Բաժիններ՝

Մենք պատրաստ ենք լսել նրանց մտահոգությունները. Կառուցապատողը՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում բազմահարկ շենք կառուցելու մասին

Օրեր առաջ Գիտության ոլորտի ներկայացուցիչներն իրենց ձայնն էին բարձրացրել ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքային ամբողջականությունը պահելու, մեջտեղի հատվածում բնակելի շենք չկառուցելու պահանջով: Այս առիթով change.org-ում նաև ստորագրահավաք է սկսվել:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն  Արթուր Հարությունյանն էլ 168.am-ին հայտնել էր, որ Կենտրոնի օտարված տարածքում նախատեսվում է կառուցել 25 հարկանի 2 բնակելի շենք:

«1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց բալանսին, որ նրանք մաքրեն: Իրենք սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ 2007թ․՝ 13 տարի առաջ, և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել:  Սակայն 10 տարի հետո՝ 2017թ., Քննչական կոմիտեն տալիս է եզրակացություն, որ այդ առևտրային ակտն ապօրինի է: Այսինքն, ապօրինի վաճառվել է մասնավորին, բայց քանի որ 10 տարի անցել է, քրեական պատասխանատվության հնարավոր չէ ենթարկել, այդ մարդը եկել ու ասում է, թե գիտական կենտրոնի մեջտեղը երկու 25 հարկանի շենք է սարքելու, այն դեպքում, որ 15 մետր այն կողմ գտնվում են քիմիական լաբորատորիաները: Ուզում են բնակելի շենք սարքել, սակայն նախ վնասում են գիտությանը. նորմալ օդափոխությունից, լույսից են կտրում: Սրան գումարած՝ մեզ մոտ ցանկություն կա սնդիկի պահեստ սարքել: ՄԱԿ-ի որոշում կա, որ սնդիկի շարժն արգելվում է: Պատկերացրեք, 200 ընտանիք՝ 25 հարկանի շենքում, բակ չկա, պետք է անընդհատ քիմիական նյութերի օդը շնչեն»,- մանրամասնել էր Արթուր Հարությունյանը:

Ճշտելու համար, թե կառուցապատման ի՞նչ նախագծի մասին է խոսքը՝ զրուցել ենք կառուցապատմանն ուղղված ներդրումային ծրագիրն իրականացնող «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքում արդյո՞ք նախատեսում եք 25 հարկանի 2 բնակելի շենք կառուցել:

– Թույլ տվեք փոքր-ինչ մանրամասն ներկայացնեմ մեր նախագիծը։ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտա 26/1 հասցեում  ծրագրում է կառուցել էներգաարդյունավետ, բազմաֆունկցիոնալ համալիր: Ինչո՞ւ այդ հասցեում, քանի որ այդ հատվածը, կարելի է ասել՝ մեր քաղաքի համար ծառայում է՝ որպես քաղաքի հիմնական մուտք ու ելք, սակայն անուշադրության էր մատնված, անխնամ էր ու անբարեկարգ: Մեր ցանկությունը ներդրումային մի նախագիծ մշակելն էր, որը հնարավորություն կտար կառուցապատել այդ տարածքը, բարեկարգել այն, «շունչ հաղորդել» ամայացված տեղանքին՝ պահպանելով ճարտարապետական ներդաշնակությունը հարակից կառույցների հետ: Շատ արագ համախոհների խումբ հավաքվեց, ձևավորեցինք թիմ, գաղափարը զարգացրեցինք և որոշեցինք, որ այստեղ ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելը կլինի լավագույն լուծումը: Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը կունենա մի շարք առավելություններ. այն քաղաքի կենտրոնում չէ և կնպաստի տվյալ վարչական շրջանում կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև քաղաքային և համայնքային համաչափ զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը:

Նշեմ, որ մենք ծրագրում ենք կառուցել միայն մեկ շենք, որի  հարկերի քանակը դեռ ինքներս չգիտենք, քանի որ համալիրը դեռևս էսքիզային նախագծման փուլում է, և շենքի վերջնական հարկայնության հարցը որոշում է Երևանի քաղաքապետարանը: Համալիրի նախագծի ամբողջական փաթեթը ներկայացնելու ենք Երևանի քաղաքապետարանի վերջնական հաստատմանը մինչև այս տարվա վերջ: Այդուհանդերձ, նշեմ, որ համալիրը չի գերազանցելու 17 հարկը:

– Ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել թույլտվությունը:

– Նախագծման և ծրագրի կառավարման աշխատանքները որոշակի փուլեր են ենթադրում, որոնցից յուրաքանչյուրը ժամանակատար է, առավել ևս՝ այս առողջապահական ճգնաժամի և արտակարգ իրավիճակի պայմաններում։ Մի քանի կարևոր փուլ արդեն հաղթահարել ենք՝ ձեռք ենք բերել հողատարածքը, ներգրավել ներդրողների, բանակցել փորձագետների և պոտենցիալ գործընկերների հետ։ Ներկա պահին մեր ճարտարապետների թիմն աշխատում է շենքի էսքիզային նախագծի վրա, որի ավարտից հետո այն ներկայացնելու ենք Երևանի քաղաքապետարանի քննարկմանը: Նախագիծը, անցնելով քաղաքաշինական, ճարտարապետական և համալիր փորձաքննություն, կարծում ենք՝ այս տարվա ընթացքում կհաստատվի, և արդեն կտրամադրվի շինարարության թույլտվություն: Դրանից հետո միայն կսկսենք կառուցապատման աշխատանքները։

