Կովկասը՝ միջազգային քաղաքականության հորձանուտում

Կովկասում հնարավոր աշխարհքաղաքական փոփոխությունների խնդիրը նորից դարձել է քննարկման թեմա։ Ոմանք դրա մեջ հնարավորություններ են տեսնում, ոմանք՝ վտանգներ։ Որքանով են նման փոփոխությունները հնարավոր։ Հեռու չգնանք, հիշենք ամերիկյան քաղաքականության բազեներից մեկի՝ Ջոն Բոլթոնի հայտնի այցը կովկասյան երկրներ։

2018 թվականին Ջոն Բոլթոնը՝ այն ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, այցելել էր Կովկասի երկրներ: Ըստ Բոլթոնի, իր այցի նպատակն էր «պարզելու Կովկասի երկրների վերաբերմունքը Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հանդեպ»։

Ինչո՞ւ էր Բոլթոնին հետաքրքրում այդ երկրների ունեցած վերաբերմունքը հարևանների հանդեպ և առհասարակ ի՞նչն էր փոխվել, որ նման ճշտումների կարիք էր առաջացել։ Փոխվել էր ընդամենը մեկ բան, Հայաստանում տեղի էր ունեցել ոչ ստանդարտ իշխանափոխություն։

Կովկասի ստրատեգիական նշանակությունը

Կովկասը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև ընկած տարածք է, որն այդ երկրների միջև աշխարհքաղաքական բալանսն է ապահովում: Ստեղծված ուժերի բալանսի խախտումը ենթադրում է աշխարհքաղաքական մեծ փոփոխություններ, որոնք կարող են տեղի ունենալ միայն մեծ պատերազմի դեպքում: Կովկասն այդ երեք երկրների համար կենսական, գուցե անգամ էկզիստենցիալ (գոյաբանական) նշանակություն ունեցող տարածք է: Մնացած երկրներն, ըստ էության, Կովկասի երկրների հետ կառուցվող իրենց ստրատեգիական խնդիրները պայմանավորում են այդ երեք երկրների հետ ունեցած հարաբերություններով՝ փոխվում է Կովկասի բալանսը, փոխվում է Մերձավոր Արևելքի աշխարհքաղաքական իրողությունը։ Իսկ նման դեպքերում, ինչպես մեզ հուշում է պատմությունը, կարող են առաջանալ նոր երկրներ, վերանալ՝ եղածները։

Բոլթոնը չափազանց անկեղծ էր իր այցի նպատակը նշելիս, նրան, ըստ էության, հետաքրքրում էր այդ բալանսի խնդիրը, այսինքն դրա փոփոխության հնարավորությունը, եթե նրա խոսքերը դիվանագիտական լեզվից սովորական լեզվի «թարգմանենք»։

Մեր խնդիրը Բոլթոնը չէ, բոլթոնները գալիս ու գնում են, այլ այն է, թե որքանով է նրա մտածելակերպը տարածված ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթում և դա ինչ հետևանքներ է կարող ունենալ մեզ համար: Պարզ է, որ ԱՄՆ-ի նման գերտերության համար Հայաստանը չի կարող ոչ թշնամի լինել, ոչ էլ բարեկամ, քաշային կարգերն անհամեմատելի են։ Մեր խնդիր չէ նաև ԱՄՆ-ին, Ռուսաստանին կամ որևէ այլ երկրին ինչ-որ բանում մեղադրելը, նրանք կան ու ունեն իրենց ազգային ստրատեգիաները ու մենք չէ, որ կարող ենք իրենց ինչ-որ բան սովորեցնել կամ ավելին, փոխել նրանց ստրատեգիաները։ Մեր խնդիրն է զուտ պրագմատիկ նպատակների համար նրանց հասկանալ և վարելով ճիշտ քաղաքականություն՝ ազդել նրանց տակտիկաների վրա, ինչն արդեն հնարավոր է:

Միանգամից ասենք, Բոլթոնը միակ քաղաքական գործիչը չէ, ով նման կերպ է մտածում, կամ ավելի ճիշտ, ով նման կերպ անկեղծորեն է արտահայտվում:

Վուլֆովիչի դոկտրինը

Փոլ Վուլֆովիչը 2001-2005 թվականներին եղել է ԱՄՆ Պաշտպանության փոխնախարարը, 2005-2007 թվականներին` Համաշխարհային բանկի նախագահը: 1989-1993 թվականներին Բուշ Ավագի վարչակարգի համար պատրաստել է «Ռազմական շինարարության ուղեցույց» անվանումով գաղտնի փաստաթուղթը: 1992-ի մարտի 7-ին The New York Times ամսագրում հրապարակվել է հոդված, որտեղ մեջբերումներ են արվել այդ փաստաթղթից: Հետագայում փաստաթղթի ամենասկանդալային մասերը, մինչև Քլինթոնի ադմինիստրացիայի կողմից պաշտոնապես ընդունվելը, մեղմացվել են, սակայն դրանից բովանդակությունը չի փոխվել:

«Վուլֆովիչի դոկտրին» անվանումը ստացած փաստաթղթում խոսվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարության մասին. «Մեր հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ոչ ետխորհրդային տարածքում, ոչ էլ աշխարհի որևէ այլ անկյունում այնպիսի մրցակից առաջ գա, որը կարողանա ԱՄՆ-ի համար այնպիսի սպառնալիք հանդիսանալ, որպիսին մի ժամանակ Սովետական Միությունն էր: Դա պաշտպանության ռազմավարության հիմնական դրույթն է: Մենք պետք է աշխատենք թույլ չտալ, որ այնպիսի ախոյան ծնվի, որն իր ռեսուրսներով ընդունակ լինի գլոբալ վերահսկողություն ստանձնել միջազգային հարաբերություններում»:

Թրամփի վարած քաղաքականությունը նունյպես այդ տրամաբանության մեջ է պետք դիտարկել․ ոչ մի երկիր պոտենցիալում չպետք է կարողանա այնքան կայանալ, որ ապագայում կարողանա հավակնել համաշխարհային գերտերություն դառնալ։

Պատահական չէ, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ եղած հարաբերությունները սրվել են, ինչպես նաև Չինաստանի հետ։ ԱՄՆ-ն, ինչպես պատմության ընթացքում եղած բոլոր գերտերությունները, փորձում են պահպանել իրենց հեգեմոնիան և ձգտել «բնում խեղդել» հնարավոր մրցակիցներին, որոնք ապագայում հնարավորություն կունենան իրենց ձեռնոց նետել, առավել ևս իրենց փոխարինել որպես նոր հեգեմոն։ ԱՄՆ-ն միակ երկիրը չէ, որն այդպես է վարվում․ նույնը ոչ վաղ անցյալում անում էր Բրիտանիան, նույնը կանի մեկ այլ երկիր, եթե կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ու դառնալ համաշխարհային հեգեմոն։ Չերչիլն ասել է, որ Բրիտանիայի «վերջին» 400 տարվա պատմության հիմնական նպատակն է եղել, թույլ չտալ, որ Եվրոպայում որևէ երկիր կարողանա դառնալ Բրիտանիայի մրցակիցը։ Ֆրանսիան իր հերթին ժամանակին նման քաղաքականություն էր վարում և խոչընդոտում էր Գերմանիայի ու Իտալիայի միավորմանը։

Այժմ վերադառնանք մեր տարածաշրջանի խնդիրներին, սակայն մինչ այդ նորից անդրադառնանք Վուլֆովիչին։

Այս տեսահոլովակում ԱՄՆ պաշտոնաթող գեներալ Վես Քլարկը պատմում է դեռևս 1991 թվականին իր և այդ ժամանակ Պենտագոնում իր նշանակությամբ 3-րդ պաշտոնը զբաղեցնող Փոլ Վուլֆովիչի միջև տեղի ունեցած մի խոսակցությանը. «Ես ասացի` պարոն քարտուղար, Դուք պետք է շատ գոհ լինեք անապատում մեր զորքերի աշխատանքից: Նա պատասխանեց, որ` այո, բայց մենք պետք է ձերբազատվեինք Սադամից (1991-ի պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնը գահընկեց չարվեց), բայց մենք դա չարեցինք: Բայց մենք մի բան իմացանք, որ կարող ենք Մերձավոր Արևելքում օգտագործել մեր զորքերը, և Սովետները մեզ չեն կանգնեցնի: Մենք ունենք 5-10 տարի, որպեսզի մաքրենք սովետական նախկին ռեժիմները Սիրիայում, Իրաքում, Իրանում մինչ այն, երբ մի նոր գերտերություն կփորձի մեզ մարտահրավեր նետել»:

Կովկասը կարող է դառնալ այն տարածքը, որի միջոցով մեծ դեստաբիլիզացիա է կարելի աշխարհում առաջացնել։

Մեծ խաղերում փոքր երկրները մանրադրամ են, որոնց կարող են առանց աչքը թարթելու զոհաբերել հանուն «մեծ» նպատակների՝ այդ թվում նաև հանուն ժողովրդավարության, ժամանակին՝ հանուն կոմունիստական իդեալների, դրանից առաջ՝ հանուն հավատքի և այլն։

Ոչ մի բանական մարդ չի կարող ժխտել ժողովրդավարության նշանակությունն ու կարևորությունը՝ որպես մարդկության մեծ ձեռքբերում, ավելին, ցանկացած երկիր պետք է ձգտի կառուցել կայուն հաստատությունների վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն, սակայն միջազգային հարաբերություններում գերակշռում են շահերը, որտեղ ժողովրդավարական արժեքները էական չեն։ Թե որքանո՞վ են Թրամփը կամ Պուտինը ժողովրդավար, ինչպիսի՞ն է ժողովրդավարության վիճակը Իրանում կամ Թուրքիայում, դա համաշխարհայի պրոպագանդայի խնդիր է, ոչ մի ժողովրդավարական երկիր չի խզել իր հարաբերությունները Թուրքիայի հետ Ցեղասպանությունը ժխտելու համար կամ Սաուդյան Արաբիայի հետ, որտեղ ԼԳՏԲ անձանց կախաղան են բարձրացնում։

Նույնը վերաբերում է մեր մեծ տարածաշրջանին։ Կան պրագմատիկ շահեր, և մեր միջազգային հարաբերությունները պետք է հիմնվեն զուտ ազգային շահերի վրա։ Որոնք են դրանք, քննարկման թեմա է, սակայն պետք է հստակ լինի, որ համամարդկային արժեքները որպես արտաքին քաղաքականության գործոն մեզ վրա «ծախելը» միշտ չէ, որ մեր պետական շահերի հետ հատման եզր ունի։ Համամարդկային արժեքներն անհրաժեշտ են զուտ ներքին քաղաքականության համար, որպես կայուն հանրային ինստիտուտների ստեղծման հիմք, իսկ ազգային շահերն այլ հարթության հարց են։

Ստեփան Դանիելյան

politeconomy.org

Տեսանյութեր

Լրահոս