Ինչո՞ւ է Թուրքիան վճռական քայլերի անցնում Արցախյան հարցում

Թուրքիայի նախագահի խոսնակը բացահայտել է տավուշյան սրացմանը հաջորդած Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի բովանդակությունը, ըստ էության, հաստատելով ավելի վաղ մամուլում և փորձագիտական հանրության շրջանում առկա կասկածները Թուրքիայի՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում որոշակի դերակատարություն ստանձնելու հավակնության վերաբերյալ։

Օրերս Իբրահիմ Քալընը CNN Türk-ի եթերում, անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող Ադրբեջան-Թուրքիա համատեղ լայնածավալ զորավարժություններին, նախ փոխանցել է պաշտոնական Անկարայի մեսիջը․ «Ադրբեջանը մենակ չէ»:

«Որտեղից էլ սպառնան Ադրբեջանին, Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիան մինչև վերջ կշարունակի լինել Ադրբեջանի կողքին: Սակայն սա չի նշանակում, որ այսպիսով փակում ենք դիվանագիտության դռները»,- ասել է Քալընը՝ նկատի ունենալով նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը:

«Մենք Ադրբեջանի կողքին ենք, Ադրբեջանի միությունը, միասնությունն ու անվտանգությունը նաև մերն է: Եվ այստեղ ոչ մի կասկած չկա: Իր մոտեցման մասին Էրդողանը հայտնել է նաև Պուտինին՝ նրան առաջարկելով օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները լարվածության թուլացման համար»,- ասել է թուրք պաշտոնյան՝ շարունակելով, որ երկու նախագահների հեռախոսազրույցն արդյունավետ է անցել:

«Համաձայնության են եկել միասին աշխատել, լարվածությունը նվազեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկել, կողմերին առաջարկներ անել և անմիջապես բանակցություններ սկսել»,- նշել է Թուրքիայի նախագահականի խոսնակը՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին այս պայմանավորվածության արդյունքը կերևա:

Թուրքիայի այս դերակատարությունն անընդունելի է հայկական կողմերի համար։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է Թուրքիայի վերջին շրջանի դիրքավորմանը՝ ասելով, որ Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Նախարար Մնացականյանի խոսքով,  այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս, որն անընդունելի է, որին մենք դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու ենք այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից մեզ համար անընդունելի է լինելու:

«Մենք այդ առումով օգտագործում ենք մեր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով»,- նշել էր Զոհրաբ Մնացականյանը։

Մեզ հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ Թուրքիայի իշխանություններն անցյալի համեմատությամբ փորձում են ավելի վճռական քայլերի դիմել։ Սակայն, ըստ նրա, դրա հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանն է նման դերակատարություն ակնկալում Թուրքիայից և այսօր շատ ավելի, քան անցյալում, ըստ էության, ներքաշելով Թուրքիային այս դաշտ։

«Իշխանությունները մշտապես հայտարարել են, որ կանգնած են Ադրբեջանի կողքին, և ամեն բան նման հայտարարություններով սահմանափակվել է։ Իսկ այսօր հասկանալով, որ նման հայտարարություններն այլևս չեն բավարարում Ադրբեջանին, որոշակի գործնական քայլեր են արվում, որոնցից առաջինը՝ համատեղ զորավարժությունները, որը իրենից ռազմական աջակցություն է ենթադրում և դիվանագիտական՝ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի տեսքով։ Ասել, որ սա բնորոշ չէ Թուրքիայի իշխանությունների ներկայիս քաղաքականությանը, միամտություն կլինի, այս ամենը շատ հարմար կերպով տեղավորվում է վերջին տարիների թուրքական քաղաքականության շրջանակներում, բայց ընդհանուր ձևակերպումներից կարելի է հասկանալ, որ կարմիր գծեր հատելու ցանկություն չկա։ Սակայն Թուրքիան աջակցում է և այդ աջակցությունը ցույց է տալիս»,- ասաց Աքթարը։

Հարցին, թե Պուտին-Էրդողան ի՞նչ պայմանավորվածություններ կարող էին լինել բանակցությունների վերսկսման վերաբերյալ, Աքթարը պատասխանեց, որ հեռախոսազրույցի բովանդակությունը ներկայացված է այնպես, ասես Էրդողանը հետաքրքրվում է, թե ինչ է տեղի ունենում բանակցային սեղանին, և ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանն իրավիճակը մեղմելու ուղղությամբ։

«Տպավորություն չունեմ, թե խոսքը ռուս-թուրքական պայմանավորվածությունների մասին է, խոսքը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի քայլերին է վերաբերում, որոնք կարծես համակարգվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, այլապես կմերժվեին այդ խմբի կողմից։ Հաշվի առնելով նաև Երևանի պաշտոնական դիրքորոշումը, հասկանալի է, որ, եթե նույնիսկ լինեին հստակ պայմանավորվածություններ բանակցությունների, ապա Հայաստանը երևի թե դրանք կմերժեր։ Կարծում եմ՝ լարվածության թուլացում այսօր հարկավոր է նաև Թուրքիային այս գոտում, քանի որ Թուրքիայի իշխանություններն արդեն իսկ բազում խնդիրներ ունեն Մերձավոր Արևելքում, Ադրբեջանն ավելացնում է ևս մեկը, և ակնհայտ է նաև, որ Թուրքիան որոշակի վճռական քայլեր ցույց տալու խնդիր ունի՝ անկախ դրա արդյունքից»,- ասաց Աքթարը։

Հարցին, թե Պուտին-Էրդողան ի՞նչ պայմանավորվածություններ կարող էին լինել բանակցությունների վերաբերյալ, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը պատասխանեց, որ Թուրքիան չի կարող մասնակցել բանակցությունների, քանի որ ՄԽ համանախագահ երկրները երեքն են։

«Թուրքիան կարող է իր ցանկությունները, քաղաքական նպատակահարմարությունները ներկայացնել Ռուսաստանին, որն ակտիվ միջնորդ է հատկապես այսօր, երբ եղել է սրացում ու կա անհրաժեշտություն իրավիճակը կայունացնել, չնայած վերջին շրջանում այս հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ արտաքին քաղաքական խնդիր չէ։ Այս երկրները որևէ սահմանափակում չունեն հարցը քննարկել որևէ մակարդակում, սա քաղաքականություն է, և դա նորմալ է։ Այլ հարց է մասնակցության հարցը, դրա արտոնությունը Թուրքիան չունի, և դրան դեմ է Հայաստանը։ Ռուսաստանի ԱԳՆ մակարդակով մի քանի անգամ ասվել է, որ լարվածությունը թուլացնելու համար նախատեսվում է կազմակերպել հանդիպում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ Թուրքիան իրեն դիրքավորում է՝ որպես տարածաշրջանային տերություն, և տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հարցը քննարկում միջնորդ երկրի հետ, քննարկում բազմակողմանիորեն, այսինքն՝ բանակցությունները, հակամարտության գոտում արվող նախաձեռնությունները։ Այսքանն է, կարծում եմ, ավել ծրագրեր չկան։ Այս ամենի վրա ազդում է նաև այն մթնոլորտը, որը ներկայումս կա Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ամեն բան այդքան էլ պարզ չէ, բայց ոչ անվերահսկելի՝ հատկապես այս հարցում»,- ասաց Սկակովը։

Հիշեցնենք, որ օրերս կայացել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Ադրբեջանի նախագահը շնորհակալություն էր հայտնել թուրք պաշտոնակցին վերջին շրջանում  ցուցաբերվող վճռական աջակցության համար։

Տեսանյութեր

Լրահոս