Ֆիզիկայի և Քիմիայի ուսուցիչների մեծ պակաս է սպասվում
Կիրակի օրը հրապարակվեցին ընդունելության քննությունների արդյունքները։ Այս տարի դիմորդները հանձնեցին ընդամենը 1 քննություն։ Կանխատեսելի էր, որ այս կարգը հեշտացնելու է բուհ ընդունվելը, քանի որ շատ ավելի հեշտ է 1 առարկայից դրական և բարձր թվանշան ստանալը, քան 2-3 առարկայից։ Մյուս կողմից էլ, պարզ էր, որ սա դժվարացնելու է մրցակցային ֆակուլտետներ ընդունվելը, քանի որ 1 քննության դեպքում արդյունքները լինելու են շատ բարձր, ինչի արդյունքում բարձր միավորներով դիմորդները չեն ընդունվելու իրենց նախընտրած ֆակուլտետը։
Եվ ահա պարզ դարձավ, որ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ դիմած 44 դիմորդ, թեև ստացել են առավելագույն 20 միավոր, բայց չեն կարող սովորել անվճար։ Շատ անարդար է, երբ դիմորդը ստանում է հնարավոր առավելագույն միավորը, բայց չի կարողանում սովորել անվճար։ Շատ ավելի դաժան է այն դիմորդների ճակատագիրը, որոնք Իրավագիտության ֆակուլտետում ստանալով 18.75 միավոր՝ չեն ընդունվել։ 20 հնարավորից 18.75 միավորը չափազանց բարձր արդյունք է։ Այս տարի կտրուկ աճել է 20 միավոր ստացողների թիվը։ Անցած տարի Հայոց պատմություն առարկայից 20 միավոր է ստացել ընդամենը 22 հոգի։ Այս տարի միայն ԵՊՀ Իրավագիտություն ֆակուլտետում շուրջ 50 հոգի 20 միավոր է ստացել։ Բացատրությունը կարող է լինել այն, որ դիմորդները վերջին 2 ամսում մեկ առարկա են պարապել և ապահովել ավելի բարձր արդյունք։
Բուհերի մի քանի ֆակուլտետներում արձանագրվել են բարձր միավորով նախընտրած ֆակուլտետը չընդունվելու դեպքեր։ Այստեղ կա մի նրբերանգ։ Օրինակ՝ ծնողները դժգոհում են, որ իրենց երեխան Բժշկական համալսարանում բարձր միավոր է հավաքել, բայց ընդունվել է ԵՊՀ։ Իսկ մեկ ուրիշը ցածր միավորով ընդունվել է Բժշկական համալսարան։ Նման բան հնարավոր է, քանի որ գործում է առաջին հայտի գերակայության սկզբունքը։ Եթե դուք առաջին հայտով դիմել եք Բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետ, իսկ մեկ ուրիշը՝ նույն համալսարանի Ֆարմացիայի ֆակուլտետ, ապա պարզ է, որ առաջինում շատ ավելի մեծ մրցակցություն է լինելու, քան երկրորդում։ Հետևաբար՝ մրցակցային ֆակուլտետներ դիմողները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեին, որ կարող են բարձր միավորով չընդունվել։
Մեկ քննության «ուրախ» կողմն էլ այն է, որ բազմաթիվ դիմորդներ 7.5-10 միավոր ստանալով՝ ընդունվել են։ Այս դիմորդների մի մասը 2-րդ կամ 3-րդ քննության առկայության դեպքում հաստատ չէին կարողանալու դրական միավոր ստանալ։
Մինչ մրցակցային մասնագիտությունների գծով թեժ պայքար է ընթանում, Ֆիզիկայի և Քիմիայի ուսուցիչներ պատրաստող ֆակուլտետներում ամայություն է։
Ցավոք, Ֆիզիկայի և Քիմիայի ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների թիվն այնքան է նվազել, որ միայն Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում են դեռևս գործում Ֆիզիկա և Քիմիա մասնագիտությունները։ Շիրակի պետական համալսարանում էլ ընդունելություն կա միայն Ֆիզիկայի գծով։ Եվ ահա այս տարի 2 հոգի դիմել էին մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ, 1 հոգի՝ Շիրակի պետական համալսարան։ Մանկավարժական համալսարանի 2 դիմորդներն էլ չեն ընդունվել։ Շիրակի համալսարանի դիմորդը, վաստակելով շատ ցածր թվանշան՝ 9 միավոր, ընդունվել է։ Այսպիսով, 1400 դպրոց ունեցող երկրում ընդամենը 1 հոգի է ընդունվել Ֆիզիկայի ուսուցիչ մասնագիտությամբ։
Փորձենք հասկանալ՝ ի՞նչ իրավիճակ ունենք դպրոցների Ֆիզիկայի ուսուցիչների հետ կապված։ 2009-2010 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում աշխատում էր Ֆիզիկայի 2092 ուսուցիչ։ 2018-2019 ուստարում Ֆիզիկայի ուսուցիչների թիվը 1105 էր։ Այս տարի ունենք Ֆիզիկայի 1078 ուսուցիչ։ Վերջին տասը տարում ֆիզիկայի ուսուցիչների թիվը 1014-ով պակասել է, վերջին մեկ տարում՝ 27-ով։ Ունենք 1400 դպրոց և Ֆիզիկայի 1078 ուսուցիչ։ Մոտավոր հաշվարկով հնարավոր է, որ ունենանք շուրջ 300 Ֆիզիկայի մասնագետ, որոնք դպրոցի տնօրեն են կամ փոխտնօրեն և դասավանդում են Ֆիզիկա։ Այսինքն՝ այս պահին ունենք մի իրավիճակ, երբ Ֆիզիկա դասավանդողների թիվը շուրջ 1400 է։ Ընդ որում, տարեկան մի քանի տասնյակով պակասում է Ֆիզիկայի ուսուցիչների թիվը։ Մյուս կողմից, ամբողջ երկրում 1 հոգի է ընդունվում Ֆիզիկայի ուսուցիչ մասնագիտությամբ։ Դեռ պարզ էլ չէ, արդյո՞ք միակ տղան կցանկանա դպրոցում աշխատել՝ որպես Ֆիզիկայի ուսուցիչ։ Դժվար է նաև պատկերացնել, թե ինչպես է 1 հոգու համար իրականացվելու մասնագիտական կրթություն։ Ընդ որում, նախորդ տարիներին ընդունվողների թիվը նույնպես եղել է շատ քիչ։
Նույնքան վատ վիճակում է նաև Քիմիան։ Այս տարի ընդամենը 3 հոգի է ընդունվել Քիմիայի ուսուցիչ մասնագիտությամբ։ Հայաստանում ներկայումս կա Քիմիայի 918 ուսուցիչ։ Եթե հաշվի առնենք, որ մոտ 200 հոգի էլ դպրոցի տնօրեն կամ փոխտնօրեն են և դասավանդում են Քիմիա, ապա պարզ է դառնում, որ Քիմիա դասավանդողների թիվն ավելի քիչ է, քան դպրոցների թիվը։ Սա նշանակում է, որ այսօր տասնյակ դպրոցներում Քիմիայի ուսուցիչ կամ չկա, կամ էլ այդ առարկան դասավանդում են այլ մասնագետներ։
Իրավիճակը բարվոք չէ նաև ԵՊՀ-ում, որտեղ կա Ֆիզիկա և Քիմիա մասնագիտություններ։ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ այս տարի դիմել էր 25 հոգի, Քիմիկոս դառնալու ցանկություն հայտնել էր ընդամենը 9 հոգի։
Ունենք նաև ուսուցիչների ծերացման միտում, ինչը նշանակում է, որ դպրոցից դուրս եկող ուսուցիչների քանակն առաջիկա տարիներին ավելի է մեծանալու։ Տասը տարի առաջ Հայաստանում կար մինչև 25 տարեկան 630 ուսուցիչ, 65 տարեկանից բարձր՝ 1906 ուսուցիչ։ Այսօր մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը 343 է, իսկ 65 տարեկանից բարձր ուսուցիչների թիվը՝ 2925։
2017թ. հոկտեմբերի սկզբին պետք է ներկայացվեր «Ուսուցիչ» ծրագիրը, որն առ այսօր չի ներկայացվել։ Մեզ շտապ պետք է քաղաքականություն մշակել՝ սպասվող կադրային խնդիրները լուծելու համար։ Եթե չունենանք ուսուցիչներ, ապա բոլոր ոլորտներում ենք ձախողվելու։
Ուսուցչի գործն ամենակարևորն է։ Եթե չունենանք լավ ուսուցիչներ, ապա ոչ մի մասնագիտություն զարգացման հեռանկար չունի։