Բուհեր չընդունված դիմորդները պնդում են, որ վաղը հանդիպելու են ԿԳՄՍ նախարարի հետ, սակայն նախարարությունից լուրը չեն հաստատում
Բուհեր չընդունված դիմորդները վաղը պատրաստվում են դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր բուհ չընդունված դիմորդ Հայկ Բաբալյանը. «Մեր պայքարի սկզբից հանդիպում ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հետ։ Օրեր շարունակ մեր պահանջն անտեսվում և մերժվում էր։
Սակայն վերջապես պարոն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու։ Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 4–ին, ժամը 14։00–ին։ Հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու ենք նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։
Հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։ Արդյունքների և հետագա անելիքների մասին կտեղեկացնենք հանդիպումից հետո»։
Հայկ Բաբալյանի գրառման մեկնաբանություններում ԿԳՄՍ նախարարության լրատվությունից գրել էին, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախարար Հարությունյանի վաղվա ծրագրերում նման հանդիպում նախատեսված չէ։
168.am-ը Հ. Բաբալյանից հետաքրքրվեց՝ անձամբ նախարարի հե՞տ են պլանավորել հանդիպումը։
«Վաղը մենք հանդիպելու ենք, տվյալներն իմ էջում կհրապարակենք, և բոլորը կծանոթանան, այլ հարցերի չեմ կարող պատասխանել, թե ով է ասել, և այլն»,- ասաց նա։
Հաջորդ հարցին՝ հստակ է, որ հանդիպելու են ԿԳՄՍ նախարարի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, այո»։
Թե որտեղ է հանդիպումը տեղի ունենալու՝ Հայկ Բաբալյանը դժվարացավ ասել. «Տվյալները ես կհրապարակեմ, կտեսնենք, վաղվա մասին ամեն ինչ հասկանալի կլինի, երբ հրապարակենք տվյալները»։
Հիշեցնենք՝ հուլիսի 21-ից բուհ չընդունված դիմորդների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում ԳԹԿ-ի,ԱԺ-ի և Կառավարության դիմաց։ Ծնողների բողոքի պատճառն այն էր, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ գերակայություն է տրվում առաջին հայտին: Այսինքն, եթե ուսանողն առաջին հայտով նշել է Իրավագիտություն և հավաքել 15 միավոր, իսկ այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 19, և հետևաբար՝ այդ բաժին չի ընդունվել, ապա հաջորդ նշված բաժիններ ընդունվելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր: Եթե դիմորդը երկրորդ հայտով դիմել է Քաղաքագիտություն, և այնտեղ անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 7.5, նա իր 15 միավորով չի կարող ընդունվել այդ բաժինը, եթե չկան թափուր մնացած տեղեր: Նրանք պահանջում են, որ դուրս մնացած դիմորդների համար ֆակուլտետներում տեղեր ավելացվեն, ապա առաջին կիսամյակի ավարտին խիստ քննության արդյունքում որոշեն՝ ո՞վ պետք է մնա, ո՞վ՝ ոչ: