները։ Այնուհետև Վաղարշակ Էլիբեկյանի գործերը ցուցադրվում են Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիայոմ, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում և այլուր։
Վաղարշակ Էլիբեկյանի մասին մեր պատումը թերի կլիներ, եթե չասեինք, որ այսօր իրենց պապի ու հայրերի կողքին են կանգնած Հենրիի և Ռոբերտի տղաները՝ Վաղարշակ-կրտսերը, Արագը և Երվանդը։
Վաղարշակ Էլիբեկյանի և նրա որդիների գործերը քանիցս ցուցադրվել են տարբեր երկրներում։ Բայց, որ նկարիչների այդ գերդաստանի երեք սերունդների գործերը ցուցադրվեն մի վայրում, մեկ հարկի տակ, դեռ չէր եղել։ Այդ բացը լրացվեց մեկ տարի առաջ, երբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվեց նման մի ցուցահանդես, որը, ինչ խոսք, դարձավ երևույթ մեր մշակութային կյանքում և ուրախություն պատճառեց հազարավոր արվեստասերների։
Այսօր, 2020 թվականի օգոսոսի 10-ին, լրանում է Վաղարշակ Էլիբեկյանի ծննդյան 110-ամյակը։ Թող իմ այս գողտրիկ մանրապատումը լինի իմ հարգանքի տուրքը Մեծ թիֆլիսեցու, հայ գեղանկարչության երևելի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ, մի մարդու, ում ճանաչել և սիրել եմ մանկուց։
Լևոն Ազրոյան