Նշեմ  նաև, որ հարակից տարածքի կառույցներն անհանգստանալու որևէ առիթ չունեն, քանի որ շենքի նախագծումն ու կառուցապատումն իրականացվելու է քաղաքաշինական,  ճարտարապետական և բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան:

– Ինչպե՞ս եք պատկերացնում ջրավազանի տեղում ու լաբորատորիաներով շրջապատված տարածքում բնակելի շենքի կառուցումը:

– Ինչպես նշեցի, տեղանքի ընտրությունը պատահական չէր: Հետաքրքրվելով տեղանքով՝ պարզեցինք, որ այստեղ  լքված, վաղուց չգործող, քանդված վիճակում ջրավազան է, և այն իր հարակից հողամասով սեփականության իրավունքով պատկանում է ֆիզիկական անձի:

2019 թվականի մայիսին մենք տարածքի սեփականատիրոջից իրավաչափ հիմքով, օրենքի բոլոր կանոններին ու նորմերին համապատասխան՝ ձեռք բերեցինք ապագա նախագծի հողատարածքը: Հատուկ այս նախագծի համար արդեն ձևավորված թիմով ստեղծեցինք «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը զբաղվելու է կառուցապատման նախագծով և իրականացնելու է այս խոշոր ներդրումային ծրագրի կառավարումը: Մեր ընկերության հետ կատարված բոլոր գործարքներն իրավաչափ են, օրենքին համապատասխան են, հուսալի են ու թափանցիկ:

Լաբորատորիան առանձնացված տարածք է, այնտեղ կողմնակի անձինք չեն կարող մուտք գործել: Բացի դա, տվյալ լաբորատորիայում չեն կատարվում այնպիսի աշխատանքներ, որոնք վնաս են բնությանը կամ, առավել ևս, մարդկանց առողջությանը: Հակառակ դեպքում Կառավարությունն ու պատկան մարմինները թույլ չէին տա դրա գործունեությունը քաղաքի ներսում, թույլ չէին տա նաև հարակից շենքերի, ժամանցի վայրերի և կառույցների շինարարությունը, որոնք մոտավորապես 50-60 մետր հեռավորության վրա են գտնվում: Այսինքն՝ չկա այնպիսի որոշում, ըստ որի՝ այդ տարածքում բնակելի կառույցների շինարարությունն արգելվում է:

Նշեմ նաև, որ մենք կառուցելու ենք էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան համալիր, որը լինելու է  էներգախնայող, էկոարդյունավետ, շրջակա միջավայրի համար անվտանգ: Միջավայրը  փոխվելու է, ավելի ճանաչելի է  լինելու տեղանքը, ու բարձրանալու է այդ տարածքի  շենքերի  նշանակությունն ու արժեքը, և դա շահեկան է բոլորի համար:

– Կենտրոնի տնօրենը նշում է, որ դա ապօրինի որոշում է, կա Քննչական կոմիտեի եզրակացությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Մեզ համար մեծ անակնկալ և նույնիսկ ցավալի էր լսել, որ մեր տարածքի հարևանությամբ գործող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) գիտնականներն անհանգստացած են և կարծում են, որ այս նախագիծը վտանգ է ներկայացնում Կենտրոնի համար: Բայց մեզ հետ այդ հարցով որևէ մեկը երբևէ կապ չէր հաստատել, ոչ մի հարց չեն ուղղել, և արդյունքում թյուր պատկերացումներ են ձևավորվել: Իրողությունն այսպիսինն է. նախկինում այդ ջրավազանը չի պատկանել Կենտրոնին: Այդ տարածքը, որպես առանձին գույքի միավոր՝ հանդիսացել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի սեփականություն, որն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 1997թ․ մարտի 10-ի թիվ 11 որոշմամբ հաստատված համայնքի սեփականությունը հանդիսացող գույքերի ցանկում: Համայնքն այն ավագանու որոշմամբ օտարել է 2007թ․, իսկ մեր ընկերությունն այդ գույքը ձեռք է բերել 2019թ․ մայիսին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և վճարել բոլոր հարկերը: 10-ից ավելի տարվա պատմություն, որը մեզ հետ ոչ մի կապ չունի:

Մենք աշխատում ենք բաց և թափանցիկ: Պետք է նշեմ, որ մեր ընկերության ներկայացուցիչները վերջերս հանդիպումներ նախաձեռնեցին ինստիտուտի տնօրինության և աշխատակիցների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են կառուցապատման նախագծի հիմնական նպատակները, և առաջարկվել է մշակել փոխադարձ համագործակցության ծրագիր:

– Հարցի ինչպիսի՞ լուծում եք ակնկալում, ի՞նչ քայլեր եք կատարելու:

– Հույս ունենք, որ մեր առաջարկները կընդունվեն, քանի որ դրանք իրոք միտված են ինստիտուտի և գիտության զարգացմանը:

Ստեղծված պարագայում խելամիտ լուծումը համագործակցությունն է, մենք պատրաստ ենք լսել նրանց մտահոգությունները, մինչդեռ կրկնեմ՝ անհանգստանալու ոչ մի առիթ չկա: Մեր նպատակը միմիայն դրական և նշանակալի գործ անելն է: Քաղաքային միջավայրի փոփոխություն է լինելու, բարելավվելու են ենթակառուցվածքները, և այս նախագիծն ամբողջությամբ կծառայի նաև գիտաշխատողների կարիքներին՝ կկանաչապատվի տարածքը, կգործի ավտոկայանատեղին, որից կօգտվեն նաև գիտաշխատողները: Մենք միայն ցանկանում ենք մեր քաղաքի և բնակչության համար ստեղծել լավագույնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս