
Իսպանիան կմասնակցի Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնումների ֆինանսավորմանը

Իսպանիան կմասնակցի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումների ֆինանսավորման նախաձեռնությանը: Այս մասին հոկտեմբերի 23-ին հաղորդել է իսպանական El Pais թերթը՝ հղում անելով երկրի կառավարությունում իր աղբյուրների։
Թերթի զրուցակիցների տվյալներով, թեման այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Բացի այդ, հարցի շուրջ շփումներ են ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարները։
Սանչեսի և Զելենսկու կողմից 2024 թ. մայիսին Մադրիդում ստորագրված համաձայնագրով Իսպանիան արդեն Ուկրաինային տարեկան մատակարարում է իսպանական արտադրության 1 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա։
Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման ֆինանսավորման շուրջ նախաձեռնությունն առաջացել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի վարչակազմը հրաժարվեց շարունակել Կիևին զենքի անվճար մատակարարումը։ Օգոստոսին պատրաստվել է ամերիկյան զենքի մատակարարման չորս փաթեթ՝ ընդհանուր առմամբ մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ, որին միացել են Գերմանիան, Դանիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Շվեդիան։
Օգոստոսի 15-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան և Իսլանդիան հայտարարեցին այս ծրագրին միանալու իրենց որոշման մասին։