Որտեղ են նոր մակարդակի տնտեսություն կառուցելու հեռանկարները. ճգնաժամը որպես հնարավորություն դիտարկելը շատ քիչ է

Տնտեսական իրավիճակը Հայաստանում վատ է ու շարունակում է վատանալ։ Չեն երևում նոր մակարդակի տնտեսություն կառուցելու հեռանկարները։ Միայն հայտարարություններով նոր մակարդակի տնտեսություն չեն կառուցում։

Հայտարարություններով վերջին 2 տարիներին Հայաստանում ինչեր ասես, որ չենք արել. «տնտեսական հեղափոխություն» ենք իրականացրել, թռիչքաձև աճեր ենք արձանագրել, ներդրումային ու շինարարական բում ենք ապահովել։ Բայց ինչ ունենք այսօր. ունենք նույն խղճուկ տնտեսական իրավիճակը, որը շատ ավելի վատ է, քան կար նախկինում։

Տնտեսությունը մի բան էլ հետ է գնացել։ Վերջին 2 տարիներին, եթե նույնիսկ որոշ առումներով ինչ-ինչ առաջընթաց ունեցել ենք, ապա հիմա դա էլ չկա։

«Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից»,- օրերս գործարարների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մեղմ է ասել, տնտեսական աճի տեմպը կորսված է։ Չնայած կառավարության կանխատեսած 2 տոկոսին, սպասվում է շատ ավելի մեծ տնտեսական անկում։ Ու դա նշանակում է, որ 2019թ., թեկուզ և անորակ աճից, ոչինչ չի մնալու։ Գրեթե վերադառնում ենք 2018թ. մակարդակին։

Այս տարի ՀՆԱ-ն ավելի քիչ կլինի, քան անցած տարի էր։ 2 տոկոսանոց անկման պարագայում կառավարությունը կանխատեսել է, որ ՀՆԱ-ն կլինի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ։ Անցած տարի այն 6 մլրդ 569 միլիարդ էր, իսկ 2018թ.՝ 6,01 մլրդ դրամ։

Բայց խնդիրը միայն այս թվերի մեջ չէ։ Այս թվերը շատերին գուցե շատ բան չեն ասում։ Այլ բան, երբ դրանք տեղափոխում ենք իրական կյանք։

ՀՆԱ կրճատումը ենթադրում է, որ տնտեսությունը սկսում է ավելի քիչ արտադրել, որ նվազում են՝ ինչպես պետության, այնպես էլ՝ հասարակության եկամուտները, որ փակվում են աշխատատեղերը, որ մարդիկ գործազուրկ են դառնում, որ կորցնում են ապրուստի իրենց միջոցները և համալրում աղքատների շարքերը։ Այսօր արդեն տասնյակ հազարների է հասնում փակված աշխատատեղերի թիվը։ Որքան էլ վարչապետը փորձի տպավորություն ստեղծել, թե իրավիճակը կարգավորվում է, դա այդպես չէ։

«Մայիսին ունեցել ենք կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում: Ամփոփել ենք նաև հունիսի տվյալները, և կարող եմ արձանագրել, որ այդ միտումը շարունակվում է, և չնայած կարիք ունենք վերլուծելու և հասկանալու մեր ձեռքի տակ եղած վիճակագրությունը, որը վկայում է, որ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում, ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով»։ Այս հայտարարությունը գործարարների հետ հանդիպմանն արեց վարչապետը։ Բայց մոռացավ կամ խուսափեց ասել, թե քանի աշխատատեղ ունեինք անցած տարվա վերջին կամ այս տարվա մարտին, երբ համավարակը դեռևս իր հետևանքները չէր թողել տնտեսության վրա։ Իսկ փաստն այն է, որ, ինչպես անցած տարվա վերջին, այնպես էլ՝ այս տարվա մարտին շատ ավելի հայտարարագրված աշխատատեղեր կային, քան կան այսօր։ Խոսքն առնվազն 20 հազարի մասին է։

Այդքան աշխատատեղ փակվել է և ոչ մի նշանակություն չունի, որ այս տարվա հունիսին գուցե և մի քանի հարյուրով ավելի գրանցված աշխատատեղ կարող է լինել, քան անցած տարվա հունիսին էր։

Պաշտոնական վիճակագրությունը հունիսի աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հրապարակել։ Երբ կհրապարակի, հնարավոր կլինի ավելի առարկայական խոսել, թե ինչ է տեղի ունեցել այդ ամսին շուկայում և քանի գրանցված աշխատատեղ է փակվել։

Չհաշված, իհարկե, այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր աշխատում էին օրավարձով, հասկանալի պատճառներով պետական գրանցում չունեին, բայց զրկվել են իրենց աշխատանքից։

Սա իրավիճակ է, որը գալիս է տնտեսությունից։ Եվ քանի դեռ տնտեսությունը չի վերականգնվել, անմիաստ է սպասել, որ աշխատատեղերը պիտի վերականգնվեն։

Տնտեսությունն առաժմ ներքև է գլորվում։ Տարվա առաջին կեսի արդյունքներով՝ ունենք 5 տոկոսին մոտ տնտեսական ակտիվության անկում։ Փոխարենը մտածելու անկումը կանգնեցնելու մասին՝ հիմա էլ վարչապետը նոր մակարդակի տնտեսություն կառուցելու ամբիցիաներ է ներկայացնում։ Այնպես, ինչպես համավարակի ու համաշխարհային տնտեսության անկման պայմաններում մի քանի ամիս առաջ խոսում էր միջազգային շուկաներում ունեցած և ոչնչով չարդարացված հավակնությունների մասին։

Ճգնաժամերը գուցե և հնարավորություններ են բացում տնտեսությունների առաջ։ Բայց այդ հնարավորությունները պետք է կարողանալ ճիշտ օգտագործել, և, որ ավելի կարևոր է, պետք է պայմաններ ստեղծել դրան հասնելու համար։ Միայն հայտարարություններով տնտեսություն չի զարգանա, ու համաշխարհային շուկայում հայկական ապրանքները չեն կարողանա նոր հորիզոններ նվաճել։

Զարմանալի չէ, որ ճգնաժամի ընձեռած հնարավորություններն ի շահ Հայաստանի տնտեսության օգտագործելու վերաբերյալ հայտարարություններից հետո մեր տնտեսության դիրքերն արտաքին աշխարհում շարունակել են վատանալ, եղած շուկաներն էլ կորցնում ենք։ Ուր մնաց թե՝ նորերը նվաճենք։

Այսքանից հետո ի՞նչ նոր մակարդակի տնտեսություն կառուցելու մասին է խոսքը, երբ նույնիսկ եղածը պահպանելու խնդիր ունենք։ Վերջին շրջանում տնտեսության կառուցվածքը մի բան էլ վատացել է, չնայած մինչ այդ էլ մի բան չէր։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ կառավարությունն իր գործունեության ծրագրում արձանագրել է, թե որոնք պետք է լինեն տնտեսության առաջնահերթությունները՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիակա՞ն, թե՞ արդյունաբերական տնտեսությամբ երկիր դարձնելը, որը պետք է միտված լինի արտահանմանը։

Թե որքանով է կառավարությունը հասել իր այս նպատակադրմանը, ակնհայտ է։ Դրա համար ընդամենը պետք է տեսնել՝ ինչ ունենք տնտեսության իրական հատվածում։ Արդյունաբերության բոլոր ճյուղերում ունենք անկում, բացառությամբ մեկի։ Այդ մեկն էլ կապված է ոչ թե՝ բարձր տեխնոլոգիաների, այլ՝ ընդերքը քանդել-ծախելու արատավոր երևույթի հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս