Բնակարանից զարդեր էին գողացել
Հունիսի 16-ին ոստիկանություն զանգած Կոմիտասի պողոտայի բնակիչներից մեկը հայտնել էր, որ ժամը 13.50-ից 18.20-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են բնակարանի մուտքի դուռը և գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր, իրականացրեց անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար։
Տուժողից ընդունվեց հաղորդում, հարուցվեց քրեական գործ։
Իրավապահներին թեև չհաջողվեց հանցագործությունը բացահայտել «տաք հետքերով», այդուհանդերձ միջոցառումները շարունակվեցին և արդյունք տվեցին շուրջ մեկ ամիս անց։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, պարզեցին, որ գողությունը կատարել են Բանավան գյուղի 37-ամյա և Երևանի 44-ամյա բնակիչներ։ Նրանք հուլիսի 13-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին, ներկայացվեցին քննչական բաժին և ձերբակալվեցին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: