Բաժիններ՝

Կառավարությունը բյուջեով չնախատեսված 740.000 եվրո կվճարի՝ վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու պատճառով

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին  ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթա­կայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին։

Նշենք, որ այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ի և ՎՎԲ-ի միջև 09.12.2014թ. ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 31.12.2025թ.։

Երկարաձգման դեպքում, սակայն, Հայաստանը պարտավորվում է վճարել ՎՎԲ-ի գնահատած երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 740,000 եվրո։ Նշված գումարը նախատեսված չէ ՀՀ 2020թ. պետական բյուջեով, և այս նախագծի ընդունումը կառաջացնի լրացուցիչ պարտավորությունները։

Կառավարության ընդունած վարկային համաձայնագրին հավանություն տալու մասին որոշումն ուղարկվել է Սահմանադրական դատարան, և ՍԴ-ից համաձայնագրի՝ սահմանադրականության վերաբերյալ որոշումից հետո այն կհասնի Ազգային ժողով։

Հիշեցնենք, որ «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի իրականացման նպատակով կնքվել են` KfW բանկի հետ 2014թ. դեկտեմբերի 9-ին՝ 75 մլն և 10,2 մլն եվրոյի և 2015թ. դեկտեմբերի 11-ին 83 մլն եվրոյի վարկային, 2016թ. մայիսի 30-ին՝ 10 մլն եվրոյի դրամաշնորհային (Եվրամիության Հանձնաժողովի Հարևանության Ներդրումային Գործիքի («NIF») շրջանակներում) և Եվրոպական Ներդրումային Բանկի հետ 2015թ. մարտի 16-ին՝ 10 մլն եվրոյի վարկային համաձայնագրեր:

Ծրագրի նպատակն է՝ միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանի մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ ՕԳ-ի միջոցով, հայկական կողմից՝ Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ ՕԳ-ի միջոցով: Արդյունքում, Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում կհասցվի 350 ՄՎտ-ի, երկրորդ փուլում` 700 ՄՎտ-ի, և վերջնական փուլում` 1050 ՄՎտ-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս