«Դիմակով քնում ենք, դիմակով զուգարան ենք գնում». քաղաքացիները՝ դրսում դիմակ կրելու մասին

Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ինչպես փակ, այնպես էլ՝ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Շատ մասնագետներ ահազանգում են, որ դիմակ կրելը տարբեր հիվանդություններ կարող է առաջացնել:

168.am-ը զրուցել է Երևանի անցորդների հետ և հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերվում բաց տարածքներում դիմակ կրելու որոշմանը: Կարծիքները տարբեր են.

«Այսքան ժամանակ միայն վիրաբույժներն են դիմակ կրել` այն էլ 2 ժամով, ոչ թե ամիսներով: Դիմակներով քնում ենք, դիմակով զուգարան ենք գնում արդեն: Քրտինքը գալիս-լցվում է, չես կարողանում շնչել, ակնոց ես դնում, արտաշնչում ես, բուղը տալիս՝ ակնոցներդ փակում է, բան չես զգում: Հետաքրքիր է՝ այդ օրենքը հանողները չե՞ն նկատել այդքանը: Անձամբ ես դեմ եմ դիմակին»:

«Եթե պահանջվում է, պետք է արվի: Շնչելու ժամանակ դիմակը թրջվում է, չէ՞, արդեն իր հատկությունը կորցնում է, և հոտ է գալիս: Օրվա ընթացքում, եթե շատ եմ մեքենան քշում, 2 դիմակ եմ կրում: Օրվա ընթացքում 240-250 դրամ դիմակի եմ տալիս»:

«Դիմակը դնում՝ խեղդվում եմ, դրա համար էլ մեկ-մեկ հանում եմ, թե չէ մեր թագավորի ասածն իմ համար օրենք է ու բոլորիս համար պետք է օրենք լինի: Եթե պարոն Փաշինյանն է ասում, ինքն է կրում, մենք՝ սովորական մարդիկս, պետք է կրենք»:

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ արտակարգ դրության մեկնարկից մինչ օրս ընդամենը 1 դիմակ է գնել, և այն ձևական բնույթ է կրում.

«Կարծում եմ՝ դիմակ կրելն աբսուրդ է, որովհետև այն դժվարացնում է շնչառությունը, և մարդ վատանում է: Դիմակը ստիպված եմ դնում, որովհետև փորձում են տուգանել, մտնել գրպանս, դրա համար: Ես այս մի դիմակն եմ առել ամենասկզբից, արդեն կեղտոտվել է, համարյա չեմ կրում: Դիմակը չի կարող ոչնչից պաշտպանել, սա քաղաքականություն է:

Տեսանյութեր

Լրահոս