«Շատ լավ բան է տեղի ունեցել, թույլ տվեք մենք ևս կազմակերպենք նման միջոցառումներ. մի՛ տուգանեք». Աշոտ Բարսեղյան

«Բիզնեսները, չիմանալով կոնկրետ օր, թե երբ է ազատականացվելու տնտեսությունը, և երբ են թույլ տրվելու աշխատանքները, չեն կարող այդպես երկար ժամանակ իրենց գոյությունը պահել: Ես սա փորձեցի բիզնեսմենների անունից փոխանցել էկոնոմիկայի նախարարին, և մտածել, թե այդ ուղղությամբ տնտեսական բլոկն ինչ տիտանական աշխատանք ունի կատարելու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց հանրային սննդի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը:

«Ես նաև փոխանցեցի մեր անհանգստությունը՝ դիմակների հետ կապված երկրում տիրող ոստիկանական ահաբեկման վերաբերյալ: Նախ՝ փաստենք, որ ոստիկանները չեն տիրապետում օրինական բազային, իրավական գիտելիքների ցածր մակարդակ ունեն, չեն տիրապետում պարետի որոշումներին, չեն տիրապետում բացառություններին, և այնպիսի տպավորություն է, որ իրենք ունեն մեկ նպատակ՝ ազգաբնակչությանը նյարդայնացնելու գնով՝ տուգանել քաղաքացիներին: Այս պատճառներով մարդիկ գերադասում են քիչ դուրս գալ, քիչ լինել հանրային վայրերում, բայց սրա առողջապահական բաղադրիչն այլևս զրոյական է: Արդեն տևական ժամանակ է, որ ո՛չ դիմակները, ո՛չ ֆիզիկական հեռավորությունը չեն փրկում այն իրավիճակից, որը մենք ունենք առողջապահական ոլորտում: Եվ առողջապահական դաշտում է, որ պետք է փնտրել-գտնել լուծումներ: ՀՀ տնտեսական կյանքը վտանգված է, և սրա մասին պետք է մտածենք»,- ընդգծեց նա:

Գիշերը համացանցում տարածվեց տեսանյութ՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ, որտեղ նա մասնակցում է Սևանի ափին կազմակերպված փարթիի: Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ արձակուրդում է և երեկ երեկոյան եղել է Սևանի լողափերից մեկում, նաև մի պահ դիմակ չի կրել.

«Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին, և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ դիմակ չկրելու համար տուգանվեցինք»:

Այս միջադեպի հետ կապված Աշոտ Բարսեղյանը նշեց, որ անկախ անձերից՝ ողջունում է տեղի ունեցածը. «Կոչ եմ անում նման միջոցառումներ շատ կազմակերպել, ոստիկանությանը կոչ եմ անում չտուգանել նման միջոցառումների կազմակերպման համար: Երեկվա կատարվածը ցույց տվեց կառավարության գործողությունների ժամանակավրեպ լինելը: Այս միջոցառումների արգելքի ժամանակային տրամաբանությունն ուշացած է, արդեն պետք է կազմակերպել այդպիսի միջոցառումներ: Ես վերահաստատում եմ իմ և իմ կոլեգաների կարծիքը, որ շատ լավ բան է տեղի ունեցել, թույլ տվեք մենք ևս կարողանանք կազմակերպել նման միջոցառումներ, մի տուգանեք, հետևանքներ մի առաջացրեք, հակառակը՝ եկեք անենք հետևություններ այս ամենից՝ ոչ մի համաճարակային պայթյուն տեղի չունեցավ, ոչ ոք, փառք Աստծո, չմահացավ: Ես վստահ եմ, որ, եթե մոնիտորինգ անենք, կտեսնենք, որ առողջապահության հետ սա աղերս չունի»:

Հարցին՝ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպե՞ս է նման հայտարարություններ անում, նա պատասխանեց. «Եթե վերցնենք Ռուսաստանի և Վրաստանի օրինակը, ապա այնտեղ բոլորը մոռացել են, որ նման բան է եղել իրենց կյանքում, և բոլորը վերադարձել են իրենց բնականոն կյանքին»:

Դիտարկմանը՝ մեզ մոտ վարակակիրների թվերը բավականին շատ են՝ ի տարբերություն Վրաստանի, նա արձագանքեց. «Եկեք՝ թվերին չանդրադառնանք, դա առողջապահական ոլորտ է, հուսով եմ՝ ապագայում կստեղծվի հանձնաժողով և նախարարին համապատասխան հարցերը կտա՝ թվերի վերաբերյալ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս