Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին հետաձգեց պաշտպանների միջնորդությունների լուծումը՝ մինչև բոլոր ապացույցների հետազոտումը
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման քրեական գործով պաշտպանների ներկայացրած միջնորդության քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում ամբաստանյալների պաշտպանները միջնորդել էին լրացնել դատակոչի ցուցակը և դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր քրեական գործով դատական նիստին դատակոչի ցուցակում ընդգրկել մի քանի անձի և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։ Մասնավորապես, պաշտպանը միջնորդել էր դատարան հրավիրել 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, որոնք մասնակցել էին ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ-ի 2008 թ․ փետրվարի 24-ի ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։ Սամվել Մայրապետյանին, որ կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, Միքայել Հարությունյանին, ով ստորագրել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հանգուցային նշանակություն ունեցող՝ թիվ 0038 հրամանը:
Այդ նիստում Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ միջնորդել էր՝ որպես վկա դատարան հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, պարզելու, թե արդյո՞ք 300․1 հոդվածի փոփոխությունները կապված էին հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ։
Այս դատական նիստում միջնորդության վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին մեղադրողները և տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները:
Մեղադրող դատախազները, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը, հայտնեցին, որ այս անձանց դատարան հրավիրելու հարցը կարող է քննարկվել հետագա փուլերում, երբ մատնանշած հարցերի վերաբերյալ որոշակի դատավարական հետևություններ առկա կլինեն:
Մեղադրող կողմը պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդության վերաբերյալ ասաց, որ այն ենթակա է մերժման:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միացան դատախազության ներկայացրած պատճառաբանություններին: Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց, թե նախորդ դատական նիստում, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել էին միջնորդությունը, չէին նշել բացահայտման ենթակա հանգամանքները, թե ինչ առնչություն ունեն այն վկաները, որոնց կապակցությամբ ներկայացվել էին միջնորդությունները: Անդրադառնալով Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությանը՝ Սեդա Սաֆարյանն ասաց, որ այն ժամանակավրեպ է ու ենթակա է մերժման:
Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ լսելով կողմերին՝ առանց խորհրդակցական սենյակ գնալու ասաց, թե մեղադրանքի համապատասխան մասին վերաբերող ապացույցները հետազոտելուց հետո դատարանը կարող է հետևության հանգել, թե Հայկ Ալումյանի մատնանշած հանգամանքներն արդյո՞ք պահանջում են լրացուցիչ լուսաբանում, մասնավորապես, այն, որ Հայկ Ալումյանը նշել է, թե մեղադրանքի բովանդակությունն անորոշ է և մեղադրական եզրակացության բովանդակությունից պարզ չէ, թե կոնկրետ ՍԴ որ անդամների վրա են ճնշում գործադրել:
«Հետևաբար՝ դատարանը գտնում է, որ մեղադրական եզրակացության համապատասխան մասին վերաբերող ապացույցները դատարանում հետազոտելուց հետո դատարանը կարող է լուծում տալ համապատասխան միջնորդությանը»,- ասաց Աննա Դանիբեկյանը:
Ինչ վերաբերում է Կարեն Մեժլումյանի միջնորդությանը, դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ այս փուլում Կարեն Մեժլումյանի միջնորդությունը ևս չի կարող լուծում ստանալ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: