«Սա պետական կարևորագույն հարց լինելուց բացի՝ նաև մասնագիտական հարց է». Գրականագետները՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում։
«ԿԳՄՍ նախարարությունը մասնագիտական համայնքներին կոչ է անում լինել ակտիվ, ծավալել շահագրգիռ և բովանդակային քննարկում»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ:
Հայոց լեզվի և գրականության չափորոշիչների և ծրագրերի նոր հայեցակարգի շուրջ մասնագիտական համայնքները ոչ միայն ակտիվ են, այլև բարձրաձայնում են մի շարք մտահոգություններ:
«Նախագիծը երկու անգամ ուշադիր կարդալուց հետո, առանց դիվանագիտության և քաղաքավարական սեթևեթանքների, միանգամից ասում եմ․ դա ապուշություն է։ Այն աստիճանի անհեթեթություն, որ նախագիծը կետ առ կետ քննարկելն ու հերքելը ինքնաբերաբար նույնպես կվերածվի ապուշության,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը՝ հավելելով,- Իհարկե, համաճարակի և արձակուրդի պատճառով այս պահին ունենք որոշ անհարմարություն, բայց շուտով ԵՊՀ հայ գրականության երկու ամբիոնների և հայ բանասիրության ֆակուլտետի կողմից հանդես կգանք պաշտոնական գնահատականով։ Իսկ հիմա՝ որպես համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, որպես Եղիշե Չարենցին և Պարույր Սևակին նվիրված մենագրությունների հեղինակ, պարզապես որպես մարդ, որ ամենօրյա կապի մեջ է հայոց դպրոցի հետ, ասում եմ, որ Հայաստանի հանրակրթական դպրոցում չի կարող չլինել Հայ գրականություն առարկա։ Այն եղել է դարերով, եղել է Առաջին Հանրապետության տարիներին, եղել է խորհրդային տարիներին (հարցրե՛ք ձեր ծնողներին, տատիկներին և պապիկներին), եղել է վերջին երեսուն տարիներին և պիտի լինի այսուհետև։ Ասում են՝ նախարարը և գործող կառավարությունը դեմ են ամենայն ազգայինին։ Միգուցե։ Բայց սա պետական կարևորագույն հարց լինելուց բացի՝ նաև մասնագիտական հարց է։ Նախագիծը գրել են խիստ որոշակի մարդիկ՝ կիսագրագետ, անճաշակ, փնթի ձևակերպումներով հայ գրականությունը վերածելով վերացական, անորոշ ինչ-որ «գրականության»»:
Մեկ այլ գրառմամբ էլ նա տեղեկացրել է, որ նոր ծրագրի հեղինակները որոշել են՝ «հայկական դպրոցի 12-րդ դասարանցի պատանիները Նարեկացու «Մատյանի» փոխարեն պիտի կարդան և վերլուծեն ժամանակակից գռեհկաբան արձակագիր ոմն Արմեն Օհանյանի ստեղծագործությունները»։
«Վայելե՛ք այս աղբը, սիրելի՛ երեխաներ»,- գրել է Սեյրան Գրիգորյանը՝ տեղադրելով Արմեն Օհանյանի ստեղծագործություններից մի հատված:
168.am-ը գրականագետից հետաքրքրվեց՝ արդյոք իր դիտարկումները ներկայացրե՞լ է ԿԳՄՍ-ին: Ի պատասխան՝ նա ասաց.
«Չեմ ներկայացրել, որովհետև չեն էլ դիմել, եթե սովորաբար չեն դիմում, սեփական նախաձեռնությամբ չենք անում»:
Թե ովքեր են մշակել հայեցակարգը, Ս. Գրիգորյանը տեղյակ չէ, բայց ենթադրում է, որ մասնագետներ են՝ գրականագետներ:
Ըստ ԿԳՄՍ ներկայացրած տեղեկության՝ Հայոց լեզու և գրականություն առարկայի չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմը ղեկավարում է Թամար Ալեքսանյանը, թիմի անդամներն են՝ Գայանե Վարդանյանը, Անի Պապոյանը, Գրիգոր Շաշիկյանը, Գայանե Մկրտչյանը, Աստղիկ Բալայանը:
ԿԳՄՍՆ-ից մեզ տրամադրեցին թիմի ղեկավարի` Թամարա Ալեքսանյանի հեռախոսահամարը, մեր զանգերը, սակայն, մնացին անպատասխան:
Թամար Ալեքսանյանի դիտարկումներին ծանոթացանք ֆեյսբուքյան իր էջում․
«Սիրելի՛ ուսուցիչներ, դիմում եմ միայն ձեզ, այսինքն՝ նրանց, ովքեր ամեն օր, ամեն ժամ կանգնում են աշակերտի դիմաց… Մեր ակադեմիական այրերը հայոց լեզվի ճոխ գանձարանից միայն վատ բառեր են սովորել և անընդմեջ լուտանք են թափում մեր հանձնախմբի գլխին: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ. կան պարկեշտ գիտնականներ, որոնք իրենց տեղին դիտարկումներով օգնում և սատարում են մեզ և առաջարկություններ են անում` օգնելով մեզ լրացնելու և շտկելու ընդամենը սևագիր այս տարբերակը:
1. Մեր հանձնախումբը չի ընդունում վատ նվերներ, հետևաբար՝ բոլոր անվայել արտահայտությունները թողնում է հասցեատերերին:
2. Սա այն պահն է, որ ուսուցչությունը պիտի բռունցքվի և ասի իր խոսքը: Տարիներ շարունակ այս այրերը, փոխանակ գիտությամբ զբաղվելու և հայ բանասիրական միտքը ճոխացնելու, զբաղված են դպրոցի և մանկավարժության գործերին միջամտելով:
3. Նրանց թեթև ձեռքով կազմվել են գրականության ծրագրեր, որոնք հեղինակներով են լեցուն, որոնք աշակերտին դարձնում են թութակ, որոնք պարտադրում են մեր երեխաներին կրկնելու նրանց «իմաստուն» մտքերն այս կամ այն գրողի մասին՝ ժամանակ չտալով և թույլ չտալով աշակերտին կարդալ, հասկանալ գրական տեքստը, քննել, համեմատել, ինքնուրույնաբար (ուսուցչի ուղղորդումով) ուսումնասիրել, գտնել հեղինակի ասելիքը, գյուտեր անել և սովորել սիրել գիրքը և ընթերցանությունը:
4. Այս այրերի թեթև ձեռքով պարտադրվեցին դպրոցին և աշակերտին շտեմարաններ, որոնք իրենք ևս առանց օգնության չեն կարողանա լուծել և պատասխաններ տալ:
5. Այս այրերը այդպես վարվեցին, որ մեզ վրա վաճառեն իրենց գրքերը, որոնք բանասերի կարդալու և ուսումնասիրելու համար են:
6. Այս այրերը այդպես վարվեցին, որ իրենց տներում, բազմոցի վրա փռված, մեր իսկ աշակերտներին պատրաստեն ավարտական և միասնական քննություններ հանձնելուն՝ ձեռքի հետ էլ Հայոց լեզվի և գրականության ուսուցչին անգրագետ և այլ պիտակներ կպցնելով: Եվ կարճ հիշողություն ունենալու պատճառով մոռացան, որ դպրոց մտնող ուսուցչին հենց իրենք են ուսուցանել և կրթել:
Սիրելի՛ ուսուցիչներ, մեր՝ ուսուցիչներիս ձայնը միշտ խեղդվել է այս փքուն այրերի անիմաստ գոռգոռոցներից: Այս անգամ մենք պիտի միասին թույլ չտանք աշակերտ չտեսնող, 21-րդ դարի կրթության պահանջները չհասկացող մարդկանց մեր վզին փաթաթելու իրենց գրքերը, շտեմարանները…
Իսկ հանձնախումբը լարված աշխատում է՝ քննարկելով ՈՒՍՈՒՑՉԻ հետ, հաշվի առնելով ՆՐԱ կարծիքները և առաջարկները:
Սիրելի՛ ուսուցիչներ, լինե՛նք միասին և միակամ, օգնենք իրար՝ հանրակրթությունը (չմոռանանք՝ արմատը հանուր-ն է) ավելորդ ակադեմիզմից և գիտնական այրերի անիմաստ հոխորտանքից փրկելու համար»: