«Տվյալ հատվածում ո՛չ փողոցի համար կա, ո՛չ բան, այսպես անտեր ու դուրս է, ինչպես ջունգլիները: Տարածքում չկա խմելու, ոռոգման ջուր»
«Մոնթե Մելքոնյան» տնատիրության զարգացման ՀԿ նախագահ Սերգեյ Գրիգորյանը Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածի բնակիչների անունից հայտնել էր, որ երկար ժամանակ խնդրի առջև են կանգնած. չկա կոնկրետ հասցե, վերանորոգված և լուսավորված ճանապարհ, խմելու և ոռոգման ջուր:
«Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածում մոտ 525 ընտանիք է բնակվում: Նախկինում եղել է Այգեգործական միություն, որի լուծարումից հետո տարածքը մնացել է անանուն: Տվյալ հատվածում ո՛չ փողոցի համար կա, ո՛չ բան, այսպես անտեր ու դուրս է, ինչպես ջունգլիները: Տարածքում չկա խմելու, ոռոգման ջուր: Վերանորոգված ճանապարհ չկա ու լուսավորություն: Ճանապարհը բերել են, որ սարքեն, մեկ ամիս է՝ թողել են. կեսն արել են, կեսը՝ չէ, ու անբարենպաստ եղանակին մարդիկ մնում են ճանապարհի կեսին:
Ճանապարհին ցուցանակներ չկան: Ուզում էինք, որ փողոցը կոչվեր Մոնթե Մելքոնյանի անունով, բայց կա, գոնե դնեն Այգեգործների թաղամաս, ինչ-որ մի անուն դնեն, որ փողոց հարցնեն՝ ասենք: Շտապօգնությունը եկել, ասում է՝ ճանապարհն ինչպե՞ս գանք: Մինչև գնում, դիմավորում և շտապօգնության մեքենան բերում ենք՝ մարդը մահանում է»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Սերգեյ Գրիգորյանը:
Խնդրի հետ կապված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի լրատվական բաժնից հայտնեցին, որ իրենց ուժերից վեր է այս ամենը մենակ կարգի բերելը:
«Մենք՝ որպես վարչական շրջան, չենք կարող դնել ու ամբողջը սարքել. չունենք այդ ռեսուրսը՝ ո՛չ ֆինանսապես, ո՛չ տնտեսապես: Ինչ մեր ծրագրային բյուջեն թույլ է տալիս՝ մենք դա անելու ենք: Հարցը գլոբալ է, մեկ օրում չի կարող լուծվել: Վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը բազմիցս հանդիպել է բնակիչներին: Մենք, որպես վարչական շրջան, ունենք հստակ գործառույթ. սկսենք ճանապարհաշինությունից։ Իրենք մեզ դիմել են՝ ասելով, որ ճանապարհ չունեն, և այլն, մենք ասֆալտի տաշվածքով հարթեցում ենք իրականացրել, տվել իրենց: Իրենք դիմել են մեզ լուսավորության, կոյուղու հետ կապված խնդրով, որոնցով առանձին կառույցներ են զբաղվում: Մենք միջնորդություն ենք ուղարկել «Երքաղլույս» ՓԲԸ, «Վեոլիա ջուր»: Նախագիծ պետք է լինի, չեն կարող հենց այնպես գնալ ու սարքել: «Երքաղլույս»-ին դիմել ենք, որ գոնե լուսավորության հարցը կարողանանք լուծել այն հատվածում, որտեղ ճանապարհ կա արդեն: Մարդիկ չունեն կոյուղի, եթե հնարավոր է՝ բոլոր մարմինները միասին պետք է նախագիծ մշակեն, որ գոնե մասնակի այս մարդկանց հարցը կարողանան լուծել: Դա ամառանոց է եղել, ոչ հիմնական բնակավայր: Բայց քանի որ մեկը հետո տունը տվել է տղային, մյուսը՝ աղջկան, գնացել են բնակվելու, իսկ դրա համար պայմաններ են պետք՝ ճանապարհ, լույս, կոյուղի»: