«Հայաստանի և Ռուսաստանի համար կենաց-մահու խնդիր է. նույն պլատֆորմի վրա». Արման Աբովյան

Դեռևս տարեսկզբից էինք զգուշացնում, որ Ադրբեջանը ստիպված է լինելու շատ լուրջ լարվածություն առաջացնել թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի սահմանին, և որպես պատճառ՝ միայն չէինք դիտարկում Արցախի խնդիրը. այստեղ մենք գործ ունենք գլոբալ խնդիրների հետ՝ առնչվող ամբողջ տարածաշրջանին։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղոդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ադրբեջանն ունի մի կախարդական փայտիկ. երբ այնտեղ վարչակազմի մոտ վիճակը սրվում է, և ժողովուրդն ալիևյան վարչակազմին հարց է տալիս, թե ինչո՞ւ, օրինակ, խմելու ջուր չունեն, դուրս է գալիս փողոց, այդ ժամանակ վարչակազմը միանգամից այդ կախարդական կոճակը սեղմում է՝ շեղում քաղաքացիների ուշադրությունը իրական խնդիրներից և ուղղորդում խնդիրը՝ սահման և մենք այդ լարվածությանն ականատես եղանք։ Հաջորդ խնդիրը կապված է Թուրքիայի հետ. Ադրբեջանը վերջին տարիներին առաջին անգամ օգտագործեց ծանր հրետանի, և դա նշանակում է, որ բավականին լուրջ էր տրամադրված, իսկ դա նշանակում է, որ խրախուսվել է Թուրքիայի կողմից»,- ասաց Աբովյանը։

Ըստ պատգամավորի՝ Թուրքիան իր համար լուծում է տարածաշրջանային շատ կարևոր խնդիր՝ հասկանում է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, շատ լավ գիտի, որ հենց լարվածություն առաջանա, մեր դաշնակից Ռուսաստանը խառնվելու է։

«Մյուս կողմից՝ Թուրքիան հաշվարկել էր, որ ՌԴ-ին այս տարածաշրջանում լարվածություն հիմա պետք չէ, ուստի փորձեց լարվածություն հրահրել մեր սահմաններին և նպատակ դրեց լարվածություն ստեղծել, որ ստանա լրացուցիչ խաղաքարտ՝ լիբիական ուղղության համար, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան պաշտպանում են տարբեր քաղաքական բևեռների։ Թուրքիան հիմա ակտիվ ռազմական բանակցությունների մեջ է ներգրավված ռուսների հետ և համոզված էր, որ այս սադրանքով քողարկված իր համար բավական լուրջ խաղաքարտ ձեռք կբերի։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմաններին, խոշոր հաշվով, մեր և Ադրբեջանի միջև կռիվն է, մենք պատերազմի մեջ ենք, և մեր թշնամիների հիմնական նպատակն է հայկական տարրի դուրսմղումն այս տարածքից և պանթուրքական ծրագրի իրականացումը։ Եթե Թուրքիան և Ադրբեջանն ուզում են միավորվեն, նրանք պետք է արանքից վերացնեն Հայաստանին»,- ասաց Արման Աբովյանը՝շեշտելով, որ Հայաստանի համար հավասարազոր վտանգ են ներկայացնում և Ադրբեջանը, և Թուրքիան, հետևաբար՝ սխալ է այս երկու պետությունների միջև այս հարցում համեմատություններ անելը։

Անդրադառնալով երեկ Մինսկում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական նիստին, դրան ՀՀ վարչապետի մասնակցությանը՝ Աբովյանը նշեց՝ շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա բոլոր հարթակներն օգտագործել երկրի սահմաններին տեղի ունեցած մարտկան գործողությունների մասին բարձրաձայնելու համար, ինչն էլ արեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթին, որի ընթացքում Փաշինյանը շեշտեց, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին, և դա դեռ պետք է հասկանալ՝ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված, Արման Աբովյանն ասաց.

«Վարչապետը երկրի անունը չտվեց, դիվանագիտական լեզվով խոսեց, և կարծում եմ՝ բոլորն էլ շատ լավ հասկացան։ Ավելին, եկեք նայենք Ռուսաստանի գործողություններին՝ ռուսական բանակը զորավարժություններ է սկսել, և այդ զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը, այնպես որ, պետք չէ շատ սևեռվել բառերի վրա»,- ասաց Աբովյանը։

Ըստ Աբովյանի, թեև վերջին օրերին պահպանվում է որոշակի հրադադար, սակայն Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի սատելիտ, լարվածություն հրահրելուց չի հրաժարվի։

«Ցավոք, առայժմ ամեն ինչ ավարտված չէ, և Ադրբեջանը կանգ չի առնելու սադրանքների մասով։ Լայնածավալ պատերազմ, իհարկե, չի լինի, որովհետև դա նախևառաջ նշանակում է՝ Ռուսաստանի ներգրավվածություն։ Մենք պետք է առաջնորդվենք հետևյալ գաղափարով՝ մեկ վայրկյան հետո կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել, պետք է դրան պատրաստ լինենք, որ այն չլինի. որքան պատրաստ կլինենք կատաղի պատերազմի, այնքան այդ պատերազմի վտանգը կնվազի, որքան մենք մեզ խաբենք, որ աշխարհը մեզ կօգնի, այնքան այդ պատերազմը տեղի կունենա. միջազգային հանրությունը լավ էլ թույլ կտա. տեսեք՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում ինչպես թույլ տվեց»,- ասաց Աբովյանը։

Խոսելով մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին մասին՝ Արման Աբովյանը նշեց, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առումով Ռուսաստանն ունի ազդեցության իրական լծակներ՝ ազդելու Ադրբեջանի և Հայաստանի վրա.

«Ռուսաստանի համար կրիտիկական կարևորություն է ներկայացնում Հայաստանը, և հակառակը։ Եթե մի կողմ թողնենք ակնհայտ փաստը, որ եղբայրական ժողովուրդներ ենք, պետք է հիշենք, որ Ռուսաստանն ու Հայաստանը նույն պլատֆորմի վրա են կանգնած. երկուսի համար կենաց-մահու խնդիր է այդ պանթուրքական ծրագիրը։ Այնպես որ, մենք ունենք ընդհանուր անվտանգային խնդիր»:

Անդրադառնալով ադրբեջանական գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքին՝ ԱԺ պատգամավորն ասաց, որ Ադրբեջանը չստացավ այն աջակցությունը, որն ակնկալում էր սահմանին գոծողություններ սկսելուց առաջ, որովհետև այդ նույն միջազզգային հանրությունը շատ հստակ շեշտեց՝ կռիվ չպետք է լինի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս