«18+ ստեղծագործություններ են ներառվել դպրոցական դասագրքերում, ախր գոնե պետք է ներառողները դրանք կարդացած լինեին, որ իմանային». Միլիտոնյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով հիմնական և ավագ դասարանների համար «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկայի շուրջ ծավալված քննարկումներին, նախ նշեց, որ փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև ժամանակակից գրողներ, դրանցից մեկը, օրինակ, աշխատել կամ աշխատում է «Անտարես» հրատարակչությունում, և դպրոցական ծրագրերում ընդգրկվել են հիմնականում այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք տպագրել է հենց այս հրատարակչությունը։
«Մեծ մասամբ ընտրվել են այն ժամանակակից գրողները, որոնց ստեղծագործությունները հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Դա այն խնդիրն է, որ այսօր հրատարակչությունները տառապում են գնորդ և ընթերցող գտնելու հիվանդությամբ, դա բիզնես է, և իրենք իրենց տպած հեղինակներին պետք է փառաբանեն, գովեն, աշխատեն մտցնեն դասագրքեր, որ հետո էլ դասագիրք գրեն ու շահեն։ Մենք ոչ թե մեղադրում ենք, այլ խոսում այն մասին, որ հանձնաժողովում ավելի լայն հայացքով պետք էր նայել, հակառակ պարագայում՝ կա շահերի բախում, և սա ես ասում եմ, որ հետագայում հաշվի առնեն նման հանգամանքները»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը՝ նշելով, որ խնդիրներ է տեսնում նաև նրանում, որ ժամանակակից գրողները դասագրքերի ցանկ են ներառվել՝ առանց համապատասխանելու անհրաժեշտ չափորոշիչներին։
«Բացարձակ ոչ մի չափորոշիչ այդ ընտրության հարցում չի գործել. ընտրել են պատահականության սկզբունքով, և այդ ցանկում ուղղորդված անուններ են. այստեղ չափորոշիչներ չեն գործել։ Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե այդ նոր ժամանակակիցների ո՞ր գործերն են դրել ցանկում. չէ՞ որ կա 18 տարեկանից բարձր տարիքի համար գրված ստեղծագործությունների հարցը, որոնք չպետք է մտնեն դասագիրք, բայց մտել են. Օրինակ, իմ ստեղծագործություններից մեկը, որը դրվել է դասագրքում, ես չեմ էլ իմացել այդ մասին, 18 տարեկանից բարձրի համար է գրված, դա 18 տարեկանից ցածրի համար չէ, որովհետև կան լեզվաոճական հնարքներ, գիտակցական հոսքի հարց, և այլն. դա 18 տարեկանից ցածրը չի կարող ընկալել։ Այս խնդիրն էլ գալիս է նրանից, որ նախ՝ այդ հանձնաժողովների անդամները պետք է գոնե կարդացած լինեին այդ ստեղծագործությունները, որ իմանային՝ ինչ են ներառել»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը։
Ըստ Գրողների միության նախագահի՝ հաջորդ խնդիրը պայմանավորված է նրանով, որ լինելու են ուսուցիչներ, որոնք չեն կարողանալու հայթայթել ու կարդալ գրականության ցանկում ներառված ժամանակակից գրողների ստեղծագործոթյունները հենց միայն այն պատճառով, որ այդ գրքերից շատերը հրատարակվել են շատ փոքր տպաքանակով և արդեն իսկ վաճառվել են։
«Հիմա ինչպե՞ս է հեռավոր մարզում ապրող ուսուցիչը ձեռք բերելու այդ գիրքը, որ կարդա, հո բոլոր գրքերը չե՞ն, որ կան համացանցում։ Այսինքն՝ ուսուցիչն ու աշակերտը չեն կարողանալու գտնել այդ գրքերը. սա լուրջ խնդիր է»,- ասաց նա։
Գրողների միության նախագահի խոսքով՝ խնդիրներից հաջորդն այն է, որ հիմնական և ավագ դասարանների «Գրականություն» և «Հայ գրականություն» դասագրքերում խախտված է հեղինակների ժամանակագրությունը, ինչը շատ կարևոր բացթողում է։
«Այդ ժամանակագրությունն աշակերտի մեջ գրականության նկատմամբ ողնաշար է ձևավորում, բերում մտածողություն ու ընկալում, հետևաբար, եթե խախտված է ժամանակագրությունը, և ճանճի թռիչքի պես են ներկայացված գրողները, աշակերտն այդ շղթան չի կարող ընկալել, այդ խախտված ժամանակագրությունն ընկալելը նրա համար դժվար է լինելու։ Կամ ինչպե՞ս հասկանանք, որ մի դասարանում նույն հեղինակին անցնում են մի քանի անգամ. սա ես չեմ համարում կառուցողական մտածողության հետևանք»,- ասաց Միլիտոնյանը։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս չափորոշիչներում կան թերություններ, շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչո՞ւ, օրինակ, դրանում ներառված չեն արցախահայ գրողներ, սփյուռքահայ գրողներ, կամ ինչո՞ւ ներառված չէ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» և այլ կարևոր գրողներ։
Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ հաշվի առնելով առկա բոլոր խնդիրները՝ Գրողների միությունն անհրաժեշտ դիտողություններ ու առաջարկություններ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարությանը և սպասում է պատասխանին։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում