Հայ պատանիների ստարտափները՝ աուտիզմի, ինքնաբուժության, պլաստիկի վերամշակման մասին
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ամփոփել է «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագիրը և իրականացրել է «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» առցանց միջոցառումը, որի ընթացքում Հայաստանի մի շարք համայնքներից ստարտափներ ներկայացրել են իրենց գաղափարները։
Դեմո օրվա շրջանակներում, մասնավորապես, իրենց գաղափարներն են ներկայացրել 13 ստարտափներ։ Առցանց միջոցառման ժամանակ թիմերի ներկայացուցիչները պատմել են իրենց ծրագրերի մասին, ինչպես նաև պատասխանել են ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած ժյուրիի հարցերին։ Ժյուրիի կազմում էին Գոռ Վարդանյանը, Արամ Փախչանյանը, Նժդեհ Հովհաննիսյանը, Արմինե Պետրոսյանը և Գրեգ Հովհաննիսյանը։
Կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը նպատակ ունի բացահայտելու մարզաբնակ պատանի ձեռներեցների ներուժը՝ խթանելու նրանց ստեղծել ստարտափներ, զարգացնել նորարարական գաղափարները։
«Ստարտափ ակումբ» կրթական ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին։ Այն գործում է Հայաստանի մի շարք շրջաններում՝ Աշտարակում, Ապարանում, Գավառում, Եղվարդում, Կոթիում, Այգեհովտում։ Այս շրջաններից ծրագրին մասնակցել են 13-17 տարեկան շուրջ 160 պատանի, որոնցից ձևավորված ստարտափները նույնպես մասնակցել են դեմո օրվան։
Առցանց միջոցառմանը մասնակցել են իրարից շատ տարբեր գաղափարներ։ Օրինակ՝ Էջիջին հավելված է, որն իր օգտատերերին կօգնի համադրել արդեն իսկ ունեցած հագուստը այլ իրերի հետ` համապատասխանեցնելով ձեր տեսքը նորաձևության միտումներին։
Cinderella Beauty Car ստարտափը մատուցելու է գեղեցկության և խնամքի ծառայություններ հատուկ ավտոմեքենայի մեջ, որը հնարավոր կլինի հեշտությամբ պատվիրել:
AgroRent-ը հնարավորություն է ընձեռում գյուղաբնակներին վաճառել գյուղմթերք, քաղաքաբնակներին` ամրագրել և գնել գյուղմթերք։
Phoenix Ecosal ստարտափը վերամշակելու է պլաստիկը և արտադրելու է նորաոճ ու որակյալ սալիկներ՝ այսպիսով կանխելով շրջակա միջավայրի աղտոտումը և հաղորդելով բազմազանություն ձեր շինարարությանը։
Կորվուսը բջջային հավելված է, որի առաքելությունն է օգնել մարդկանց սովորել ժեստերի լեզուն, հեշտացնել խուլ մարդկանց հետ հաղորդակցման հարցը, քանի որ շփման արգելքը պետք է վերանա։
Bright ստարտափ թիմի մասնակից Թերեզա Թումանյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ այս ընթացքում ձեռք է բերել արդիական գիտելիքներ և հմտություններ։
«Ստարտափ ակումբի կրթական այս ցիկլի ընթացքում ձեռք բերեցինք կարևոր, արդիական շատ գիտելիքներ և հմտություններ։ Անչափ ոգևորված ենք մասնակցելու Ստարտափ ակումբի Դեմո օրվան, որտեղ վերջապես ներկայացրինք մեր գաղափարներն ու դրանց վրա տարված աշխատանքների արդյունքները։ Աշխատանքների մեր նպատակը աշխարհն ավելի լավը դարձնելն է, և Ստարտափ ակումբը մեզ լիովին տալիս է այդ հնարավորությունը»,- պատմում է Թերեզան։
Թերեզայի թիմը Աշտարակի ստարտափ ակումբից ստեղծել է լուծումներ՝ աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու կատարել մի շարք հեշտ առաջադրանքներ և ավելի ինքնակազմակերպված դառնալ:
Ի դեպ, այս ստարտափը արժանացել է մրցանակի՝ մասնակցություն Բիլայն Ստարտափ Ինկուբատորի ինկուբացիոն ցիկլին։
Դեմո օրվա արդյունքում հաղթող ճանաչվեց Belthy ստարտափը, որն ուզում է լուծել ինքնաբուժության ու համացանցի ոչ վստահելի աղբյուրներից բուժումներ գտնելու խնդիրը։
Սիրարփի Աղաբաբյան